2017թ. ապրիլի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից «Հարազատ կրթօջա՛խ իմ՝ ԵՊՀ ԻՄ», «Բարություն», «Զրույց զինվորի հետ» թեմաներով մարտին հայտարարված էսսեների համահամալսարանական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Համոզված էինք, որ մեր ուսանողներին կներշնչեն այս թեմաները, և կներկայացվեն լավ աշխատանքներ: Չսխալվեցինք: Ահա մեր սեղանին են դրված աշխատանքներ՝ երեք թեմաներով: Ուրախացնողն այն էր, որ էսսեները սրտի խոսքեր էին` գրված անկեղծ ու անմիջական զգացումներով, ինքնուրույն էին և անգամ հուզական: Ներկայացվել էին և՛ չափածո, և՛ արձակ շարադրանքներ, որոնք ամբիոնում քննարկելուց հետո ընտրվեցին մրցանակային տեղերի ու խրախուսանքի արժանի լավագույն աշխատանքները»:
Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությունը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը, նրանց ունեցած ուսուցողական ու դաստիարակչական մեծ նշանակությունը, այնուհետև մրցանակային տեղեր գրաված ուսանողներին պարգևատրեց պատվոգրերով ու նվերներով:
Էսսեների համահամալսարանական մրցույթում առաջին մրցանակի էր արժանացել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանի էսսեն՝ «Նամակ զինվորին» թեմայով:
Երկրորդ մրցանակի էր արժանացել «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանի՝ մեր կրթօջախին նվիրված ջերմ ու սրտաբուխ աշխատանքը:
Երրորդ մրցանակային տեղ էր գրավել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Բեգլարյանի էսսեն, որի մեջ սահմանամերձ գոտում կատարված իրադարձությունների ֆոնի վրա ներկայացվում է թշնամու հրազենից ծանր վիրավոր իր պապիկի հանդեպ համագյուղացիների ցուցաբերած բարեսրտության ու մարդասիրության մասին:
Ներկայացված բոլոր աշխատանքների մեջ կային արձակ և չափածո ուշագրավ հատվածներ, ջերմ ու սիրառատ տողեր` ուղղված հայ զինվորներին, մեր կրթօջախին, որոնցից խրախուսանքի արժանացան հետևյալ աշխատանքները.
- «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռաֆիկ Մինասյանի «Նամակ զինվորին» թեմայով էսսեն,
- «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Իննա Մկրտումյանի «Բարություն» թեմայով աշխատանքը,
- «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանի «Նամակ զինվորին» թեմայով էսսեն:
Վերջում ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը՝ իրենց անկեղծ, անմիջական, ստեղծագործական մեծ ներշնչանքով գրված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին, կարևորելով այդպիսի մրցույթների դերը հատկապես ստեղծագործ ուսանողների բացահայտման, նրանց ինքնադրսևորման իմաստով և համոզմունք արտահայտելով, որ ամբիոնի կողմից նման նախաձեռնությունները կլինեն հաճախական: