Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Նաիրա Փիրումյանի «Տերևը» գրքի քննարկումը

DSCN4869

 

2018թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների և ժամանակակից գրող, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նաիրա Փիրումյանի ու գրականագետ, գրաքննադատ Անի Փաշայանի հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Նաիրա Փիրումյանի «Տերևը» ժողովածուի պատմվածքները:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ. Վ. Ավագյանը:

Զեկուցումներ ներկայացրին, հետաքրքիր և ազդեցիկ ելույթներ ունեցան «ՀԼԳ» մասնագիտության ուսանողները (Լուսինե Մելքումյան, Աննա Դովլաթբեկյան, Մանե Եգանյան, Գոհար Մխիթարյան և ուրիշներ), Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները:   

«Տերևը» ժողովածուի պատմվածքներից մեկի՝ «30 սմ»-ի մասին ինքնատիպ զեկուցումով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ ընդգծելով պատմվածքում հեղինակի պատկերավոր, պարզ ու հստակ լեզուն՝ փիլիսոփայական խորքերով, անպաճույճ պատմելաձևը, ինքնակենսագրական բնույթը, մարդկային հոգու դրամատիկ հույզերով հագեցվածությունը. «Առաջին զգացումը, որ ապրում է ընթերցողը Նաիրա Փիրումյանի պատմվածքների ժողովածուն  ընթերցելիս, պատկերավոր, պարզ ու հստակ լեզուն է՝ փիլիսոփայական խորքերով… Ինքնակենսագրական բովանդակություն ունի… «30 սմ» պատմվածքը։ …Սահուն է հեղինակի լեզուն, պատմելաձևը՝ անպաճույճ. հիվանդանոցային կյանքի դրվագները լի  սիրով, բնական գույնով. պատմվածքն ասես նովելների մի փունջ է՝ մարդկային հոգու դրամատիկ հույզերով հագեցած. ահա Հորդանանից եկած գեղեցկուհի Սաբահի և պարսկահայ Ռազմիկի սիրո դրաման. կյանքը նրանց չէր կարող միացնել, որովհետև տարբեր էին կրոնները, կամ Կոստյայի և սիրունիկ Դաշայի սերը, որը ընդհատվել էր տղայի ծնողների պահանջով։ Սեղմ, բայց գունագեղ վրձնահարվածներով են կերտվել նաև մյուս հերոսների լիարյուն դիմանկարները… Իսկ ամենահետաքրքիրը աղջկա ցավոտ սիրո պատմությունն է, նրա և Թոդորի սիրո,  որ երանելիության չափ ցանկալի էր, անհնարին ու անհավանական լինելու չափ իրական, իսկ նրանց համբույրները՝ հեղված արցունքներով…»:

Զեկուցումների ընթերցումից հետո ուսանողները գրքի հեղինակ Նաիրա Փիրումյանից և գրականագետ Անի Փաշայանից ստացան գրքի ստեղծագործական պատմությանը, ընդհանրապես ստեղծագործական պրոցեսին, ժամանակակից գրականությանը և գրողներին վերաբերող իրենց հարցերի պատասխանները:   

Բոլոր լուսանկարները տես Պատկերասրահում: 

 

Մասնաճյուղում կայացավ «Կարիերայի զարգացում» թեմայով քառօրյա դասընթացը

FullSizeRender-04-12-18-10-39 2018թ. նոյեմբերի 26-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կարիերայի զարգացում» թեմայով քառօրյա դասընթացը, որը «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն, Եվրոպական Միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ծրագիրը նպատակաուղղված է ապահովելու Տավուշի մարզի համայնքների միջև առավել համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր, ինչպես նաև զարգացնելու երիտասարդների կարողությունները:

Մասնաճյուղում կազմակերպված «Կարիերայի զարգացում» թեմայով դասընթացի նպատակն էր աջակցել բուհի ուսանողներին, շրջանավարտներին, գործազուրկ երիտասարդներին հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու ռազմավարություն/գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար:

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավարտական կուրսերի 59 ուսանողներ, շրջանավարտներ և աշխատանք փնտրող անձինք:

Կարիերայի զարգացման դասընթացը վարում էր Մարինա Պողոսյանը՝ MBA, CMC միջազգային որակավորված խորհրդատու և քոուչ, «Մենեջմենթ Սիսթեմս քընսալթինգ» ընկերության տնօրեն: Ավելի քան քսան տարի նա իր ներդրումն է ունեցել Հայաստանի խորհրդատվական շուկայի զարգացման մեջ՝ աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Քեմոնիքս Ինտերնաշնլ», «Նատան Ասոշիիտս», «Ջ. Ի. Ոստին Ասոշիիտս»: Մարինան նաև ավագ դասընթացավար է Կանանց ձեռներեցության ծրագրում, որն իրականացնում է Ամերիկյան համալսարանը Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ֆինանսավորմամբ: Համագործակցելով Եվրոպական բանկի հետ՝ Մարինան դասընթացներ է վարում տարբեր երկրներում՝ ուսուցանելով կառավարման խորհրդատուներին:

Դասընթացն անցկացվեց գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով։

Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև օգտվելու դասընթացավարի հետ 4 ժամ անհատական խորհրդատվությունից:

«Կարիերայի զարգացում» թեմայով դասընթացի վերջում մասնակիցները`

  • Իմացան կարիերա և աշխատանք հասկացությունների հիմնական տարբերությունները:
  • Կարողացան ձևավորել կարիերային վերաբերող SMART նպատակ:
  • Իմացան կոմպետենցիայի սահմանումը և բացահայտեցին այն կոմպետենցիաները, որոնք առկա են իրենց մեջ, և որոնց հարկավոր է զարգացնել իրենց կարիերայի նպատակին հասնելու համար:
  • Զարգացրին հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս:
  • Բացահայտեցին աշխատանք գտնելու խոչընդոտները և գտան դրանց լուծումները:
  • Մշակեցին իրենց կարճ կենսագրությունը (CV) և ուղեկցող/մոտիվացիոն նամակի օրինակ:
  • Իմացան հաջողված հարցազրույցի գրավականները:
  • Բացահայտեցին աշխատանքի որոնման գործիքները:

 

Սիրով շնորհավորում ենք…

           1 (2)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ իր վարչական և ուսումնագիտական գործունեության մեջ, ծրագրերում ու ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր բուհի զարգացման ու առաջընթացի, ի բարօրություն մեր հասարակության ու երկրի:

Ա. Վ. Ցուցուլյանը ԵՊՀԻջևանի մասնաճյուղում աշխատում է 1998 թվականից՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:

1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս2001-2003ին՝ որպես ասիստենտ:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003  թվականից  նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:

2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:

2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:

2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:

2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն, հունիսի 12-ից ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №107§88 (12.06.2018) հրամանով նշանակվել է ԵՊՀ ԻՄի տնօրենի պաշտոնակատար:

 

 

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ հանդիպում Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ

#ARstudio  2018թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հետ ուսանողների հանդիպումը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների նախաձեռնությամբ, կամավոր սկզբունքով ձևավորվել է 15 համայնքային խումբ, որոնց նպատակն է ուսանողների աջակցությամբ համայնքներում կատարել կարիքների վերհանում, նախագծերի մշակում, հետաքրքիր և մոտիվացնող դասընթացների կազմակերպում:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ համայնքային խմբերի հետ, լսել նրանց կարծիքները, բարձրաձայնել սեփական գաղափարները, միասին գտնել լուծումներ դրանք իրագործելու համար:

Մի քանի համայնքային խմբեր արդեն ունեին ծրագրեր՝ սպասվող տոներին ընդառաջ:

Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր աջակցությունը հայտնեց ուսանողներին, և կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր:

 

 

Կայացան առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպումներ

IMG_9588 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը և շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը հանդիպումներ ունեցան ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Յուրաքանչյուր բուհ, բացի գիտելիք տալուց, ունի մեկ այլ առաքելություն՝ դաստիարակել և ձևավորել ընդհանրական կարողություններով ժամանակակից անհատ և ստեղծագործ անձ, ով կարող է անվարան մուտք գործել աշխատաշուկա և դիմակայել նրա արդի մարտահրավերներին: Դրա իրագործման համար պահանջվում է համալսարան-ուսանող, ուսանող-գործատու արդյունավետ փոխհամագործակցություն:

Այդ համագործակցության շրջանակներում մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի կազմակերպած հանդիպումները առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների հետ նպատակ ունեին նրանց աջակցելու ուսումնառությունից հետո աշխատանքի տեղավորման և կարիերայի ապահովման գործում:

Հանդիպումների ընթացքում Մ.Ճաղարյանը և Է.Ղարայանը ուսանողներին ներկայացրել են հանդիպման նպատակը, մատնանշել համագործակցության շրջանակներում մասնաճյուղի կողմից նրանց  ներկայացվող առաջարկները, այդ համագործակցությունից ուսանողների ձեռքբերումները և բաժնի ակնկալիքները:

Մասնավորապես նշվել է, որ մասնաճյուղն ակտիվ համագործակցում է մարզի գործատու կազմակերպությունների հետ և նրանց հետ հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ թափուր աշխատատեղերի վերաբերյալ մասնաճյուղին իրազեկելու մասին: Դա հնարավորություն կտա, ելնելով գործատուի պահանջներից, շրջանավարտների բազայում գտնել համապատասխան մասնագիտությամբ շրջանավարտներ և նրանց ուղղորդել, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավել ավարտական կուրսերի ուսանողների:

Հանդիպումների կազմակերպիչները ներկայացրին շրջանավարտների կարիերայի ապագա զարգացման հետ կապված իրենց պլանները: Նրանք նշեցին, որ մասնաճյուղում գործատուների ներգրավմամբ պարբերաբար կկազմակերպվեն նեղ մասնագիտական դասընթաց-քննարկումներ, ճանաչողական և գործնական պարապմունքներ, կիրականացվեն արտաքին շահակցի պլանով և տեղում անցկացվող նպատակային պրակտիկաներ և այլն: Նման գործընթացները կնպաստեն մասնագիտական կարիերայի նկատմամբ ուսանողների մոտիվացիայի բարձրացմանը, կապահովեն նրանց ակտիվ մասնակցությունը ապագա մասնագիտական կողմնորոշման պլանավորման և իրականացման գործում, ուսանողները կդառնան աշխատաշուկայի և կոնկրետ գործատուների պահանջների մասին իրազեկված անհատներ, կունենան հարթակ իրենց խնդիրների վերաբերյալ ազատ արտահայտվելու և դրանց լուծմանը հետամուտ լինելու համար:

Ուսանողներին ներկայացվեցին գործատուների առաջարկները, որոնցում հիմնական շեշտը դրվում էր հարցազրույցներին և մրցույթներին շրջանավարտների ճիշտ ներկայանալու և ազատ շփվելու ունակությունների վրա։ Նշվեց, որ կկազմակերպվեն համապատասխան սեմինարներ:

Հանդիպումների ժամանակ ուսանողներն ակտիվ մասնակցում էին քննարկումներին, տալիս իրենց հուզող հարցերը և վստահեցնում, որ անպայման կհամագործակցեն բաժնի հետ՝ իրենց ապագան պլանավորելու համար: