Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

SAYP վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար

Հայտ. նկար

Երիտասարդ մասնագետների SI ակադեմիան հայտարարում է վերապատրաստման ծրագիր երիտասարդ մասնագետների համար՝ մասնակցելու թեմատիկ մոդուլների՝ կազմակերպված շվեդական համալսարանների կողմից:

 

Առաջարկվող թեմատիկ մոդուլներն են.

 

  • ԱլԳ երկրներում և Բալթյան տարածաշրջանում միգրացիոն և ինտեգրացիոն գործընթացները. ներառական հասարակությունների զարգացման վարչական մարտահրավերները և քաղաքականությունը (սեպտեմբեր-նոյեմբեր), Գյոթենբուրգի համալսարան և Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ,
  • բազմամակարդակ կառավարման, ապակենտրոնացման, մարդու իրավունքների հեռանկարներ (հունիս-սեպտեմբեր) Լունդի համալսարան
  • կայուն էլեկտրոնային կառավարում ճկուն և նորարար ժողովրդավարական հանրային կառավարման համար (հունիս-օգոստոս), Լինկյոպինգի համալսարան,
  • կայունհանրային մենեջմենթ (մայիս-հունիս), Մալմյոյի համալսարան,
  • անդրազգային հանրային կառավարում և կազմակերպում (հունիս-օգոստոս), Սյոդերտյորնի համալսարան:

Ծրագրին կարող են դիմել Բալթյան տարածաշրջանի և ԱլԳ հետևյալ երկրները՝ Հայաստան, Բելառուս, Էստոնիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Շվեդիա և Ուկրաինա:

 

Մանրամասների համար՝ www.si.se/sayp:

 

Նախորդ տարիների մասնակիցների կարծիքներ՝  https://si.se/en/everyone/(Estonia); https://si.se/en/the-academy/ (Armenia):

 

Աղբյուրը՝ ysu.am:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր նկար՝ տնօրենութ. նիստի

2021թ. մարտի 12-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը՝ Ա.Մակարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առկա ուսուցման 2-րդ կիսամյակում ուսանողների հաճախելիության մասին (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  2. Հաղորդում ուսանողների՝ մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի մասին (զեկուցող՝ Ն.Առուշանյան):
  3. 2020-2021 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփում (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  4. Ընթացիկ հարցեր.

4.1. Հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման հարցը (զեկուցող՝ Ա.Դավթյան):

4.2. Հաղորդում ԵՊՀ-ի հետ համատեղ Տավուշի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշա­կերտ­ների համար հանրակրթական տարբեր առարկաների գծով ամե­նամյա օլիմպիա­դայի կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Վ.Աղաբաբյան):

4.3. Հաղորդում պրակտիկաների (արտադրական, ուսումնական, մանկավարժական) կազմակերպման ընթացքի մասին (զեկուցող՝ Լ.Բեգինյան):

4.4. Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ նշանակելու մասին (զեկուցող՝ Ա.Եգանյան):

Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ ֆակուլտետների դեկանները ներկայացրին 2020-21 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակը (մեկ ամսվա կտրվածքով): Նրանք նշեցին, որ ընդհանուր առմամբ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման 2-րդ կիսամյակում ուսանողների հաճախելիությունը բավարար է: Սակայն բոլոր ֆակուլտետներում էլ առկա են ուսանողներ, ովքեր ունեն 40 և ավել ժամ բացակայություններ, ընդ որում՝ մի մասը հարգելի, մյուս մասը՝ անհարգելի: Դեկանները զեկուցեցին, որ անհարգելի բացակայած ուսանողներին տրվել են նկատողություններ: 

Որոշվեց՝ ֆակուլտետների դեկաններին հանձնարարել, առաջնորդվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններ»-ի 10-րդ կետի դրույթներով, պատասխանատվության ենթարկել ուսումնական կարգապահությունը խախտած ուսանողներին:  

Երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցող Ն.Առուշանյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում ունեցել ենք 12 կրեդիտ կուտակած 44 ուսանող, որից 5-ը՝ առկա, 39-ը՝ հեռակա ուսուցման համակարգում: 44 ուսանողից 22-ն ուներ ակադեմիական պարտքերը մարելու վերջին հնարավորություն: Հեռակա ուսուցման համակարգի 17 ուսանողից 16-ը դիմել է վերահանձնելու համար, պարտքերը մարել է 15 ուսանող: Առկա ուսուցման համակարգի 4 ուսանող պիտի դիմեր վերահանձնելու համար, դիմել և պարտքերը մարել է 3 ուսանող: Վերոնշյալից ելնելով՝ վերահանձնման համար չդիմելու և ակադեմիական պարտքերը չմարելու պատճառով 3 ուսանող ենթակա է հեռացման:    

 Որոշվեց՝ Ն.Առուշանյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի մասին  զեկուցող Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացվել է 6 ուսանող, իսկ 7 ուսանող կուտակել է կրեդիտ՝ ակադեմիական պարտք: Ըստ այդմ՝ կազմվել է 34 ձևին համապատասխան հաշվետվություն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնելու համար:

Որոշվեց՝ Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Առաջին ընթացիկ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման մասին դարձյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արթուր Արգիշտի Սիմոնյանը դիմել է ուսանողական իրավունքները վերականգնելու համար:

Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:

Որոշվեց՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի կետերին համապատասխան՝ թույլատրել վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանող Արթուր Արգիշտի Սիմոնյանի ուսանողական իրավունքները «Ֆինանսներ» մասնագիտությունում 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում:

Երկրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցող Վ.Աղաբաբյանը նշեց, որ Մայր բուհից տեղեկացրել են ԵՊՀ օլիմպիադայի 1-ին փուլի հետաձգման  մասին: Այն պիտի կայանար 2021թ. մարտի 13-ին, սակայն ՀՀ-ում եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Օլիմպիադայի անցկացման օրը ԵՊՀ-ից լրացուցիչ կհայտնեն:

Որոշվեց՝ Վ.Աղաբաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ զեկուցող Լ.Բեգինյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացում նախատեսված է իրականացնել 17 պրակտիկա, որից 9-ը՝ առկա, 8-ը՝ հեռակա ուսուցման համակարգում (7-ը՝ բակալավրում, 1-ը՝ մագիստրատուրայում): Առկա ուսուցման համակարգում պրակտիկաներն անցկացվել են առկա և առցանց եղանակներով, իսկ հեռակա ուսուցման համակարգի պրակտիկաներն, ըստ ժամանակացույցի, կմեկնարկեն ապրիլից: Պրակտիկաների մի մասը նախատեսված է իրականացնել մշակված երթուղիներով, որոնք ընդգրկում են Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերը և մայրաքաղաք Երևանը:

Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնին հանձնարարվեց հետևել պրակտիկաների պատշաճ իրականացմանը, մշակել վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ՝ պրակտիկաներին ուսանողների լիարժեք մասնակցությունն  ապահովելու համար:

Որոշվեց՝ Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Չորրորդ ընթացիկ հարցի մասին զեկուցեց Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը: Նա տնօրենության անդամներին ներկայացրեց, որ Իջևան համայնքի ավագանու՝ 2021թ. մարտի 4-ի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից մեկին Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ նշանակելու մասին հարցը: Զեկուցողը նշեց, որ Իջևանի համայնքապետարանը Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակ տրամադրելու կարգն ու պայմանները թողել է ԵՊՀ ԻՄ-ի հայեցողությանը:

Որոշվեց՝ հանձնարարել ֆակուլտետների դեկաններին տնօրենության առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնել Իջևան քաղաքի անվանական կրթաթոշակին հավակնող ուսանողների թեկնածությունները՝ առաջնորդվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգով:

Հանդիպումներ Տավուշի մարզի ավագ և միջնակարգ դպրոցներում

1. գլխավոր

2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը կազմակերպել է հանդիպումներ Տավուշի մարզի (Բերդի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) 4 ավագ, 40 հանրակրթական դպրոցների 11-12-րդ դասարանների աշակերտների հետ:

 

Դպրոցների տնօ­րեն­ների, ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Ուսում­նամեթոդական վարչության պետ Ա.Դավթ­յանը, Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը, գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը, հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը, գիտքարտուղար Մ.Աթոյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:

 

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ ունեին մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, վերհանելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

 

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացան մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը: Դպրոց-համալսարան կապն ամրա­պնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով առաջարկվեց պարբերաբար ճանաչողական այցեր իրակա­նացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ:

 

Նման հանդիպումները կարևոր են և ար­դիական բուհական քննություններին նախա­պատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը:

 

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Ալմերիայի համալսարան, Իսպանիա

Ալմերիայի համալս. հայտ. նկար

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության բակալավրիատի ուսանողների համար 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու հնարավորություն (2 ուսանող):

 

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը ցանկալի է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային PDF տարբերակով (էլ. հասցե՝ international@ysu.am):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Մոտիվացիոն նամակ,
  4. Ակադեմիական տեղեկագիր,
  5. Տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):

 

Առարկաների ցանկը կարող եք գտնել https://www.ual.es/en?idioma=en_GB կայքում:

 

Անգլերեն դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38): Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան

 

Աղբյուրը՝ ysu.am:

Մրցույթ Աալենի համալսարանի կողմից Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում

Կրթաթոշակի հայտ. նկար

Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագրի շրջանակում Աալենի համալսարանը հայտարարում է մրցույթ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում ուսանելու նպատակով:

Բադեն Վյուրթենբերգի կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է ամսական 700-1400 եվրո կրթաթոշակ: Ավիատոմսերի ծախսը չի փոխհատուցվում:

 

Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև դիմելու կարգին ծանոթանալու համար ներկայացնում ենք կից փաստաթուղթ:

 

Անգլերեն դասընթացների ցանկը կարող եք տեսնել հետևյալ կայքում՝
https://hs-aalen.de/en/pages/aaa_english-taught-lectures:

 

Խնդրում ենք մինչև 2021թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն, Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի mmargaryan@ysu.am էլ. հասցեին ուղարկել ստորև ներկայացված փաստաթղթերը, որոնք ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով.

 

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
    (https://europass.cedefop.europa.eu),
  3. մոտիվացիոն նամակ,
  4. ակադեմիական տեղեկագիր,
  5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. ուսումնառության համաձայնագիր
    (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),
  7. գերմաներենի/անգլերենի իմացությունը հաստատող վկայական,
  8. երաշխավորական նամակ ֆակուլտետի դասախոսական կազմի կողմից:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին` 11-38):

Ծրագրի համակարգող՝ Մարինա Մարգարյան

Աղբյուրը` ysu.am: