Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

1. գլխավոր

2021թ. հուլիսի 17-ին, 23 և 24-ին ավարտական վկայականներ հանձնվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-21 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 356 շրջանավարտների:

Այս տարվա դիպլոմների հանձնման գործընթացը, համավարակով պայմանավորված,  նպատակահարմար է համարվել իրականացնել ոչ թե մեկ, այլ երեք օրում՝ ըստ ուսուցման ձևերի և մասնագիտությունների շրջանավարտների որոշակի խմբավորմամբ:

Դիպլոմների հանձնման արարողությանը գլխավորապես մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, հարազատներ:

Միջոցառման մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր քաջ հայորդիների հիշատակին, հնչեցրին պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած համալսարանականների՝ ուսանողների և շրջանավարտների անունները, որոնց շնորհիվ իրենք այսօր հնարավորություն ունեն ստանալու իրենց ավարտական վկայականները:

Շրջանավարտներին ուղղված շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գայանե Ավետիսյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մարատ Զուրաբյանը, բաժնի վարիչի տեղակալ Մուշեղ Սարուխանյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Լուիզա Մադաթյանը և փոխնախագահ Հրաչուհի Թամամյանը:

Դիմելով շրջանավարտներին՝ Ա.Մակարյանը մասնավորապես նշեց.

«-Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ և մասնաճյուղի համար այսօր իսկապես հիշարժան օր է այն առումով, որ դուք մտնում եք կյանքի նոր փուլ: Եվ մենք շատ կուզենայինք, որ այն դիպլոմները, որոնք տրվելու են ձեզ այսօր, դառնան բոլոր փակ դռների համար բանալի, իսկ այն գիտելիքներն ու կարողությունները, որ ստացել եք մեր դասախոսական կազմից, օգնեն, որ ձեր արժանի տեղը գտնեք կյանքում: Դուք այսօրվանից լքում եք համալսարանը, բայց դա չի նշանակում, որ դուք հեռանում եք մեզանից. մենք անընդհատ հետևելու ենք ձեր առաջընթացին, սպասելու ենք ձեր կողմից լավ գործերի, նոր ձեռքբերումների և ուրախանալու ենք այդ ձեռքբերումներով: Կուզենանք, որ համալսարանի բոլոր միջոցառումներին դուք մասնակցեք: Իմացե՛ք, որ համալսարանի դռները միշտ բաց են մեր բոլոր շրջանավարտների առաջ:

Այս նոր իրավիճակը, որը էապես տարբերվելու է համալսարանական կյանքից, ձեզանից պահանջելու է նոր կարողություններ… Պատահական չէ, որ նոր եզրույթ է մտել կրթության մեջ, որը կոչվում է «կրթություն ողջ կյանքի համար»: Շատ լավ կլինի, եթե մենք կարողացած և ձեզ տված լինենք այդպիսի հնարավորություններ, այսինքն՝ դուք կարողանաք ձեր կրթությունը շարունակել և՛ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, և՛ իհարկե աշխատանքի վայրում: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ, որ իրականանան նրանց բոլոր նվիրական երազանքները, նրանց բոլորին մաղթել կանաչ ճանապարհ և բարի երթ: Շնորհակալություն»:

Շնորհավորական խոսքերին հաջորդեց դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նախ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին հանձնեց գերազանցության դիպլոմները, ապա մասնաճյուղի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները հանձնեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին:

ԵՊՀ ԻՄ-ի ողջ անձնակազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի` 2020-21 ուստարվա բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում  անձնական և մասնագիտական մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ, նպատակների և իղձերի իրականացում, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու խոր գիտակցում, կանաչ ճանապարհ և ամենայն բարիք….