Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական կենտրոնի մեկնարկը

DSCN8330

 2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  հոգեբանական կենտրոն բացվելու կապակցությամբ տեղի ունեցավ «Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» թեմայով սեմինար-թրեյնինգ, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մկոյանը, ով «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր ղեկավարն է, ունի պրակտիկ հոգեբանի և թրեյնինգներ վարելու յոթ տարվա փորձառություն, անցկացրել է թրեյնինգներ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:

Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը, ինչպես է այն ազդում մարդկանց կյանքի, ուսման և աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես զարգացնել EQ-ն, ինչու են հույզերը հաճախ խոչընդոտում նպատակին հասնելու ճանապարհին:

Սեմինարի մասնակիցներին բացատրվեցին էմոցիաներն արդյունավետ օգտագործելու 4 կարևոր հմտությունները.

  1. Հստակ ընկալել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:
  2. Օգտագործել էմոցիաները խնդիրները լուծելու համար:
  3. Հասկանալ էմոցիաների պատճառները:
  4. Կառավարել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:

Թրեյնինգն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ուղեկցվելով հոգեբանական խաղ-վարժությունով:

Մասնակիցները նաև իմացան սեփական էմոցիաները ճանաչելու և կառավարելու մի շարք հնարքներ:

«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում ազդարարվեց նորաբաց հոգեբանական կենտրոնի գործունեության մեկնարկը: