Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի հետազոտական “Green Ground” («Կանաչ հող») խումբը դրամաշնորհային մրցույթում անցել է եզրափակիչ փուլ

1. գլխավորՇուրջ մեկ տարի է, ինչ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում ձևավորվել և գործում է հետազոտական Green Ground” («Կանաչ հող») խումբը: Մասնակցելով ԵՄ կողմից ներկայացված գյուղատնտեսական աշխատանքների աջակցության Ավստրիական գործակալության հայտարարած ստարտափի դրամաշնորհին՝ խումբը հասել է եզրափակիչ փուլ, որը կկայանա 2022թ. փետրվարի 19-ին «Սիներջի» ընկերությունում: Եզրափակիչ են անցել ևս 7 թիմեր, իսկ հաղթողներ են ճանաչվելու 3 թիմեր:

“Green Ground” թիմի աշխատանքների հիմքում դրվեցին Բնական գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետազոտական աշխատանքները, որոնք նվիրված էին բազմաֆունկցիոնալ թվաէլեկտրոնային կառավարմամբ չափիչ սարքերի ծրագրավորմանը: Դրա հիման վրա էլ կառուցվեցին հետագա մտահղացումները: Աշխատանքները կատարվել են ֆակուլտետում դեռ մեկ տարի առաջ հիմնված Բնագիտության և համակարգչային տեխնիկայի լաբորատորիայում:

Մրցույթին ներկայացվող աշխատանքը նվիրված է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ընթացքում միկրոտարրերի յուրացման պրոցեսի չափմանն ու հսկողությանը: Դա անհրաժեշտ է աճեցվող բերքում քիմիկատների քանակության և աճեցման միջավայրում առկա քիմիական համար: Նման պարամետրի հսկողությունը բխում է ներկայիս գյուղատնտեսական արտադրանքին ներկայացվող որակական պահանջներից: Որոշակի ուսումնասիրություններից թթվայնության/հիմնայնության (pH-պարամետրի), էլեկտրահաղորդականության (EC պարամետրի) և միներալերի (TDS պարամետրի) քանակության չափման, ագրոքիմիական որոշումներ կայացնելու և սպասվող բերքի էկոլոգիական մաքրությունը գնահատելու հետո մշակվեց սարքի կառուցվածքը, և խնդիր դրվեց մշակել սկզբունքորեն նոր տիպի չափիչ-սենսոր, որի ցուցմունքները մշակվում են անմիջապես տեղում և հատուկ ծրագրավորմամբ: Նման «խելացի» սենսորի կիրառությունը թույլ կտա չափել մի շարք այլ կարևոր պարամետրեր ևս՝ այդպիսով սենսորին դարձնելով ունիվերսալ: Այս աշխատանքները կարիք ունեն լրացուցիչ հետազոտման:

Առհասարակ դրամաշնորհի շուկայական և ոլորտային ուսումնասիրությունները, ոլորտային մասնագիտական քննարկումները դուրս հանեցին մի շարք արդիական հետազոտություն պահանջող խնդիրներ, որոնցով խումբը պլանավորում է զբաղվել այս ստարտափից հետո: Միևնույն ժամանակ ունենալով արդեն առաջին տեսանելի արդյունքները՝ խումբը պատրաստվում է ներգրավել նոր անդամներ ու ձևավորել նոր խմբեր՝ փոխանցելով արդեն ձեռք բերված փորձը և ստեղծելով հետազոտական աշխատանքների համագործացության հարթակ: Բացի այդ, գյուղատնտեսական ոլորտի խնդիրները ըստ երևույթին դառնում են Բնական գիտությունների ֆակուլտետի հետազոտական գրավիչ ոլորտներից մեկը, որը պահանջում է մի շարք բնագավառների սերտ համագործակցություն:

Ստացված արդյունքները հետաքրքրել են ՀՀ-ում գործող ագրոտեխնոլոգիաներով զբաղվող մի շարք ընկերություններին և գյուղատնտեսներին, և ձեռք են բերվել բանավոր նախնական պայմանավորվածություններ սարքը փորձարկելու, ներդնելու և կիրառելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ խումբը հասել է արդեն դրված ամենակարևոր նպատակներից մեկին՝ առաջացրել է հետարքքրություն գործարարների մոտ, մասնավորապես՝ սկսել են տեղային հետազոտական աշխատանքները Իջևանում գործող ելակի հիդրոպոնիկ եղանակով աճեցման ջերմատներում: Նմանատիպ հետաքրքրություն կա Արմավիրի և Կոտայքի մարզերում գործող մի քանի ջերմատնային տնտեսություններում: Արդեն ավարտական տեսքին են մոտենում կիրառական փորձարկումներին պատրաստվող  մշակվող սարքի առաջին փորձանմուշի գործիքային ճշգրտման (կալիբրովկա) աշխատանքները:

Ստարտափում խումբը տրամադրված է հաղթելու, թեև թիմի անդամները համարում են, որ արդեն ձեռք են բերել մի կարևոր հաղթանակ՝ վստահություն սեփական ուժերի և համալսարանում մատուցվող գիտելիքների նկատմամբ: Այն արտահայտվում է նոր նախագծերի, նոր մոտեցումների ու խնդիրների նոր ու յուրատիպ լուծումների փնտրման և լուծման ուղիների որոնման տեսքով:

Հունվարի 29-ին Բնական գիտությունների ֆակուլտետում ներայացվեց թիմի ստարտափի ելույթը, որին մասնակցելու էին հրավիրվել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ: Մասնակցում էին նաև հետազոտական լաբորատորիայի ստեղծմանը ակտիվ մասնակցած և աջակցած ամերիկահայ բարերարներ Աննա Սիմոնյանը (ի դեպ, նա ԵՊՀ ԻՄ-ի նախկին աշխատակից է) և Հովհաննես Հակոբյանը: Ներկաների ակտիվ քննարկումները և վերջնական հաղթանակին հասնելու բարեմաղթանքները մեծացրին հաղթանակի կարևորությունը, և խումբը հաճելի պարտավորություն համարեց հաղթանակելու մղումը:

Հուսանք, որ թիմը հաղթանակած դուրս կգա այդ կարևոր և պատվաբեր մրցույթում՝ մեկնարկ տալով գիտահետազոտական նոր ծրագրերի իրագործման հետաքրքիր աշխատանքներին:

 

Շնորհավո՜ր տոնդ, Հայոց 30-ամյա բանակ

Հայոց բանակի օրվա նորութ. նկարը

 Այսօր՝ 2022թ. հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է: Հայոց բանակը ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

 1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր:

 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի՝ Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք համայն հայությանը, մեր բանակին մաղթում ենք հզորացում և հաղթանակներ, հայրենի հողի պաշտպան մեր քաջ զինվորներին՝ անկոտրում ոգի, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:

Տոնդ շնորհավո՜ր, Հայո՛ց բանակ…

 

 

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

2022թ. հունվարի 27-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ առցանց միանալու հնարավորությամբ: Նիստին մասնակցում էր Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին 4 օրակարգային և 1 ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի
(
բյուջե) հունվարդեկտեմբեր կատարողականի մասին զեկուցման մեջ գլխավոր հաշվապահ ՄՄխիթարյանը մանրամասն՝ ըստ հոդվածների, ներկայացրեց 2021թ. կտրվածքով ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերը (եկամուտներ) և ելքերը (ծախսեր): Նա նշեց, որ, ունենալով դրամական մուտքերի որոշակի աճ, համենայն դեպս բոլոր հոդվածներով մասնաճյուղը աշխատել է խնայողություններով։

Երկրորդ հարցի՝ Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2020-2021 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ ԱԴավթյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում կրթության որակի բարելավմանն ուղղված գործընթացներից են Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումները։ Առաջին կիսամյակի հարցումներն իրականացվել են փետրվարի 5-20-ը՝ առկա ուսուցմամբ սովորողների և մարտի 10-25-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորողների համար, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար։ Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով: Հաշվետու ուստարվա հարցումներին մասնակցել է մասնաճյուղի առկա ուսուցման ուսանողների 34․65%-ը, հեռակա ուսուցման՝ 28%-ը։ Ուսանողների մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված է ուսանողական էլեկտրոնային փոստերի քիչ գործածմամբ:

Հարցման արդյունքների ամփոփմամբ և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման ձևերում ամենաբարձր ցուցանիշներն ունեն Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատը և ֆակուլտետն ամբողջությամբ, իսկ ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետը և նրա դեկանատը:

Իրականացված հարցումների արդյունքներով դասախոսական կազմի՝ 2020-2021 ուստարվա տարեկան միջին գնահատականը կազմել է 4․71: Անհատական ցուցանիշները, ըստ կարգի, տրամադրվել են ֆակուլտետների դեկաններին՝ քննարկելու և վերլուծելու:

Առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների կողմից կատարված հիմնական առաջարկները հետևյալն են․

  • դասերն իրականացնել առկա,
  • հաշվի առնել ուսանողների կողմից գնահատված հարցման արդյունքները,
  • ավելացնել գործնական պարապմունքների ժամաքանակը։

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2020-2021 թթ. հարցման արդյունքների վերաբերյալ զեկուցեց Արտաքին կապերի բաժնի մասնագետ ԷՂարայանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կարևոր խնդիրներից է աշխատաշուկայի պահանջներին բավարարող, բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելը։ Իր կրթական գործունեության ընթացքում մասնաճյուղը մշտապես կարևորել է արտաքին շահակիցների կարծիքները և առաջարկները՝ դրանք հավաքագրելով ամենամյա իրականացվող հարցումների միջոցով։ 2011 թ․-ից իրականացվող այդ հարցումները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճ արձագանքել գործատուների պահանջներին։ Վերջին 4 տարիներին հարցումն իրականացվում է առցանց, անանուն, հարցմանը մասնակցում են մարզի գործատու կազմակերպությունների՝ հիմնականում բանկերի, դպրոցների, հյուրատների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները։ 2021 թ․-ին իրականացված հերթական ուսումնասիրության համար էլեկտրոնային հարցաթերթ ուղարկվել է 157 գործատուի, արձագանքել է 70-ը (45%-ը)։

Ուսումնասիրության նպատակն էր պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ։ 5 բալանի սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական, ստեղծագործական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:

Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը շարունակում է կատարել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ։

Գիտխորհրդի անդամները նշեցին, որ հարցման արդյունքում վերհանված խնդիրների շուրջ լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա։ Հարցումներն առավել արդյունավետ իրականացնելու և դրանց արդյունքները նպատակային կիրառելու ուղղությամբ առաջարկներ եղան հարցաշարը հստակեցնելու և կրճատելու, շահակիցների կողմից նկատված խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար ուսումնասիրության արդյունքները դասակարգելու ըստ առանձին մասնագիտությունների:

Օրակարգի 1-ին, 2-րդ և 3-րդ հարցերի վերաբերյալ զեկուցումները որոշվեց ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգի հաստատման վերաբերյալ զեկուցեց Որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ ներկայացված կարգի նախագիծը մշակվել է տնօրենի հանձնարարությամբ՝ ԿԲԴՎ բաժնի կողմից: Կրթական ծրագրերի ղեկավարների գործունեությունը կանոկակարգելու նպատակով բաժինը մշակել է կարգ և ծրագրերի ղեկավարների աշխատանքային պլանի օրինակելի ձև: Կարգի նախագիծը և աշխատանքային պլանը արժանանացել են տնօրենության և Որակի կառավարման մշտական հանձնաժողովի հավանությանը:

Կարգում ներկայացված են կրթական ծրագրերի ղեկավարներին  ներկայացվող պահանջները, նրանց պարտականություններն ու իրավունքները, կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքների մշտադիրտարկումն ու հաշվետվողականությունը:

Քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգը:

Ընթացիկ հարցի՝ ԵՊՀ ԻՄի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիսիտենտ, ֆմգթ ԱՄարգարյանին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Շամիլի Մարգարյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության՝ 2001թ. հուլիսի 9-ի  «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:

Ըստ նիստում անցկացված փակ, գաղտնի  քվեարկության դրական արդյունքների՝ որոշվեց.

  1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Շամիլի Մարգարյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
  2. Միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

 

 

Տեղի ունեցավ տնօրենության նիստ

Նիստի նկ.2022թ. հունվարի 25-ին Ա.Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի մասնագետ Ա.Ալեքսանյանը:

Առաջին հարցի՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման համակարգում 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծության մասին զեկուցեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը եղել է 27 (134 աշխատանք ընթացիկ քննությունից, 136 աշխատանք ընթացիկ ստուգումից):

ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացվել ուսանողներին:

ԿԲԴՎ բաժինը 2021թ. սեպտեմբերից 2022թ. հունվար ամիսներին կազմակերպել է 4 առցանց հանդիպում-քննարկում 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները, վերջին հանդիպման ժամանակ ներկայացվել են արդյունքները, դասախոսները ներկայացրել են առաջացած խնդիրները, ուսանողների ձեռքբերումներն ու բացթողումները: Բաժինը հետևել է, որ ամբիոններն ու դասախոսները պահպանեն Հետազոտական աշխատանքների պատրաստման և գնահատման կարգով սահմանված ժամկետները. թեմաները ժամանակին հաստատվեն ամբիոնների նիստերում, ժամանակին տրվեն ուսանողներին, և որ ամենակարևոր է` աշխատանքները գնահատվեն ըստ ներկայացված չափանիշների և գնահատման սանդղակի:

Հանդիպումների ժամանակ պարզ է դարձել, որ ամենամեծ խնդիրը գնահատման ձևի դեպքում՝ առանց եզարափակիչ գնահատման դասընթացներում է առաջանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դասընթացի երկրորդ մասը դուրս է մնում գնահատման պրոցեսից: Ուստի որոշվել է դիմել կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերին` հետազոտական աշխատանքներ պարունակող դասընթացների գնահատման ձևերը փոխելու` դարձնելու եզրափակիչ գնահատումով:

Որոշվեց.

  1. 2021-2022 ուստարվա առկա ուսուցման համակարգում 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծության մասին Ն.Գրիգորյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
  2. Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարել գործող կարգերի շրջանակներում կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերին աջակցել գնահատման ձևերը փոխելու և հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները եզրափակիչ գնահատումով դարձներու գործընթացում:

Երկրորդ հարցի՝ 2022-2023 ուսումնական տարվա ԵՊՀ ԻՄ-ի ուսման վճարների չափերի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա նշեց, որ 2020-2021 ուստարվա համար 5 մասնագիտություններում ուսման վարձավճարները որոշակի չափով բարձրացվել էին՝ հաշվի առնելով, որ մասնաճյուղում վարձավճարների չափը ամենացածրերից էր հանրապետությունում (ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նիստ, №44, 07-14.04.2020):

Այս հարցի կապակցությամբ արտահայտվեցին Գիտխորհրդի անդամները:  Ա.Մակարյանը նշեց, որ վարձավճարների չափերը երկար տարիներ մնացել էին անփոփոխ՝ բացառությամբ 5 մասնագիտական կրթական ծրագրերի («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»): Հաշվապահությանը հանձնարարվել էր իրականացնել հանրապետության մյուս բուհերի հետ համեմատական վերլուծություններ, որոնց համաձայն՝ մասնաճյուղի վարձավճարները դեռևս շարունակում են մնալ ամենացածրերից մեկը: Տնօրենը հավելեց, որ դեռևս նախանցած տարի Գիտական խորհրդում կարծիքներ էին հնչել տարեկան փոքր չափերով բարձրացնել ուսման վճարները, սակայն պատերազմական և համավարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշվել էր ձեռնպահ մնալ բարձրացումից:

Մ.Աթոյանը և Ա.Մարգարյանն առաջարկեցին բոլոր մասնագիտություններում վարձավճարները բարձրացնել սղաճի՝ 10%-ի չափով, իսկ Մ.Օթարյանն առաջարկեց բարձրացնել 20.000 ՀՀ դրամի չափով: Վ.Աղաբաբյանը կարծիք հայտնեց, որ Կիրառական արվեստի ֆակուլտետում վարձավճարները ճիշտ կլինի թողնել անփոփոխ, քանի որ տվյալ ֆակուլտետի ուսանողները դասապրոցեսին պատրաստվելու համար լրացուցիչ պարագաներ են ձեռք բերում իրենց հաշվին:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա համար բոլոր կրթական ծրագրերի (բացի Կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերից) վարձավճարները 20.000 ՀՀ դրամի չափով ավելացնելու առաջարկ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի քննարկմանը:

Երրորդ հարցի՝ Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի գործունեության հաշվետվության (2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր) և 2022թ. մասնաճյուղի գնումների պլանի մասին զեկուցեց ԳՄՊ բաժնի մասնագետ Ա.Ալեքսանյանը: Նա նշեց, որ Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը 2021թ. սեմտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար կատարել է էլեկտրոնային աճուրդով 1 մրցույթ, իսկ մեկ անձ՝ գնման ձևով 86 գնում: Ընդհանուր առմամբ կատարվել է 9.318.172 ՀՀ դրամի գնում: Էլեկտրոնային աճուրդով կայացած մրցույթներին մասնակցած 2 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր, որոնց արժեքը կազմել է 213.900 ՀՀ դրամ: Ձեռք բերված բոլոր ապրանքատեսակները մուտքագրվել են պահեստ: 2022 թվականի հունվար ամսին, ըստ հաստատված նախահաշվի, կազմվել է 2022 թվականի գնումների պլանը, որի հիման վրա կարող ենք սկսել գնումների գործընթացը:

Որոշվեց՝ Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի գործունեության հաշվետվության (2021թ. սեպտեմբերդեկտեմբեր) և 2022թ. մասնաճյուղի գնումների պլանի մասին Ա.Ալեքսանյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի նախապաշտպանության մասին զեկուցեց տվյալ կրթական ծրագրի համակարգող ԱՄարգարյանը: Նա նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի համաձայն՝ պաշտպանությունից 3 շաբաթ առաջ (հունվարի 12, 13) իրականացվել է թեզերի նախապաշտպանություն, որին մասնակցել է 24 ուսանողից 23-ը (1 ուսանող հիվանդության և թեզին վերաբերող պահանջները ժամանակին չկատարելու պատճառով չի մասնակցել նախապաշտպանությանը)։ Մինչև նախապաշտպանությունները ուսանողներին տրամադրվել է թեզի կառուցվածքի և ձևի մասին խորհրդատվություն: Նախապաշտպանության ողջ ընթացքին մասնակցել և կարևոր առաջարկություններ ու դիտողություններ է արել կրթական ծրագրի ղեկավար պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը։ Ուսանողներն իրենց աշխատանքներում առկա բացթողումներն ու թերությունները մինչև հունվարի 15-ը շտկել և թղթային ու էլեկտրոնային տարբերակով հանձնել են Ուսումնամեթոդական վարչության մագիստրոսական ծրագրի իրականացման պատասխանատուին։ Արդեն ընտրված են գրախոսները (հիմնականում դրսից), թեզերն ուղարկվել են գրախոսման (վերջնաժամկետը՝ 29․01․2022)։ Ներկայումս և՛ գրախոսությունները, և՛ ղեկավարների կարծիքները հավաքագրում են: Հրամանագրված են հանձնաժողովը, քարտուղարը: Կազմվում է ժամանակացույց, որով ուսանողները, ղեկավարներն ու գրախոսները կտեղեկանան իրենց մուտքերի ժամերի մասին: Ամփոփիչ ատեստավորումը լինելու է առկա տարբերակով, իսկ ղեկավարի և գրախոսի մասնակցությունն ապահովելու համար հնարավոր կլինի նաև առցանց տարբերակով մասնակցությունը։ Թեզերի պատպանությունը տեղի է ունենալու 2022թ․ փետրվարի 5-ին:

Որոշվեց՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի նախապաշտպանության մասին Ա.Մարգարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ հեռակա ուսուցման համակարգում ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին, որի համաձայն՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Որոշվեց՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողի ուսանողական իրավունքները:

Ընթացիկ վերջին՝ մասնաճյուղից ուսանողի հեռացման հարցի մասին դարձյալ զեկուցեց ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը: Նա նիստի մասնակիցներին ներկայացրեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ․Պողոսյանի զեկուցագիրը, ըստ որի՝ ՀԳՖ հեռակա ուսուցման համակարգի 1 ուսանող (պայմանական հրամանագրված) առարկայական տարբերությունները չհանձնելու պատճառով ենթակա է մասնաճյուղից հեռացման:

Որոշվեց՝ հիմք ընդունելով Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար ԿՊողոսյանի զեկուցագիրը և ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 628 կետի պահանջները` ՀԳՖ հեռակա ուսուցման համակարգի տվյալ ուսանողին (պայմանական հրամանագրված) առարկայական տարբերությունները չհանձնելու պատճառով 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից:

Մեր ուսանողուհին արժանացավ Երևանում ՌԳՄԿ-ի սահմանած «2021 թվականի լավագույն ուսանող» մրցանակի

1. գլխավոր 2022թ. հունվարի 25-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը՝ Երևանում Ռուսական տան աջակցությամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի և Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի մասնակցությամբ:

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ այդ օրը Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հավաքվում են հյուրեր, ուսանողներ և դասախոսներ Երևանից և մարզային բուհերից՝ շնորհավորելու ուսման մեջ առաջադեմ և հասարակական գործունեությամբ ակտիվ ուսանողներին, նրանց շնորհելու դիպլոմներ և մեդալներ:

«2021 թվականի լավագույն ուսանող» անվանակարգում լավագույն էին ճանաչվել 16 ուսանողներ Երևանից, Վանաձորից, Գավառից, Շիրակից և իհարկե Իջևանից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, լավագույն ուսանող ընտրելու առաջարկին ի պատասխան, առաջադրել էր «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վանեսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության ուսանողների մեջ նրա ցուցաբերած բարձր առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:

Մրցանակաբաշխությանը «2021 թվականի լավագույն ուսանող» անվանակարգում Արփինե Վանեսյանը ստացավ դիպլոմ և մեդալ:

Առաջադրվածներին ողջունեց Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Ժ. Գ. Բաղիյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Մ. Վ. Սելեզնևը և Երևանում Ռուսական տան մշակութային և պատմական նախագծերի բաժնի վարիչ Ա. Ռ. Արզումանյանը:

Վերջում ուսանողներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը՝ մասնավորապես նշելով, որ ճանապարհին լինելու են տարբեր կրթական վերափոխումներ, որոնց պետք է արագ հարմարվել, համարձակորեն յուրացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հաղթահարել նոր հարթակներ: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները բարձրացնում են ուսանողների մոտիվացիան և նրանց կողմնորոշում դեպի նոր գիտելիքներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից մենք ևս սիրով շնորհավորում ենք Արփինե Վանեսյանին, մաղթում ենք նրան նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, նպատակասլացություն և անսպառ եռանդ՝ իր գիտելիքներն ու կարողություններն արդյունավետ կիրառելու ճանապարհին: