Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատաժողով՝ նվիրված Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին

ԵՊՀ աշխատաժողովի  հայտ. նկար

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ 2021թ. մայիսի 6-ին կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված անվանի հայագետ, տոմարագետ, կանոնագետ Ռաֆիկ Վարդանյանի հիշատակին:

 

Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

 

  • պատմագրություն,
  • ձեռագրագիտություն,
  • տոմարագիտություն,
  • կանոնագիտություն,
  • աստվածաբանություն,
  • աղբյուրագիտություն:

Կարևոր է՝ ներկայացվելիք զեկուցումների թեմաներն առնչվեն նաև Ռաֆիկ Վարդանյանի աշխատությունների քննությանը, վերլուծմանը և արժևորմանը:

 

 Աշխատաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտուրայի սովորողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ, որոնց ներկայացվելիք թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին:

 

Աշխատաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամանակացույցը. մինչև սույն թվականի ապրիլի 8-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել):

 

Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

 

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել ssstheology.com էլ. հասցեին:

 

Մինչև սույն թվականի ապրիլի 25-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները մայիսի 6-ին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Աճեմյան գրադարանում կայանալիք աշխատաժողովին:

 

Հ.Գ.: Համավարակային իրավիճակի թելադրանքով՝ գիտաժողովը կարող է անցկացվել նաև առցանց տարբերակով: Այդ մասին հետագայում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

 

Աղբյուրը` ysu.am:

Շնորհավո՛ր մարտի 8

Մարտի 8-ի նորութ. նկարը

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անամպ երկինք, ընտանեկան սեր ու ջերմություն, առողջություն, նվիրական իղձերի իրականացում, ամենայն բարիք…

Հայ կնոջ սիրով ու նվիրվածությամբ, իմաստնությամբ ու տոկունությամբ միշտ վառ պահեք հայոց օջախների կրակը, միշտ լինեք սիրված ու գնահատված, գարնան ծաղիկների պես թարմ, քնքուշ ու հմայիչ, տարին բոլոր գարուն սփռեք ձեր շուրջը:

 

Տոնի նախապատմությունը

Ամբողջ աշխարհում մարտի 8-ը  նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալ–դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում, Շվեյցարիայում:

1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ–ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր

1. գլխավոր

2021թ. մարտի 5-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության (ի դեմս «Հույսի կամուրջ» ՀԿ ԻՄ-ի տնօրեն Արմինե Ներսիսյանի) միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Կնքված հուշագրով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը օժանդակելու Տավուշի մարզում համընդհանուր ներառական կրթության զարգացմանը կրթության բոլոր մակարդակներում և ստեղծելու ընդհանուր հարթակ ուսանողների համար մանկավարժական և հոգեբանական տեսական գիտելիքներ ձեռքբերելու և դրանք «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում գործնականում կիրառելու համար:

 

Հուշագիրը նպատակաուղղված է բարձրացնելու քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ ուսանողների իրազեկվածությունը ներառական սկզբունքների (հավասար հնարավորություններ, միջավայրային մատչելիություն, կրթության հասանելիություն) վերաբերյալ:

 

Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:

 

Մասնավորապես «Հույսի կամուրջ»-ը պատասխանատու է՝

  1. մշակել և անցկացնել լրացուցիչ 5-օրյա դասընթաց մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար՝ «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» թեմայով,
  2. համալրել ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը ներառական կրթության և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ գրքերով և ձեռնարկներով,
  3. «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի կենտրոնում ստեղծել հարթակ, որը կարող է գործել նաև առցանց՝ ապահովելու ներառական կրթության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ գործնական պարապմունքների, կլոր-սեղան քննարկումների, փորձի փոխանակման միջոցառումներ,
  4. Համագործակցելով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի հետ՝ խթանել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներառական դպրոցների և համալսարանի միջև սերտ համագործակցություն՝ համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատասխանատու է՝

  1. Ապահովել արդյունավետ համագործակցությունը ԵՊՀ ԻՄ-ի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև,
  2. Մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նրանց համաձայնությամբ թույլատրել իրականացնել «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա» լրացուցիչ դասընթացը,
  3. Որոշել ԵՊՀ ԻՄ-ում պատասխանատու անձ, ով սերտ կհամագործակցի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ հուշագրի շրջանակներում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը տե՛ս այստեղ:

Մեր ուսանողը՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն

1. գլխավոր

2021թ. փետրվարի 27-28-ը «Դինամո» մարզադահլիճում կայացավ սամբոյի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին ՀՀ մարզերի, Արցախի, Երևանի լավագույն մարզիկները:

 

+98 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գրիգոր Բեկնազարյանը և դարձավ առաջնության հաղթող՝ նվաճելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցելու ուղեգիր և պարգևատրվելով ոսկե մեդալով ու պատվոգրով:

 

Մինչև ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոն դառնալը Գրիգոր Բեկնազարյանը 2019թ. դեկտեմբերի 5-8-ը մասնակցել է դպրոցականների՝ Եվրոպայի սամբոյի առաջնությանը՝ 11 հոգանոց խմբում գրավելով 5-րդ տեղը:

 

2020թ. ՀՀ սամբոյի պատանիների առաջնությունում 87+ կգ քաշային կարգում    գրավել է առաջին տեղը՝ դառնալով ՀՀ չեմպիոն:

 

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ սամբոյի պատանիների հավաքականը պիտի մեկներ Բուլղարիա, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ մեկնումը չեղարկվեց:

 

Նույն թվականի նոյեմբերի 5-ին Սերբիայում կայացավ սամբոյի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի թիմը Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով չմասնակցեց:

 

2021թ. մարտի կեսից կկայանան ՀՀ սամբոյի հավաքականի մարզումները Ծաղկաձորում, իսկ ապրիլի 10-15-ը Գրիգոր Բեկնազարյանը հավաքականի կազմում Կիպրոսում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողին՝ ՀՀ սամբոյի պատանեկան առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու առթիվ,  և առաջիկա առաջնություններում մաղթում ենք փայլուն հաղթանակներ:

 

 

Հանդիպում ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ

1. DSCN4513

2021թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի և նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ավետիսյանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների հետ:

 

Հանդիպման նպատակը քաղաքացիական պաշտպանության սկզբունքների, ձևերի և միջոցառումների մասին համալսարանականներին իրազեկելն էր:

 

Պարոն Աբազյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց, որ քաղաքացիական պաշտպանությունը (ՔՊ) միջոցառումների համակարգ է, որն ուղղված է բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում:

 

Նշվեց, որ քաղաքացիական պաշտպանության սկզբունքները երեքն են՝

  1. քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում,
  2. քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների,
  3. քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Քաղաքացիական պաշտպանության ձևերն են՝ տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, իսկ ՔՊ միջոցառումները լինում են նախապատրաստական և հիմնական:

 

Ներկայացվեց, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններն են: Նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում քաղաքացիական պաշտպանության գործի կազմակերպիչը ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբն է, որը ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում ու իրականացում և այլն (մանրամասները՝ ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրությունում:

 

Համալսարանականները ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին ուղղեցին քննարկվող թեմայի շուրջ իրենց հուզող հարցերը: