Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդեսում Տավուշի մարզը իրենց աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները և ուսանողները

1. Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ Երևանում կայացած ցուցահանդես-վաճառքում Տավուշի մարզի տաղավարը իրենց համատեղ աշխատանքներով ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները:

Ցուցահանդեսին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնատար Ա.Մարգարյանը, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչ Լ.Ֆլջյանը, ամբիոնի ասիստենտներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, Գ.Ջավրուշյանը:

Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը կազմում էր Հայաստանում սեպտեմբերի 20-22-ը արդեն 15-րդ անգամ անցկացվող «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության մասը: Վերջինս մի քանի նպատակ է հետապնդում. միավորել բիզնեսն ու մշակույթը, թույլ տալ հայրենական և արտասահմանյան ապրանք արտադրողներին, ծառայություններ մատուցող ընկերություններին հանդիպել մեկ վայրում, իրենց փորձը փոխանակել և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը, մշակել օրենսդրական կարգավորումներ Հայաստանի ներդրումային և արտահանումային ծրագրերն ավելի դյուրին դարձնելու համար, տալ հնարավորություն սկսնակներին ներկայանելու սպառողին և դուրս գալ նոր հարթակ, աջակցել երկրի տնտեսական և հասարակական կյանքի զարգացմանը:  

Սեպտեմբերի 20-ին կայացել է  համաժողով, որին մասնակցել են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, նախարարներ, ՀՀ-ում գործող դեսպանատները, դեսպանության ներկայացուցիչները, միջազգային կառույցները, տեղական ընկերությունները, 30 երկրից ժամանած օտարերկրյա գործարարներ, պետական կառույցների ներկայացուցիչներ՝ Հնդկաստանից, Չինաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Վրաստանից և այլ երկրներից: 

 Սեպտեմբերի 21-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառքի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ընկերությունները բացօթյա տաղավարներում ներկայացրին իրենց արտադրանքները և ծառայությունները:

Տավուշի մարզը ներկայացնող տաղավարում ցուցադրված էին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գունեղ, բազմաոճ աշխատանքները (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, կերամիկա և այլն), դասախոսներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանների “Chibukhchyans’” բրենդի յուրատեսակ ապրանքներ (վիտրաժ, կարպետ, տպագրություն, բատիկա, ասեղնագործություն և այլն), որոնք արժանացան ցուցահանդեսի այցելուների ուշադրությանն ու հավանությանը:

Հայ և արտասահմանցի հյուրերին տպավորել էին ոչ միայն ցուցադրված աշխատանքները, այլև դրանց մտահղացման, տեխնիկական հմտությունների և այլնի վերաբերյալ մասնակիցների ներկայացրած տեղեկատվությունը: