Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավոր 2023թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային ութ հարցերով:

Առաջին հարցի մասին զեկուցեց Վ.Աղաբաբյանը՝ մասնավորապես նշելով, որ ս.թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացրել է ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը: Օլիմպիադան անցկացվել է հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա և լրացուցիչ կրթական առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն: Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 183 աշակերտ (68 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 30-ը՝ մաթեմատիկա, 23-ը՝ հայոց պատմություն, 21-ը՝ անգլերեն, 15-ը՝ կենսաբանություն, 9-ը՝ ռուսաց լեզու, 7-ը՝ քիմիա, 5-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն, 1-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ գերմաներեն):

Ներկայացնելով օլիմպիադայի 1-ին փուլի արդյունքները՝ զեկուցողը նշեց, որ 183 մասնակիցներից առաջին փուլը հաղթահարել է 35 աշակերտ (14 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 1-ը՝ մաթեմատիկա, 3-ը՝ հայոց պատմություն, 3-ը՝ անգլերեն, 4-ը՝ ռուսաց լեզու, 3-ը՝ քիմիա, 4-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն): Բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների քանակով առանձնանում է Դիլիջանի ավագ դպրոցը (12 աշակետ անցել է 2-րդ փուլ):

Իբրև ամփոփում՝ նշվեց, որ ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը մասնաճյուղը կազմակերպել է պատշաճ կերպով և բարձր մակարդակով, որի կապակցությամբ բուհի ղեկավարությունը շնորհակալություն ու գոհունակություն հայտնեց օլիմպիադայի բոլոր կազմակերպիչներին ու պատասխանատուներին:

Երկրորդ հարցի՝ դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը՝ ըստ կուրսերի ներկայացնելով այս պահի դրությամբ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման դասապրոցեսին ուսանողների հաճախելիության պատկերը: Նշվեց, որ թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում կան ուսանողներ, ովքեր հատել են բացակայությունների թույլատրելի սահմանը և ստացել են նկատողություն իրենց դեկանատի կամ խիստ նկատողություն տնօրենության կողմից:   

2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակը գնահատվեց բավարար:

Ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչո­ղա­կան այցեր  մասնաճյուղ կազմակերպելու, ԵՊՀ ԻՄ-ի հետ պայմանա­գրա­յին հիմունքներով համա­գոր­ծակ­ցող ավագ դպրոցների և քոլեջների  շրջա­նակն  ընդլայնելու, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին հանրակրթական ուսումնական հա­ս­­­տա­տու­թյուններում առավելագույնս ներգրավելու հարցերի մասին զեկուցեց Լ.Բեգինյանը:

Նա մասնավորապես նշեց, որ «Բաց դռների օրեր» կազմակերպելու վերաբերյալ կատարվել են քննարկումներ Բնական գիտութ­յունների ֆակուլտետում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Տնտեսագիտության ֆակուլտետ­ում  «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի շրջանակներում, ըստ որոնց՝ նախատեսվել է երկրորդ կիսամյակում (մինչև մայիսի 20-ը) ունենալ երկու «Բաց դռների օրեր»:

Ներկայացվեց, որ 2022-2023 ուստարվա ընթացքում ունեցել ենք տարբեր դպրոցների կողմից ճանաչողական այցեր համալսարան:

ԵՊՀ ԻՄ-ի հետ պայ­մա­նա­գրա­յին հիմունքներով համա­գոր­ծակ­ցող ավագ դպրոցների և քոլեջների  շրջա­նակն  ընդլայնելու մասին նշվեց, որ մասնաճյուղը համագործակցության պայմանագրեր ունի Տավուշի մարզում գործող Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ավագ դպրոցների հետ: Պայմանագրերը կնքված են 25 տարով և գործելու են մինչև 2036 թվականը: Մասնաճյուղի հետ համագործակցող ավագ դպրոցների շրջանակն ընդլայնելու հարցում վերանայվել են վերջին հինգ տարիների դիմորդների տվյալները, որոնց շնորհիվ մասնաճյուղը դիմորդներ է ունեցել Ճամբարակի ավագ դպրոցից և Երևանի տարբեր (N118, N127, N190) ավագ դպրոցներից:

Պետական քոլեջներից մասնաճյուղում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված՝ նշվեց, որ անորոշ ժամկետով համագործակցության պայմանագրեր ունենք մարզի չորս՝ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի պետական քոլեջների հետ: Մասնաճյուղի հետ համագործակցող քոլեջների շրջանակն ընդլայնելու համար վերանայվել է վերջին հինգ տարվա տվյալների համաձայն կրթության շարունակության համար մասնաճյուղ դիմած քոլեջների շրջանավարտների շրջանակը (Դիլիջանի պետական բժշկական քոլեջ, Դիլիջանի արվեստի պետական քոլեջ, Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանի քոլեջ, Արարատի պետական քոլեջ, Հրազդանի պետական քոլեջ, Աբովյանի պետական քոլեջ, Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ, Երևանի հենակետային բժշկական քոլեջ):

ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին հանրակրթական ուսումնական հաստատու­թյուններում՝ ակ­նար­կային և բովան­դակային դասախոսությունների,  թեմատիկ քննարկում­ների կազ­մա­կերպ­ման գոր­ծում առավելագույնս ներգրավելու մասին նշվեց, որ բաժնի կողմից դպրոցներ կազմակերպված այցելությունների ժամանակ (46 դպրոցում կատարվել են քննարկումներ) ներկայացվել է, որ մասնաճյուղը պատրաստ է աջակցել դպրոցներին առարկայական թեմաների քննարկումներ կատարելու հարցում: Մասնաճյուղի աջակցությանը դիմել են Իջևանի վարժարանից (նախագծային աշխատանքի շրջանակներում): Այժմ Ուսումնամեթոդական վարչության կողմից ամբիոններին իջեցվել է շրջաբերական՝ մինչև ապրիլի 20-ը ներկայացնելու թեմաներ, որպեսզի գործընթացը դպրոցներում մինչև մայիսի 15-ն իրականացվի:

Տնօրենը նշեց, որ ինչպես այլ, այնպես էլ մասնագիտական կողմնորոշման հետ կապված գործընթացներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հստակ պլանավորում և ըստ ժամանակացույցի՝ հետևողական լինել դրանց իրականացմանը:

Դասախոսների և ուսանողների (կրթական և այլ) կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման հարցերի վերաբերյալ զեկուցեց Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարում ՄԿՈԱ բաժնի կողմից տարբեր մեխանիզմներով վերհանվել էին դասախոսների և ուսանողների մի շարք խնդիրներ և կարիքներ:

Բաժնում այդ խնդիրները տրոհվել են, խմբավորվել ըստ պատասխանատվության և ընթացիկ ուստարվա սկզբին ուղարկվել են բոլոր ստորաբաժանումներին, որոնց հիման վրա ստորաբաժանումները կազմել են ներառված խնդիրների լուծման իրենց ծրագրերը՝ քայլերով, ակնկալիքներով և ժամկետներով ամրագրված:

Այդ խնդիրների պատճառների հստակեցման, դրանց հնարավոր լուծման համար պատասխանատու ստորաբաժանումները կազմակերպել են հանդիպում-քննարկումներ ուսանողների և դասախոսների հետ:

Զեկուցողն անդրադարձավ վերհանված հիմնական խնդիրներին և դրանց լուծման համար իրականացված գործընթացներին, որոնք վերաբերում էին մասնագիտական գրականության համալրմանը և հետազոտությունների իրականացման համար տվյալների ձեռքբերմանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը և գնահատմանը, պրակտիկաների կազմակերպման ձևին, ժամանակահատվածին, տևողությանը և ղեկավարների ընտրությանը, ուսանողների գնահատման բազմագործոն համակարգի արդյունավետության բարձրացմանը, գնահատման օբյեկտիվությանը և թափանցիկության ապահովմանը, ուսանողների և դասախոսների կողմից բարձրաձայնված և լուծումներ ստացած այլ հարցերի:

Օրակարգային վերջին հարցի մասին զեկուցեց Ն.Առուշանյանը՝ ամփոփելով հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի քննաշրջանը (լուծարքային շրջանը ներառյալ):

Ելնելով 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 15 ուսանող հեռացվեց մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Ֆրանսիայում

1. գլխավոր 2023թ. մարտի 28-ից Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հինգ ուսանողուհիներ դասախոսի ուղեկցությամբ երերքշաբաթյա այցով մեկնեցին Վալանս՝ կատարելագործելու մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը՝ մասնակցելով դասընթացների և հանդիպումների, կատարելով ճանաչողական այցեր:

Մարտի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունն այցելեց Գրենոբլի համալսարանի Վալանսի մասնաճյուղ, ծանոթացավ համալսարանի կառուցվածքին, կրթական ծրագրերին և մասնագիտություններին, լսեց Ն.Պիքեյի դասախոսությունը՝ «Ֆրանսիան որպես աշխարհիկ երկիր» թեմայով: Ըստ մշակված ծրագրի՝ խումբը նաև կմասնակցի թարգմանչական դասընթացների (ֆրանսերեն-անգլերեն, անգլերեն- ֆրանսերեն):

Մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը մեր ուսանողները հաճախել են Վալանսի Կամիյ Վեղնե պետական լիցեյ, որը, լինելով կրթական մեծ համալիր, ընդգրկում է քոլեջ, լիցեյ և իրականացնում է նախապատրաստական երկամյա դասընթացներ՝ բարձրագույն դպրոցներ ընդունվելու համար: Ուսանողները մասնակցել են նախապատրաստական 1-ին և 2-րդ կուրսերի դասընթացներին (փիլիսոփայություն, աշխարհաքաղաքական պատմություն, ընդհանուր մշակույթ, անգլերեն և այլն): Մարզում այս լիցեյն առանձնանում է նրանով, որ այլ օտար լեզուներին զուգահեռ (անգլերեն, իտալերեն, գերմաներեն) առաջարկում է հայերենի և ռուսերենի ուսուցում: Մասնագիտություններից կարելի է նշել հետևյալները՝ արվեստ, սպորտ, եվրոպագիտություն, կինո, տնտեսագիտություն, անտիկ մշակույթ, ծրագրավորում և թվային տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և այլն:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը կատարել է նաև ճանաչողական այցեր, մասնավորապես՝ այցելել է Մարսել և Վալանսից հարավ գտնվող Գրիյանի դղյակ, որը հիշատակվում է 11-րդ դարից, և որտեղ 17-րդ դարում բնակվել ու իր հայտնի նամակներն է գրել մարքիզուհի դը Սևինյանը:

Ուսանողներն այցելել են նաև Վալանսի «Դոֆինե Լիբեղե» թերթի խմբագրություն, «Ռադիո Բլյո Դռոմ-Առդեշ» ռադիոտուն:

Ապրիլի 3-ին մասնաճյուղի պատվիրակությունը հյուրընկալվել և ջերմ ընդունելության է արժանացել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղում: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կևին Մարգարյանը, միության անդամները, հյուընկալող ընտալիքները, հովանավորները: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ֆրանս-հայկական դարավոր բարեկամության, Իջևան-Վալանս համագործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերի շուրջ քննարկումներով:

«Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկությունները» թեմայով բանախոսություն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

1. գլխավոր «Իջևանի հասարակական-մշակութային կյանքը առօրեականության համատեքստում 1920-1970-ական թվականներին» թեմայով դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում:

Քննարկման առանցքում Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկություններին նվիրված ուսումնասիրության արդյունքների ամփոփումն ու հանրայնացումն էր, որի ընթացքում բանախոսները ներկայացրին քաղաքային միջավայրի և համակեցության ձևավորման իջևանյան առանձնահատկությունները, խորհրդային և ազգային գաղափարների ազդեցությունը Իջևանի քաղաքային միջավայրի վրա:

Բանախոսներից Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տարիներին Իջևանը փոքր` մոտ 2200 բնակչով գյուղ էր՝ մոտակա գյուղերի կենտրոնը: Խորհրդային առաջին տարիների քաղաքաշինական «շքերթը» Իջևան «չհասավ», բայց հետագայում քաղաքաշինական և ճարտարապետական ոճավորման վրա ունեցավ հստակ ազդեցություն: Մինչև Հայրենական պատերազմը Իջևանում փողոցները խճապատված չէին, միայն «երեսնական թվականներին հիմնված գյուղատնտեսական տեխնիկումի համալիրի շրջապատն էր, որ իջևանցիները քաղաք են անվանել, հավանաբար հաշվի առնելով, որ Իջևանի միակ ասֆալտապատ հատվածն էր և նաև գործում էր ներքին  սանսպասարկման համակարգ»: Ինչպես պատմում են տեղաբնակները` գյուղի գլխավոր փողոցի սալապատման աշխատանքներն իրականացրել են գերմանացի ռազմագերիները հավանաբար 1945-46 թվականներին: Մնացած առումներով Իջևանի քաղաքային կյանքի ցուցիչները շատ քիչ էին` մայրուղու անմխիթար շենք-շինությունները, շուկան, ճաշարանը, «հատակն ու դռները համարյա փտած ունիվերմագը», ծառայողական կենտրոնը` «փայտե երկար պատշգամբներով երկհարկանի շենքով», որտեղ  տեղակայված էին շրջանային իշխանությունները:

Ներկայացվեց, որ արդեն հետպատերազմյա շրջանում սկսեց իր դիմագիծը ձևավորել այժմյան Իջևանը, ինչը պայմանավորված էր նաև հանրապետական իշխանությունների վարած քաղաքականությամբ: Հետպատերազմյան առաջին տարիներին հանրապետության կենտրոնական իշխանությունների նախաձեռնությամբ սկսվեց շրջանային կենտրոնների հատակագծման և զարգացման հեռանկարների որոշակիացման գործընթացը:

1948թ. ճարտարապետներ Հ.Դավթյանի, Պ.Թումանյանի և Պ.Մանուկյանի կողմից կազմվեց Իջևանի առաջին հատակագիծը, որտեղ ամփոփվեցին ուղղահայաց, միմյանց հատվող փողոցների, ճարտարապետական անսամբլային ոճավորման մոտեցումները: Միևնույն ժամանակ հետպատերազմյան շրջանի շինարարությունն իրականցվում էր ոչ միայն լայն մասշտաբայնությամբ, այլև կոնկրետացված հատակագծային հիմքերով` հաշվի առնելով բնակավայրերի զարգացման հեռանկարները: Իջևանի հատակագծման հեղինակները փորձեցին համադրել խորհրդահայ ճարտարապետական մտքի զարգացման արդյունքները:

Բնակչության կրկնակի աճը, արդյունաբերական նոր համալիրների կառուցման հեռանկարները անհրաժեշտություն ստեղծեցին վերանայել քաղաքի՝ 1948թ. հատակագիծը, և 1963թ. պատրաստվեց նոր հատակագիծ 25 հազար բնակիչ ունեցող քաղաքի համար, որը վերանայվեց 1965 թվականին: Նոր նախագծով, որի քննարկմանը մասնակցում էին հանրապետության լավագույն ճարտարապետները, նախատեսվում էր Իջևանը դարձնել շինարարական կենտրոն, արագ իրականացնել քաղաքաշինական ծավալման գործընթացները, ձևավորել նոր թաղամասեր և միկրոշրջաններ: 1960-ական թթ. վերջին խնդիր դրվեց մոնումենտալ տեսք հաղորդել Իջևանի երկու մուտքերին` քաղաքի մշակութային ներկապնակի ձևավորման համար կարևորել խորհրդային և հայկական խորհրդանիշների ամբողջացումը: Եվ այս շրջանում կառուցվեցին մեզ հայտնի ու անհայտ բազմաթիվ շինություններ, որոնք այժմյան Իջևանի քաղաքային կյանքի առանցքն ու հիմնաքարն են:

Կլոր-սեղան քննարկումն ամփոփելով՝ բանախոսները նշեցին, որ հետազոտության արդյունքները տպագրման փուլում են և տպագրությունից հետո կներկայացվեն գիտասեր և իջևանասեր հասարակության դատին:

«Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադային մասնակցած մեր ուսանողներն արժանացան շնորհակալագրերի և պարգևների

1. գլխավոր  2023թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մայր բուհի կողմից ս.թ. մարտի 22-ին իրականացված «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի մեր մասնակիցների շնորհակալագրերի և խրախուսական պարգևների հանձնման արարողությունը, որին մասնակցում էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ. դոցենտ Վ.Ավագյանը և ամբիոնի դասախոսներ:

«Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադան կազմակերպվել էր ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, «Դասական դպրոց» հիմնադրամի և Արարատյան Հայրապետական թեմի համատեղ գործակցությամբ:

Օլիմպիադայի նպատակն էր արժևորել տալ հին հայերենը, նոր սերնդին մոտեցնել ոսկեղենիկ հայերենին:

Անվանակարգերը երկուսն էին (տեքստի՝ աշխարհաբարից գրաբար փոխադրում և «Երկիր Նաիրի Հայաստանս» գրաբարով շարադրություն):

Օլիմպիադային մասնակցում էին ուսանողներ Երևանի պետական համալսարանից, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից, Գևորգյան հոգևոր ճեմարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական համալսարանից և այլ կրթական հաստատություններից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադային մասնակցեցին «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Ռիմա Եգանյանը և Գոհար Վիրաբյանը, ովքեր արժանացան շնորհակալագրերի և խրախուսական պարգևների:

Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը

1. գլխավոր  2023թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան նախատեսված էր անցկացնել հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա և լրացուցիչ կրթական առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն: «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր անցկացնել մեկ փուլով՝ ապրիլի 1-ին:

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի 183 աշակերտ (68 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 30-ը՝ մաթեմատիկա, 23-ը՝ հայոց պատմություն, 21-ը՝ անգլերեն, 15-ը՝ կենսաբանություն, 9-ը՝ ռուսաց լեզու, 7-ը՝ քիմիա, 5-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն, 1-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ գերմաներեն):

ԵՊՀ ԻՄ-ում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը ողջունեց օլիմպիադայի մասնակիցներին, նրանց ներկայացրեց անցկացման կարգը և հաջողություն մաղթեց գիտելիքների այս ստուգատեսում:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ: