Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը մասնաճյուղ

1. գլխավոր

 2023թ. մարտի 24-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը:

Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկումից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետարանի մի շարք աշխատակիցների, Իջևան և Դիլիջան քաղաքների համայնքապետների ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Բարձրաստիճան հյուրի նախորդ այցը մասնաճյուղ տեղի էր ունեցել 2 տարի առաջ՝ 2021 թվականին, և Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը դիտելու ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ռուս դիվանագետին և մարզի ղեկավարությանը համառոտ ներկայացրեց վերջին երկու տարում մասնաճյուղի ձեռքբերումները, իրականացված բարեփոխումները, տարածաշրջանում նրա ունեցած կրթական և գիտամշակութային դերի ամրապնդումը հավաստող փաստեր:

Մասնավորապես` անդրադարձ կատարվեց բուհում արդեն չորրորդ տարին հաջողությամբ իրականացվող «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրին, որի լավագույն վկայությունն են ուսանողների թվաքանակի աճը, նրանց գրանցած հաջողությունները, գիտական և այլ միջոցառումներում ունեցած հաղթանակները:

Հյուրերն այցելեցին նաև 2018թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացված Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որը 2020թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ: Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է:

Կենտրոնի ղեկավար, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում պարբերաբար իրականացվող, ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումների, գիտական ընթերցումների, ցուցադրությունների և այլ նախաձեռնությունների մասին:

Ուսանողների հետ հանդիպման վերջում «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան կողմից ստացան նվերներ՝ գեղարվեստական գրականության տեսքով: Պարոն Մակարյանն էլ մասնաճյուղի անունից ՀՀ-ում ՌԴ դեսպանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողի աշխատանքը՝ «Հույսի առագաստ» վերնագրով գոբելենը:

Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակության հանդիպումը մասնաճյուղում ավարտվեց ջերմ տպավորություններով, կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխգործացության ծրագրերի խորացման և զարգացման ակնկալիքով:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2023թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

1. գլխավոր. IMG_1379  2023թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը և մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երկրորդ տարվա շրջանավարտներին և հղեցին իրենց բարեմաղթանքները:

Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսումնառության տարիները մարդու՝ որպես անհատի և մասնագետի ձևավորման ու զարգացման համար կարևորագույն շրջան են: Եվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ողջ անձնակազմով ջանք ու եռանդ չի խնայել, որ այդ տարիները լինեն հնարավորինս հագեցած, որակյալ կրթության ձեռքբերման, մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման տարիներ:

Պարոն Մակարյանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական մեծ ձեռքբերումներ և հաջողություններ, անձնական երջանկություն, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու կամք, նպատակասլացություն, բարի երթ և կանաչ ճանապարհ:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2022-2023 ուստարվա 13 շրջանավարտներից 6-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

 

Մեր ուսանողը՝ սամբոյի և ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիր

Дизайн без названия (1) 

   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Գրիգոր Բեկնազարյանը կրկին դարձել է Հայաստանի սամբոյի առաջնության չեմպիոն:2023թ. փետրվարի 7-ին Երևանում կայացած ՀՀ 2023թ. ձյուդոյի երիտասարդների առաջնությունում 100 կգ մրցանակային կարգում գրավել է մրցանակային առաջին տեղը:

Ս.թ. մարտի 7-ին «Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի սամբոյի երիտասարդների առաջնության 98 կգ քաշային կարգում ևս գրավել է 1-ին մրցանակային տեղը:

Հպարտությամբ փաստենք, որ Գրիգոր Բեկնազարյանն արդեն 5-րդ անգամ է դառնում ՀՀ սամբոյի առաջնության չեմպիոն և հավաքականի կազմում այս տարի մասնակցելու է աշխարհի և Եվրոպայի առաջնությանը:

Գրիգորն այս պահին աշխարհի 2-րդ և Եվրոպայի 3-րդ մրցանանակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի կողմից սիրով շնորհավորում ենք մեր ուսանող Գրիգոր Բեկնազարյանին՝ մաղթելով այս անգամ աշխարհի չեմպիոնական տիտղոսի նվաճում:

Շնորհավո՜ր Մարտի 8

Մարտի 8-ի նորութ. նկարը

 

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ, ցանկանում ենք գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, խաղաղ երկինք, անսպառ սեր, երջանկություն, բերկրանք, ամենալավն ու բարին:

Թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված, գարնան ծաղիկների պես նուրբ ու հմայիչ, «քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով» ժպտաք և սիրով ու գեղեցկությամբ ողողեք աշխարհը…

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը  նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ–դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ–ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

Կայացավ կանանց տոնին նվիրված վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը

1. գլխավոր

2023թ. մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային (աղջիկների)  առաջնություն՝ նվիրված կանանց տոնին:

Առաջնությանը մասնակցում էին չորս՝ Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների հավաքական թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը մրցեց Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Նույն՝ 2:0 հաշվով Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմին:

Եզրափակիչում հանդիպեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների հավաքական թիմերը:

Գեղեցիկ և համառ պայքարում հաղթեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմի աղջիկները:

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերը (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետների) տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով: