2016թ. նոյեմբերի 17-ին «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում «Ոչ գծային հավասարումների լուծումը» թեմայով զեկուցում կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետի ուսանողուհիներ Եվա Ավետիսյանը, Արուս Փարսադանյանը և Գեղեցիկ Գրիգորյանը:
Զեկուցման ղեկավարն էր Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Զեկուցողները սկզբում հիմնավորեցին ընտրված թեմայի արդիականությունը, ընդգծեցին հավասարման արմատները գտնելու մոտավոր մեթոդների կարևորությունը:
Գեղեցիկ Գրիգորյանը ներկայացրեց միջակայքերի կիսման մեթոդը: Նա մեկնաբանեց, թե քանի քայլ պետք է կատարել արմատի մոտավոր արժեքը տրված ճշտությամբ ստանալու համար, նշեց միջակայքերի կիսման մեթոդի այն առանձնահատկության մասին, որ հաշվումների ընթացքում օգտագործվում են ոչ թե ֆունկցիայի արժեքը, այլ այդ արժեքի նշանը: Զեկուցողը դիտարկեց 6-րդ կարգի բազմանդամը, ներկայացրեց նրա գրաֆիկը, որ կոչվում է «Ռայսի մորուք», ընդգծեց, որ հաշվումների ընթացքում ստացվում են բացասական արժեքներ:
Եվա Ավետիսյանը ներկայացրեց «Պարզ իտերացիայի» մեթոդը: Նախ` նա շնորհանդեսի միջոցով իտերացիան մեկնաբանեց տարբեր բնագավառներում կիրառական գործընթացներով:
Ապա ներկայացրեց իր կազմած ծրագիրը, որ, ներմուծելով իտերացիաների քանակը, արտածում էր եռանկյունների քանակի թվային հաջորդականությունը: Այնուհետև մեկնաբանեց ոչ գծային հավասարման համար հաջորդական մոտարկումների ընթացքը: Քննարկեց մեթոդի զուգամիտության հարցը:
Արուս Փարսադանյանի զեկուցումը վերաբերում էր Հորների ալգորիթմին: Նա մեկնաբանեց Հորների սխեման, այնուհետև ներկայացրեց C++ լեզվով իր գրած ծրագիրը, որը հաշվում է բազմանդամի արժեքը` ներմուծված n-ի, x-ի և գործակիցների համար:
Զեկուցողների և ներկաների մասնակցությամբ վերջում ծավալվեց ակտիվ քննարկում: