Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը

DSCN8339

 2019թ. մայիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Իրենա Քալանթարյանը:

Ի.Քալանթարյանը շուրջ տասը տարի զբաղվում է Իջևանի տա­րա­ծա­շրջա­նի «Գետահովիտ-2» քարանձավի ուսումնասի­րությամբ, ղեկա­վարում հնագիտական արշավախումբը: Նա երկու տարի մարզում եղել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի համաղեկավար, որն իրականացրել է հուշարձանների հայտնաբերմանն ուղղված տեղազննական աշխատանքներ:  

ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված դաս-քննարկումը նպատակ ուներ բուհի ուսանողներին ներկայացնել, նրանց իրազեկել մարզում կատարվող հնագիտական աշխատանքների արդյունքների, գիտական աշխարհում նոր ձեռք­բե­րում­­ների վերաբերյալ:

Ի.Քալանթարյանը նախ անդրադարձավ մարզում հնագիտական ժառանգության ուսումնասիրման գործում կարևոր դերակատարություն ունեցած երախտավորներին, ապա շնորհանդեսի ուղեկցությամբ մանրամասն խոսեց «Գե­տա­հովիտ-2» քարանձավի և Դիլիջանի տարածաշրջանում գտնվող Հովքի դամ­բարա­նա­դաշտի մասին: Նա ներկայացրեց դրանց ուսումնասիրվածության աստիճանը, կարևորությունը, հուշարձանների առանձնահատկությունները, արդի խնդիրները, հայտ­նաբերված հնագիտական նյութի կարևորությունը, գիտության մեջ առաջադրվող խնդիրները, ուսումնասիրության անհրաժեշտությունը, օգտագործման հեռանկարները:

Քն­նարկ­վեցին մարզում կատարվելիք հնագիտական աշխա­տանք­ներին, պրակտիկայի շրջանակներում մասնաճյուղի ուսա­նողներին դրանց մաս­նա­կից դարձ­նելու հնարավորություններին, մարզում զբոսաշրջութ­յունը զար­գաց­նելու գործում հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրանց կարևորությանը վերաբերող հարցեր: Իր կողմից մշակված՝ հնագիտական հուշարձան-զբոսաշրջության այցելավայր  համակարգի քննարկումն ու դրա կարևորությունը թերևս զեկուցման ամենաշեշտադրված հատվածներն էին:

Վերջում Իրենա Քալանթարյանը և քննարկման մասնակիցներն անդրա­դարձան մարզում հնագիտական ժառանգության նկատմամբ ժամանակակից սերնդի հետաքրքրվածությանը, վարքագծի՝ առավել հաճախ հանդիպող դրսևորումներին և նմանատիպ այլ հարցերի: