Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Նկար. հայտ.

 2019թ. հունիսի  21-ին` ժամը 12:00-ին,  տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2019-20 ուստարվա անհատական բեռնվածությունների քննարկում (զեկուցողներ՝ Հ.Ասատրյան, Լ.Ֆլջյան):
  2. Առարկայական փաթեթների և կրթական մոդուլների նկարագրիչների ձևակերպման վերաբերյալ  հարցերի քննարկում (զեկուցող՝ Լ.Ֆլջյան):
  3. Դասավանդողների անհատական զարգացման պլանների քննարկում (զեկուցող՝ Ա.Մարգարյան):
  4. Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները՝ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողովում

DSCF8163 2019թ. հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում կայացավ «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով ուսանողների և դասախոսների համաժողով, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ իր 10-ամյակի միջոցառումների շրջանակում:

Համաժողովի (աշխատաժողովի) նպատակն էր քննարկման առարկա դարձնել արժանահավատ  որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը,  շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։ 

Աշխատաժողովին մասնակցում էին դասախոսներ և ուսանողներ, կրթության որակի ապահովման մասնագետներ, կարիերայի կենտրոնների աշխատակիցներ, կրթության կառավարիչներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից աշխատաժողովին մասնակցում էին երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնի աշխատակիցները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության ներկայացուցիչներ:

Նախ՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ վստահեցնելով, որ քննարկվող խնդիրներն ունեն լուծումներ, որոնք ի վերջո կապահովեն դրական արդյունք։

Կարևորելով  ուսանողի առաջընթացի ճիշտ պլանավորումը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ բարձրագույն կրթության հանրայնացման հետևանքով երբեմն բուհ են ընդունվում մարդիկ, որոնք պատրաստ չեն բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելուն։  Նրա խոսքով՝ աշխարհը ձգտում է այդ խնդրի լուծմանը, դա հնարավոր է նաև Հայաստանում, պարզապես պետք է շատ աշխատել։

Համաժողովի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց ուսանողի առաջընթացի պլանավորման հաջողված փորձ, եղան թեմատիկ հարցեր ու քննարկումներ։

Անդրադառնալով շնորհած որակավորումների արժանահավատությանը՝ Ռ.Թոփչյանը նշեց, որ բուհում ուսանողն  ստանում է տեսական գիտելիքներ, այսինքն՝ նրա ձեռք բերած փորձը տեսական է, և ավարտելուց հետո նա ինքնուրույն դա պետք է համապատասխանեցնի աշխատաշուկայի պահանջներին։ Պարոն Թոփչյանի խոսքով՝ եթե նախկին համակարգում դա գործող մոդել էր, ապա ներկայումս իրավիճակն այլ է. գործատուն բուհերից ակնկալում է  շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել։ Ուստի դասախոսի խնդիրն է ուսուցման ընթացքում ցույց տալ ուսանողին, թե իր տեսական գիտելիքն ինչպես կարող է կիրառելի դարձնել։ «Սա բավականին ծանր, բայց լուծվող խնդիր է»,- նշեց պարոն Թոփչյանը։

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  որակավորումների արժանահավատության խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում՝ աջակցելով բուհերի որակի ներքին ապահովման կենտրոններին խնդիրը բարձրաձայնել,  հասցնել մինչև կառավարման խորհուրդներ և խնդրի լուծման ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։

Կրթական գործընթացի արդյունավետության բաղադրիչներից է  նաև դասախոսի և  ուսանողի մոտիվացիան։ Շահակիցների մասնակցությամբ քննարկման շնորհիվ  պարզ դարձավ, որ դասախոսի համար լրացուցիչ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել հետազոտությունները։  Համաժողովի մասնակիցների կարծիքով՝ բուհերը պետք է խրախուսեն դասախոսներին, որոնք հետազոտում են հենց ուսուցման և ուսումնառության  հետ կապված խնդիրները, փորձում դրանց համար լուծում գտնել։ Հետազոտող դասախոսը ոչ միայն իր ներդրումը կունենա կրթական խնդիրների լուծման ուղիների մշակման գործում, այլև  ճանաչում ձեռք կբերի, ինչը լրացուցիչ մոտիվացիա կապահովի։

Ամփոփելով համաժողովի արդյունքները՝ ՈԱԱԿ տնօրենը  նշեց, որ այն ծառայել է իր նպատակներին. տեղի ունեցավ բաց քննարկում, բարձրաձայնվեցին սուր հարցեր, արտահայտվեցին տարբեր մոտեցումներ։ Նման քննարկումներն էլ բերում են որոշակի լուծումների և որակի ապահովման։

ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն և  կամփոփվեն հոկտեմբերին Երևանում կայանալիք՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով:

Համաժողովի օրակարգը տե՛ս այստեղ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում։

Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորանքի նկար   ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Հասմիկ Գառնիկի Մարգարյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ, մաղթում մեծ երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ իր գիտամանկավարժական գործունեության մեջ  և կյանքում, ամենայն բարիք:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Նկ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ համաձայն ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի 2019 թվականի մայիսի 23-ի N 16-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի»:

Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հուլիսի 1-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 – 17:00, հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116):

Մրցույթի հայտի ձևը