Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է. առանց նրա մենք չունենք հրապույր: Առանց մայրենի լեզվի մենք մեռած ենք»

2016թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված դաս, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը:

«Մեր մայրենի լեզուն ազգային վարձն է, ազգային պարտեզի վարդն է. առանց նրա մենք չունենք հրապույր: Առանց մայրենի լեզվի մենք մեռած ենք»

«Մեր ժառանգության մեծագույն գանձի» մասին ներածական խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը՝ հուզական անմիջականությամբ և լեզվական նուրբ զգացողությամբ ներկայացնելով լեզվի անփոխարինելի դերն ու նշանակությունը մարդու կյանքում.

«Ի՞նչ է լեզուն… Լեզուն մեր գոյությունն է, մեր էությունը, մեր մտքերն արտացոլող կախարդական բանալին, մեզ տրված աստվածային պարգևը…

Լեզուն մեր առաջին թոթովանքն է, մեր արտասանած առաջին բառերը, մեր ապրած բոլոր զգացումները…

Լեզուն մեր սերն է, սիրո անուշ շշուկների վերածված մեր առաջին խոստովանությունը, մեր ասված ու չասված թաքուն մտքերը…

Լեզուն մեր կարոտի կանչն է, մեր սպասման թախիծը, հանդիպման երջանկությունը…

Լեզուն մեր ապրած տառապանքն է, մեր ցավի ու հիասթափության արձագանքը, մեր վշտի մորմոքն ու մեր անբառ արցունքները…

Լեզուն մեր սերն է հայրենիքի հանդեպ, մեր բնության հանդեպ, արևի, ծառ ու ծաղկի հանդեպ…

Լեզուն մեր հայացքի խորունկ խորհուրդն է, ասված ու չասված խոսքերը, մեր երազանքը, մեր կյանքը…

Լեզուն հենց մենք ենք…»:

Դասախոսին հաջորդեցին ուսանողները, որոնք հանդես եկան մայրենի լեզուն անաղարտ պահելու կոչով, որ շատ կարևոր է մեր օրերում, երբ հաճախ աղավաղվում, խեղաթյուրվում է մեր մայրենին: Մինչդեռ, ինչպես մեծն Սևակը կասեր, լեզուն որբի գլուխ չէ, որի վրա վարսավիրություն են սովորում…

Ուսանողներին իրենց սրտառուչ խոսքով, գեղարվեստական գրականությունից (չափածո և արձակ) մեջբերված հյութեղ օրինակներով գնահատեցին մայրենին, վերհանեցին նրա՝ որպես ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստի, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմի արժանիքները: