2015թ. դեկտեմբերի 17-ին կայացավ ԵՊՀ գիտխորհրդի` այս տարվա վերջին նիստը:
Օրակարգային ինը հարցերից վերջինը վերաբերում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին:
Տնօրեն Սամվել Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Ս.Առաքելյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու տարում վերանայվել է մասնաճյուղի մասնագիտությունների ցանկը՝ դրանք ավելի համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին:
Համագործակցության հուշագիր է ստորագրվել մարզում գործող քոլեջների, ավագ և հիմնական դպրոցների ու վարժարանների հետ:
«Այս տարի վերջապես հասանք այն արդյունքին, որ դասախոսների 50 տոկոսից ավելին ունեն գիտական կոչումներ»,- ընդգծել է պարոն Առաքելյանը` ավելացնելով, որ մասնաճյուղի դասախոսները, սակայն, քիչ են ներգրավված միջազգային ծրագրերում, և առաջիկայում պետք է ուշադրությունը կենտրոնացնել նաև այդ խնդրի վրա:
Վերջին 1 տարվա ընթացքում տպագրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների հեղինակած 8 մենագրություն, 15 մեթոդական ձեռնարկ և 113 հոդված: