Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների այցը Նորավանք

            2013թ. մարտի 21-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ: Օգտվելով առիթից՝ մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող տեսարժան վայրերից մեկը՝ Նորավանք:

            Այցելուների համար դա լավ հնարավորություն էր՝ բացահայտելու Հայաստան աշխարհի այդ գողտրիկ վայրերը, տեսնելու նրանց բնական գեղեցկությունը և պատմամշակութային հուշարձանները:

            Ճանապարհին նրանք եղան Արենի գյուղում, համտեսեցին հանրահայտ Արենիի գինին, ինչպես նաև կանգ առան Պարույր Սևակի հուշարձանի մոտ, որը գտնվում է մեծանուն գյուղի  ծննդավայրում:

Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը

Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված քառամսյա «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը:

Ծրագրի նպատակն էր քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել խոսքի ազատության մասին օրենքին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին և դրանց պրակտիկ կիրառությանը:
Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բլոգ-էքսպոյի» միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին:

Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակից ավելի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, որոնք ստեղծել են բլոգներ, կատարել գրառումներ՝ համայնքներում կատարվող իրադարձությունների, հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցներին տրվեցին համապատասխան սերտիֆիկատներ, խրախուսական և դրամական պարգևներ:

ԵՊՀ ԻՄ ուսանողները ևս ձեռնունայն չէին մեկնել: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ծրագրի համակարգող Աննա Մուրադյանին և նվիրեցին մասնաճյուղի ուսանող Շուշան Բաղդասարյանի գեղեցիկ բնանկարներից մեկը: Բացի այդ՝ մեր մասնակիցները պատրաստել էին տեսանյութ իրենց հաջողությունների, ձեռքբերումների և ուսումնառության վերաբերյալ:

Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման

«ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ և համակարգմամբ Երևանում և ՀՀ 5 մարզերում իրականացնում է “Բանավիճում ենք հանուն մարդու իրավունքների զարգացման” ծրագիրը:

Այն ֆինանսավորվում է  Երևանում բրիտանական դեսպանատան կողմից:

2013թ. մարտի 15-ին և 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան մարդու իրավունքների և բանավիճելու հմտությունների վերաբերյալ սեմինարներ: Ներկա էին «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արփինե Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի Իջևանի գրասենյակի ներկայացուցիչներ,   ՄԱԿ-ի ասոցացիայի սեմինարավարներ և կամավորներ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից բացի՝ սեմինարներին մասնակցում էին նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներ:

Առաջին սեմինարի ժամանակ ուսանողները ստացան տեսական գիտելիքներ մարդու իրավունքների և բանավեճի վերաբերյալ, իսկ երկրորդ սեմինարի ժամանակ տեղի ունեցան փորձնական բանավեճեր:

Մարտի 28-ին Երևանում տեղի կունենա հեռուստաբանավեճ, որին կմասնակցեն յուրաքանչյուր մարզից և Երևանից 5-ական առավել ակտիվ ներկայացուցիչներ:

Մրցույթ` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները:

Մրցույթի թեման է` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»:

Մանրամասները` այստեղ

Աղբյուրը` www.edu.am

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Մոսկվայում տեղակայված Էներգետիկայի կայուն զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է չորսշաբաթյա դասընթացներ:

Դասընթացները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 1-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մասնագիտացված հաստատություններում:
Ուսուցման լեզուն անգլերենն է:
Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի երկու թեկնածություն:
Մասնակցության հայտերը պետք է մինչև 2013 թվականի մայիսի 6-ը երկու օրինակից ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ ՅՈԻՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովին փոխանցելու նպատակով:

Աղբյուրը` www.edu.am