Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ինտելեկտուալ խաղի եզրափակիչը

2013թ. մարտի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ինտելեկտուալ թիմային խաղի եզրափակիչը: Ներկա էին մասնաճյուղի տնօրենը, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:

Խաղին մասնակցում էին «Պատմություն» 4-րդ, «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ և «Կիրառական արվեստ» 3-րդ կուրսերի թիմերը:

Խաղն անցկացվեց 2 փուլով: Երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» 4-րդ և «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» 4-րդ կուրսերի թիմերը: Հաղթող ճանաչվեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

Մասնակից թիմերին տրվեցին շնորհակալագրեր, իսկ հաղթող թիմին՝ պատվոգիր և փոխանցիկ գավաթ, որը կմնա իրենց ֆակուլտետում մինչև հաջորդ խաղը:

Գավաթը  ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սլավիկ Ալավերդյանի նվերն էր մասնաճյուղին և կկոչվի նրա անունով:

Այնուհետև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ԵՊՀ ԻՄ ծրագրային թիմի ղեկավար Արման Եգանյանը և վերջերս կազմակերպված ցուցահանդեսի նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը ցուցահանդես-մրցույթի առաջին 4 տեղերը զբաղեցրած ուսանողներին հանձնեցին 15.000-ական ՀՀ դրամ, որը տրամադրել էր Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Բասկետբոլի դպրոցական առաջնություն

Ս.թ. մարտի 16-19-ը Իջևանի մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլի (աղջիկներ) դպրոցական առաջնություն:

Այն կազմակերպվում է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները (Սլավիկ Ալավերդյան, Հայրապետ Առուստամով, Աննա Ադամյան, Նաթելլա Օրդինյան)՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» ֆինանսավորմամբ:

Առաջնությանը կմասնակցեն Իջևանի դպրոցների 9-10-րդ դասարանների աշակերտուհիներից կազմված թիմերը:

Մարտի 16-ին և 17-ին տեղի կունենան 4-ական խաղեր` ժամը 11:00-ից մինչև 13:00-ն:

Մարտի 19-ին`ժամը 13:00-ին, կկայանա 2 խաղ: Ժամը 14:00-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:

Մուտքն ազատ է:

Կայացավ փետրագնդակի բաց առաջնությունը

2013թ. մարտի 11-14-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին 24 աղջիկ, 10 տղա:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով` պարտվելու դեպքում դուրս մնալու կարգով:

Առաջին տեղը գրավեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին մարզադպրոցի սաներից Աննա Մանուչարյանը և Անի Էդիլյանը:

Տղաների եզրափակիչում հանդիպեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Հայկ Էդիլյանը:

2:0 հաշվով հաղթեց Հայկ Էդիլյանը:

Այս առաջնությունում լավ հանդես եկած ուսանողներից կկազմավորվի հավաքական` մայիսին Հայաստանի Հանրապետության փետրագնդակի առաջնությանը մասնակցելու համար:

Տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ Մարտի 8-ին նվիրված միջոցառում

2013թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Այն նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը` նախագահ Լուիզա Ալեքսանյանի գլխավորությամբ:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասիստենտ Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանը, աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնով ու բարեմաղթանքներով հանդես եկան ֆակուլտետի ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահները:

Ուսանողները ներկայացրին կանանց տոնի վերաբերյալ տեղեկատվություն, բանաստեղծություններ` նվիրված Մարտի 8-ին: Միջոցառումն ուղեկցվեց դասական երաժշտությամբ և սլայդ շոուով:

Վերջում ֆակուլտետի դեկանը, դասախոսները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին` կազմակերպված գեղեցիկ միջոցառման համար:

Մասնաճյուղի ուսանողուհիներին շնորհավորում են զինվորները

2013թ. մարտի 8-ին Իջևանի զորամասի մի խումբ զինվորներ հրամանատարի գլխավորությամբ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Նրանք եղան Հումանիտար գիտությունների ֆակուլտետում, Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեցին ուսանողուհիներին՝ նվիրելով ծաղիկներ:

Ուսանողների և զինվորների առջև ելույթ ունեցան զորամասի հրամանատարը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին բանակի և համալսարանի՝ որպես ռազմական ու մտավոր դարբնոցների դերը ազգապահպանման գործում:

Ապա զինվորականների հետ հանդիպում ունեցավ  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով հրամանատարությանը և զինվորներին՝ այդ նախաձեռնության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծեց բանակի կարևորությունը, համալսարան-զորամաս կապի ամրապնդման նպատակով առաջարկեց, որ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից դասախոսություններ կարդան զինվորների համար: