Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Elsevier-ը կազմակերպում է վեբինարների շարք

ԳԿ հայտ. նկար

2021թ. մարտի 1-ից Elsevier-ի կողմից մեկնարկվել է անվճար առցանց դասընթացների շարք՝ գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվողների համար:

 

Դասընթացը կազմված է բազային ու ընտրանքային մոդուլներից (18 ժամ), որի ավարտին տրվում է սերտիֆիկատ: Ընտրանքային մոդուլները նախատեսված են գիտական հոդվածներ պատրաստողների, ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաև հրատարակիչների և խմբագիրների համար: Կտրվեն տեղեկություններ Scopus, ScienceDirect, Mendeley, SSRN, Journal Finder, Journal Insights և  Elsevier-ի այլ գործիքների վերաբերյալ, որոնց իմացությունը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատանքը, տեղեկատվության որոնումն ու գիտական հոդվածների հրապարակումը:

 

Վեբինարների աշխատանքային լեզուն ռուսերենն է: Օրակարգը ներկայացված է Մոսկվայի ժամանակով (GMT+3):

 

Բաց թողնված դասաժամերը հնարավոր է լրացնել մինչև մարտի 19-ը՝ դիտելով դրանց տեսագրությունները: Արդյունքների ամփոփումն ու վկայականների տրամադրումը տեղի կունենան մարտի 22-ին:

Դասընթացի ծրագիրը և գրանցման հղումները

 

Աղբյուրը՝ scs.am:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր նկար՝ տնօրենութ. նիստի

2021թ. փետրվարի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

 

Նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները և ուսումնական գործընթացն առկա ձևով կազմակերպելու մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան):
  2. Հաղորդում հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման մասին (զեկուցող՝ Մ. Զուրաբյան):
  3. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի հրամանը (25.02.2021, թիվ 34/80), ըստ որի՝ մարտի 15-ից ԵՊՀ-ի բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացը պետք է իրականացվի առկա ձևով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մարտի 15-ից պետք է ապահովեն իրենց ստորաբաժանումների բնականոն աշխատանքը՝ պահպանելով ԵՊՀ-ի ներքին կարգապահական կանոններով հաստատված աշխատաժամանակի ռեժիմը: Կորոնավիրուսային հիանդության տարածման կանխարգելման նպատակով կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումներում կիրառվող հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը պետք է վերապահվի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

 

Ա.Մակարյանը նշեց, որ, ըստ էության, 2020թ. սեպտեմբերից ստորաբաժանումներն իրենց գործունեությունը հիմնականում իրականացնում են ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով հաստատված աշխատաժամանակով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Ինչ վերաբերում է դասերն ամբողջությամբ առկա ձևով իրականցնելուն, ապա ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետները Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ արդեն սկսել էին համապատասխան դասացուցակների կազմումը, քանի որ նախատեսված էր առկա ձևով դասերն սկսել ապրիլի 1-ից:

 

Այս հարցի մասին արտահայտվեցին տնօրենության անդամները: Մ.Զուրաբյանը մասնավորապես նշեց, որ մարդկանց հոսքը դեպի մասնաճյուղ բավականին մեծ է լինելու, ուստի անհրաժեշտ է առավել ուժեղացնել հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ: Բացի այդ, նախնական խոսակցությունները երևանաբնակ դասախոսների հետ ցույց են տալիս, որ կա լուրջ խնդիր դասացուցակների համաձայնեցման տեսակետից: Վերոնշյալից ելնելով՝ նա առաջարկեց դասերը սկսել մեկ շաբաթ ուշ, իսկ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերը հնարավորության դեպքում իրականացնել առցանց: Մ.Զաքարյանը նշեց, որ ապրիլին ավարտված է լինելու ավարտական 4-րդ կուրսերի դասապրոցեսը, և Երևանից եկող դասախոսների մոտ այլևս ծանրաբեռնվածության խնդիր չէր լինի, հնարավոր էր ամբողջությամբ դասերն իրականացնել առկա, սակայն մարտի 15-ից սկսելու դեպքում խնդիր է առաջանում:

 

Ա.Մակարյանը նշեց, որ ցանկալի կլիներ ավարտական կուրսերի դասերը կազմակերպել առկա եղանակով, բայց քանի որ կա խնդիր՝ կուտակումների և դասախոսների ծանրաբեռնվածությունների հետ կապված, ուստի նպատակահարմար է այդ կուրսերի դասերը կազմակերպել առկա և առցանց ձևերի համադրությամբ:

 

Որոշվեց.

  1. Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ ԵՊՀ ԻՄ-ում դասերն առկա եղանակով սկսել մեկ շաբաթ ուշ՝ մարտի 23-ին:
  2. Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերն իրականացնել մարտի 9-ից առցանց եղանակով, ընթացիկ քննություններն ու ստուգումները՝ առկա եղանակով:
  3. Ավարտական 4-րդ կուրսերի դասերն իրականցնել առկա և առցանց եղանակների համադրմամբ:
  4. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել մարտի 16-ից ապահովել իրենց ստորաբաժանումների բնականոն աշխատանքը՝ ըստ ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով հաստատված աշխատաժամանակի:

Երկրորդ հարցի՝ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման վերաբերյալ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը նշեց, որ մարտի 9-ից սկսվելու են հեռակա ուսուցման դասերը: Արդեն կազմված են դասացուցակները, որոնք ներկայացվել են Ուսումնամեթոդական վարչություն, որոշակի շտկումներից հետո դրանք կհաստատվեն և կուղարկվեն  դասախոսներին և ուսանողներին, կտեղադրվեն նաև ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում: Մ.Զուրաբյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակի լուծարքային շրջանը սկսվելու է մարտի 1-ից:

 

Հեռակա ուսուցման բաժնի մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի վերաբերյալ հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը նշեց, որ ավարտվել է առաջին կիսամյակը, 25 ուսանողներից ոչ մեկը ակադեմիական պարտք չունի, գնահատականները հիմնականում տատանվում են 14-19-ի միջակայքում, կան նաև 20 միավոր ստացած ուսանողներ: Առաջադիմությունը եղել է 100%, ունենք գերազանց (ՄՈԳ-ով) առաջադիմությամբ 13 ուսանող: Ուսման վճարներն այս պահին հիմնականում վճարված են:

 

Երկրորդ կիսամյակի դասացուցակն արդեն պատրաստ է՝ հարմարեցրած Zoom հարթակին, սակայն կա որոշակի շտկումների կարիք: Փետրվարի 23-ին կազմակերպվել է ուսանողների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են դասերի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր, վերհանվել են խնդիրներն ու դիտարկվել դրանց լուծման ուղիները: Նախատեսվում է մարտի 3-ին իրականացնել հանդիպում մագիստրոսական թեզերի ղեկավարների հետ՝ թեզի պատրաստման և գնահատման կարգը քննարկելու նպատակով:

 

Որոշվեց՝ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսել՝ համաձայն նախատեսված ժամանակացույցների:

 

Ընթացիկ հարցերից էր ուսանողական իրավունքների վերականգնման մասին հարցը, որի մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Պավել Մհերի Զուրաբյանը դիմել է 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում համապատասխան մասնագիտությամբ իր ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Նա նշեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին:

 

Որոշվեց՝ վերոնշյալ կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի ուսանող Պավել Մհերի Զուրաբյանի ուսանողական իրավունքները 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակում:

 

ԱԿԻԱ բաժնի վարիչի պաշտոնակատար Վ.Եգանյանը նշեց, որ ՈՒՄՎ աշխատակիցները դիմել են ԱԿԻԱ բաժնին՝ աշխատաժամանակի վերաբերյալ տրամադրելու մանրամասն տեղեկատվություն՝ ըստ իրենց դրույքաչափերի:

Իրավախորհրդատու Ն.Նազարյանը նշեց, որ աշխատանքային օրենսգրքի և մասնաճյուղի կանոնադրության ու ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ միայն տոն և հիշատակի օրերի նախօրյակին է թույլատրվում աշխատանքն ավարտել մեկ ժամ շուտ, ազատ օրերին նախորդող օրն աշխատանքն իրականացվում է ամբողջական աշխատաժամանակով:

 

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի բոլոր աշխատակիցներին տրամադրել իրենց աշխատաժամանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ իրենց դրույքաչափերի:

2

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Մասառիկի համալսարան, Չեխիա

Էրազմուսի հայտ. նկարը

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մասառիկի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Կենսաբանության, Միջազգային հարաբերությունների, Պատմության, Իրավագիտության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների դասախոսների համար (հիմնական աշխատակիցների)` 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):

 

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

 

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, MASARYK:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:

 

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի  համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝

 

  1. Անձնագրի պատճեն,
  2. Ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. Շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
  4. Տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
  5. Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝  Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46-41 (ներքին՝ 11-38): Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան:

 

Աղբյուրը՝ ysu.am:

ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցույթին մասնակցելու հրավեր

ԵՊՀ հայտ. նկար

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին:

 

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

ա)Ֆիզիկամաթեմատիկական (մասնակից ստորաբաժանումներ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի ֆակուլտետներ, ՏՏ կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 2 մրցանակ,

բ)Բնագիտական մասնագիտությունների գծով (մասնակից ստորաբաժանումներ՝ Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Քիմիայի ֆակուլտետներ, Ֆարմացիայի ինստիտուտ) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 2 մրցանակ,

գ)Բանասիրական (մասնակից ստորաբաժանումներ՝ Հայ բանասիրության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ռուս բանասիրության, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետներ) մասնագիտությունների անվանակարգ ՝ մինչև 3 մրցանակ,

դ)Հասարակագիտական (մասնակից ստորաբաժանումներ՝ Պատմության, Տնտեսագիտության և կառավարման, Աստվածաբանության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Փիլիսոփայության և հոգեբանության, Սոցիոլոգիայի ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն) մասնագիտությունների անվանակարգ՝ մինչև 3 մրցանակ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ. մարտի 31-ը:

 

Մրցույթի հայտերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել հետևյալ հասցեով՝ https://forms.gle/gGeTYQMAePqYN7taA:

 

Առկա փաստաթղթերը ներկայացնել ԵՊՀ գիտական քարտուղարին:

 

Մրցույթն անցկացվում է ըստ «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի` հրաման 221 § 120:

 

Մրցութային հանձնաժողովներն են` հրաման 238 § 30 և հրաման 32 § 33:

 

Մրցութային հանձնաժողովների աշխատակարգն է՝ http://documentation.ysu.am/wp-content/uploads/2020/01/GM-ashkhatakarg-21.pdf:

 

Աղբյուրը՝ ysu.am:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի հերթական նիստը

1. Գլխավոր նկար՝ գիտխ.-ի նիստի

2021թ. փետրվարի 26-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նախագահում էր Ա. ՀՄակարյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտքարտուղար Մ. Ս. Աթոյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ պետ Ա. Ց. Դավթյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2019-2020 թթ. կարծիքների վերլուծության մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի մասնագետ Է. Հ. Ղարայան):
  4. ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար էթիկայի կանոնագրքի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ. Ա. Ճաղարյան):
  5. Ընթացիկ հարց.

ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհների հատկացման նպատակով մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):

Առաջին հարցի վերաբերյալ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցով նախատեսված է իրականացնել մի շարք աշխատանքներ: Մասնավորապես՝ փետրվարին նախատեսված հարցերը ընդգրկված են այս նիստի օրակարգում: Մարտին նախատեսված է լսել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի, ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-ի (2015-2020 թթ.), ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին հաղորդումները, հաստատել 2021-2022 ուստարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը, ԵՊՀ ԻՄ-ում կրթական ծրագրերի վերանայման և մշտադիտարկման կարգը: Ըստ ժամանակացույցի՝ անհրաժեշտ է ապրիլին հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգը, մայիսին լսել «Ակունք» գիտամեթոդական հանդեսի գործունեության, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ 2020-2021 ուստարվա գործունեության մասին հաղորդումները: Հունիսին նախատեսված է լսել կրթական ծրագրերի վերանայման, 2020-2021 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2021թ. հարցման արդյունքների մասին հաղորդումները, քննարկել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության մասնագիտությունների ցանկը:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Երկրորդ հարցի կապակցությամբ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում ունենք 13 անվանական կրթաթոշակ, որից 10-ը՝ ԵՊՀ ԻՄ-ի բյուջեի հաշվին, 3-ը՝ արտաբյուջետային:

Ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները:

13 անվանական կրթաթոշակների համար ներկայացվել է 11 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի պահանջներին: 

Որոշվեց՝ հաստատել 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2019-2020 թթ. կարծիքների վերլուծության մասին հաղորդման մեջ Էրինե Ղարայանը մասնավորապես նշեց, որ հարցմանը մասնակցել են մարզի խոշոր կազմակերպությունների (բանկերի, դպրոցների, հյուրատների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների) ղեկավար անձինք՝ 69 շահակից: Հարցումն անցկացվել է առցանց: Հարցման մեջ ընդգրկվել են շրջանավարտների մասնագիտական պատրաստվածությանը, տեսական գիտելիքների իմացությանը, գործնական հմտություններին և մասնագիտական ընդհանուր կարողություններին վերաբերող հարցեր:

Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ բարձր են և գոհացուցիչ, ինչը փաստում է, որ մասնաճյուղը կատարել է և շարունակում է զարգացնել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ բանիմաց և մրցունակ մասնագետներ: Արտաքին շահակիցները բարձր են գնահատել մասնավորապես մեր շրջանավարտների կազմակերպչական կարողությունները, աշխատանքային պատասխանատվությունը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները, գործընկերներին գնահատելու և նրանց օգտակար լինելու կարողությունները, վարվեցողության կանոններին և էթիկայի նորմերին հետևելը և այլն:

Հետևելով արտաքին շահակիցների կարծիքներին ու բարելավման առաջարկներին՝ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել մեր շրջանավարտների մասնագիտական խոսքին, գործնական հմտություններին, քննադատական մոտեցմանը, ինքնավստահությանը, ինքնազարգացման ձգտմանը, նախաձեռնողականությանը, արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություններին:

Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց վերլուծությունն ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ, ամբիոններ, մասնագիտությունների կրթական ծրագրերի ղեկավարներին՝ կրթական ծրագրերը վերանայելիս արտաքին շահակիցների կարծիքներն ու առաջարկությունները ներառելու և որոշ շեշտադրումներ փոխելու նպատակով:  

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների՝ 2019-2020 թթ. կարծիքների վերլուծության մասին Է. Հ. Ղարայանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը մշակել և գիտխորհրդի քննարկմանն է ներկայացրել «Էթիկայի կանոնագիրք», որով սահմանվում են ԵՊՀ ԻՄ-ում աշխատակիցների և ուսանողների էթիկական վարքագծի սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները և կարգապահական տույժերը: Ակադեմիական  անազնվության կանխարգելման և դրա դեմ կիրառվող տույժերը մշակվել են դասախոսների և ուսանողների հետ հանդիպում-քննարկումների ժամանակ՝ նրանց կողմից կատարված առաջարկությունների հիման վրա: Էթիկայի կանոնագրքի նպատակն է խրախուսել և ապահովել բարոյաէթիկական մշակույթը, մասնավորապես ակադեմիական ազնվության մշակույթը մասնաճյուղում գործունեություն ծավալող պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և ուսանողական կազմում, զարգացնել նրանց մեջ բարոյահոգեբանական, գիտամանկավարժական և կազմակերպական հիմունքները, ստեղծել միջանձնային բարենպաստ փոխհարաբերություններ՝ բարձրացնելով դերակատարների հեղինակությունը, պահպանել մասնաճյուղի ամբողջականությունը և բարի համբավը՝ բարձրացնելով բուհի մրցունակությունը ներպետական ուսումնական հաստատությունների շրջանակներում, էթիկային, մասնավորապես ակադեմիական ազնվությանը վերաբերող հարցերին տալ համապատասխան լուծումներ:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի վարչական,  ակադեմիական աշխատակազմերի և ուսանողների համար էթիկայի կանոնագիրքը:

Հինգերորդ՝ ընթացիկ հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհների հատկացման մրցութային հանձնաժողովի կազմը, որտեղ որպես հանձնաժողովի նախագահ ընդգրկված է «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար, ք.գ.թ., դոցենտ Հովսեփ Մովսեսյանը, որպես քարտուղար՝ կենտրոնի մասնագետ Տիգրան Ղուշչյանը: Ֆակուլտետներից ներկայացվել են հանձնաժողովի անդամների հետևյալ թեկնածուները՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Վահան Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխն. գ.թ., դոցենտ Ռոբերտ Յոլչյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտ. գ.թ., դոցենտ Գարիկ Սիրոյանը:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ում դրամաշնորհի հատկացման նպատակով մրցութային հանձնաժողովի կազմը: