2017թ. հունիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հերթական հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Ուսումնամեթոդական վարչության, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, ՄԿԾ-ների պատասխանատուները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխմանը վերաբերող հարցեր:
Հայտնի է, որ ԵՊՀ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման պլանի համաձայն՝ վերանայվել-վերափոխվել են մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը սահմանող նորմատիվ փաստաթղթերը (առկա և հեռակա ուսուցման համակարգերի համար):
Ըստ այդմ՝ Գ.Հովհաննիսյանը ներկայացրեց և մեկնաբանեց Բակալավրի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից գործածության մեջ մտնող կարգում փոփոխության ենթարկված հիմնական դրույթները:
Մասնավորապես նշվեց, որ ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շաբաթյա տևողություն, որը բաշխվում է հետևյալ հերթականությամբ. 8 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ, 7 շաբաթ լսարանային պարապմունքներ, 1 շաբաթ ընթացիկ քննություններ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:
Մանկավարժի որակավորում ստանալու համար համապատասխան մասնագիտությունների ուսանողները լրացուցիչ պետք է կուտակեն 30 կրեդիտ:
Ներկայացվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում, քննաշրջանի ընթացքում անցկացվող եզրափակիչ քննությունից բացի, նախատեսվում է 2 ընթացիկ քննություն /5+5+10=20/: Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով միայն այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսարանային բեռնվածություն:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամյակի ընթացքում ուսումնական նյութի յուրացման աստիճանը որոշող 2 ընթացիկ քննությունների արդյունքներով /10+10/:
Առանց ընթացիկ գնահատման (միայն եզրափակիչ քննությամբ) և առանց եզրափակիչ գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները:
Ստուգարքային կարող են լինել բակալավրիատի ընդհանուր կրթական կառուցամասի դասընթացները:
Ընդգծվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի՝ 8-ի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի եզրափակիչ քննությունը` վերջինիս համար սահմանված 10 միավորի ձեռքբերման հնարավորությամբ:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում ընթացիկ քննությունները պետք է վերահանձնի առանձին-առանձին (իր ցանկությամբ՝ մեկը կամ երկուսը) և կարող է վաստակել 8 և ավելի միավոր:
Առանց ընթացիկ գնահատման դասընթացի գնահատման արդյունարար դրական նվազագույն միավորի շեմը չապահոված ուսանողն ակադեմիական պարտքերի մարման շրջանում պետք է վերահանձնի ամբողջ դասընթացը և կարող է վաստակել 8 և ավելի միավոր:
Հատկանշվեց, որ ԵՊՀ կրթական ծրագրերում առանձին դասընթացներ, ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի արտոնությամբ, կարող են կազմակերպվել առցանց եղանակով:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կրթական ծրագրերի պատասխանատուները պարոն Մակարյանի ու պարոն Հովհաննիսյանի կողմից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և արտահայտեցին իրենց տեսակետները: