2017թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների հետ:
Հանդիպումներին ներկա էին ֆակուլտետների դեկանները, մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները, տնօրենի օգնականը, Ուսանողական խորհրդի նախագահը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի, ուսանողների առաջադիմության ու կարգապահության, նրանց վարվեցողության, տարբեր խնդիրների մասին հարցեր:
Տնօրենը հանդիպումների մասնակիցներին ներկայացրեց 2017թ. կրթական ծրագրերում կատարվելիք փոփոխությունները՝ կապված ուսանողների ուսումնական բեռնվածության և կրթական ծրագրերի աշխատածավալի, գիտելիքների ստուգման և գնահատման, պրակտիկայի, ընդհանրապես ուսումնական գործընթացի կազմակերպման հետ:
Մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 8 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ, 7 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:
Ըստ գնահատման ձևի՝ դասընթացները բաժանվում են 4 խմբի՝ ա) եզրափակիչ գնահատումով, բ) առանց եզրափակիչ գնահատման, գ) առանց ընթացիկ գնահատման, դ) ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում, քննաշրջանի ընթացքում անցկացվող եզրափակիչ քննությունից բացի, նախատեսվում է 2 ընթացիկ քննություն։
Ընթացիկ և եզրափակիչ քննություններն անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ելնելով դասընթացի դասավանդման և ուսումնառության ձևերից, ինչպես նաև ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից։ Քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) նշվում է կրթական ծրագրի մասնագրում։
Եզրափակիչ գնահատումով դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը ձևավորվում է կիսամյակի ընթացքում՝ ըստ հետևյալ բաղադրամասերի՝
ա) ուսուցանվող նյութի` ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 5 միավոր,
բ) եզրափակիչ քննության արդյունքից, որը կարող է գնահատվել առավելագույնը 10 միավոր։
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամյակի ընթացքում ուսումնական նյութի յուրացման աստիճանը որոշող 2 ընթացիկ քննությունների արդյունքներով։ Առանց եզրափակիչ գնահատման դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը ձևավորվում է կիսամյակի ընթացքում՝ ուսուցանվող նյութի` ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ քննությունների արդյունքներից, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 10 միավոր: Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման` առանձին ընթացիկ քննություններից վաստակած միավորների գումար:
Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսարանային բեռնվածություն:
Առանց ընթացիկ գնահատման (միայն եզրափակիչ քննությամբ) և առանց եզրափակիչ գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները:
Ստուգարքային կարող են լինել բակալավրիատի ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացները, մագիստրատուրայի ընդհանուր դասընթացները, ինչպես նաև մագիստրատուրայի «Մասնագիտության արդի հիմնախնդիրները» մասնագիտական դասընթացը:
Ուսանողները տնօրենին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան դրանց պատասխանները:
Հանդիպումների վերջում ելույթ ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ ուսանողների անունից շնորհակալություն հայտնելով տնօրենին կազմակերպված հանդիպումների համար, համոզմունք հայտնեց, որ հանդիպումները բարոյակրթող ազդեցություն կունենան ուսանողների վրա, կնպաստեն նրանց լիարժեք ինքնադրսևորմանը, ուսանողական նախաձեռնություններում ու տարբեր ծրագրերում նրանց ակտիվ ներգրավմանը: