Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

1. գլխավոր

2021թ. մայիսի 18-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նախ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, գյուղատնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մարզպետարանում կայացած ընդունելությունից հետո Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Մասնաճյուղում կայացած հանդիպման ընթացքում տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը համառոտ ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը, իրականացվող մասնագիտությունները և մասնաճյուղի շրջանավարտների կարևոր դերը տարածաշրջանի զարգացման գործում: Նշվեց նաև ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության մասին, որի շնորհիվ մասնաճյուղում հիմնադրվել է երկու կենտրոն՝ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտման, Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներուժը, որի հետ մասնաճյուղն ունի համագործակցության հուշագիր՝ բարձրագույն կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ռուսական բուհերի հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյողում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն, որտեղ պարբերաբար իրականացվում են ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող հոբելյանական ու հիշատակի միջոցառումներ, գիտական ընթերցումներ, ցուցադրություններ և այլն:

Հանդիպման վերջում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը ստացավ նվեր:

Շիրակի պետական համալսարանի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

glxavor

2021թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչները՝ ռեկտորի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Երվանդ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, բ.գ.թ., դոցենտ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի  կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հովիկ Մելքոնյանը, Արվեստի ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Օֆելյա Կուրազյանը, այլ աշխատակիցներ, ուսանողներ:

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը, խորացնել և զարգացնել երկու բուհերի միջև համագործակցությունը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Հյուրերի պատվին ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների վառ ու հետաքրքիր աշխատանքները:

Նախքան ցուցահանդեսի դիտումը համալսարանական հյուրերին իրենց ոգեշնչող ու գեղեցիկ կատարումներով ողջունեցին Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները և ուսուցիչները:

Ցուցադրված աշխատանքները դիտելուց հետո ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և դասախոսների համար 19-րդ դարի ռուս գեղանկարչության վերաբերյալ հետաքրքիր ակնարկային դասախոսությամբ հանդես եկավ Շիրակի պետական համալսարանի արվեստի ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը:

Այնուհետև կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանի հետ ՇՊՀ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի) և Շիրակի պետական համալսարանի (ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե.Սերոբյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը համագործակցելու կրթական ու գիտահետազոտական ոլորտներում, մասնավորապես՝ իրականացնելու ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպելու համատեղ վարպետության դասեր, ճանաչողական այցեր, պրակտիկաներ, գիտաժողովներ:

Հետևելով օրվա խորհրդին (1995թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակել է որպես Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր)՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի վարիչ, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄարատ Զուրաբյանը Շիրակի պետական համլսարանին նվիրեց հեղինակային, մասնագիտական գրքեր:

Հաջորդիվ երկու համալսարանների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները և ուսանողները այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան և դիտեցին պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշները, Իջևանի և Տավուշի մարզի տարածքից հայտնաբերված գտածոները:

Այնուհետև խումբը ապրիլի 24-ի նախօրեին այցելեց Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ դնելու հուշարձանին:

Հյուրերը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին նաև Իջևանի դենդրոպարկ, որտեղ ծանոթացան աշխարհի տարբեր երկրներից բերված յուրօրինակ ծառերի ու թփերի տեսականուն:

Շիրակի պետական համալսարանի պատվիրակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացավ ջերմ տպավորություններով, փոխադարձ այցի ակնկալիքով և համագործակցության ծրագրերի իրականացման պատրաստակամությամբ:

Մասնաճյուղում մեկնարկել է «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների անվճար վերապատրաստումների շարքը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց «Աշխարհագրություն» և «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկաները դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվող անվճար վերապատրաստումների շարքը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Առաջին սեմինարը, որը նվիրված էր Հանրակրթության պետական չափորոշչին և սպասվող փոփոխություններին, վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 2 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարավարը ներկայացրեց Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը: Նա մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը ներառում է կրթական քաղաքականության հիմնական դրույթները, ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները և  շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ):

Պարոն Հովհաննիսյանը նաև խոսեց «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի պետական չափորոշչի մասին՝ միաժամանակ ներկայացնելով աշխարհագրության դասընթացների՝ հանրակրթական պետական առարկայական օրինակելի ծրագրի համար առաջարկվող կառուցվածքը:

Սեմինարի մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստման կազմակերպիչներին և սեմինարավարին՝ բովանդակալից և պատշաճ կարգով կազմակերպված սեմինարի, նյութը մատչելի կերպով մատուցելու համար, ընդգծեցին նմանատիպ միջոցառումների, ուսուցիչներին մեթոդական աջակցություն տրամադրելու կարևորությունը:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ կադաստրի կոմիտեի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Հուշագրի կնքման նկար

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (ի դեմս ղեկավար Սուրեն Թովմասյանի) միջև կնքվել է ուսանողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացն իրականացնելու մասին համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի նպատակն է ապահովել Կոմիտեում Համալսարանի ուսանողների (այսուհետ՝ պրակտիկանտներ) վերապատրաստումը և մասնագիտական որակավորման բարձրացումը:

Կողմերը համագործակցության շրջանակներում կիրականացնեն մի շարք միջոցառումներ:

 

Կոմիտեն՝

  1. կիրականացնի պրակտիկանտների վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացներ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցման, դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, անշարժ գույքի գնահատման, դրա հաշվառման (չափագրման), հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտներում,
  2. կկազմակերպի ուսումնական պլաններին համապատասխան գործնական պարապմունքներ Կոմիտեի աշխատակիցների (քաղաքացիական ծառայողների և այլ մասնագետների) և Համալսարանի մասնագիտական ամբիոնների դասախոսների հետ համատեղ Կոմիտեի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7),
  3. կիրականացնի ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ, ինչպես Կոմիտեի վարչական շենքում, այնպես էլ սպասարկման գրասենյակներում ու տարածքային ստորաբաժանումներում (ըստ անհրաժեշտության),
  4. կկազմակերպի սեմինարներ, դասընթացներ և այլ քննարկումներ,
  5. կապահովի Կոմիտեի աշխատակիցների մասնակցությունը Համալսարանի բակալավրիատի ավարտական աշխատանքների պատրաստման և գնահատման գործընթացներին:

Համալսարանը՝

  1. կաջակցի Կոմիտեի կողմից իրականացվող՝ ուսանողների արտադրական պրակտիկայի և ուսումնական դասընթացների կազմակերպմանը,
  2. կիրականացնի խորհրդատվություն Կոմիտեի աշխատակիցների համար՝ գիտահետազոտական և մասնագիտական գործունեության իրականացման վերաբերյալ,
  3. օրենսդրությամբ սահմանված կարգով կաջակցի Կոմիտեին՝ համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացում:

   Կողմերի փոխհամաձայնությամբ կարող են իրականացվել նաև կնքված հուշագրի նպատակներից բխող այլ միջոցառումներ:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

1. գլխավոր

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի) և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (ի դեմս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Ա. Սարգսյանի) միջև կնքվել են համագործակցության հուշագիր և կենտրոնի մագիստրանտների պրակտիկաների կազմակերպման վերաբերյալ պայմանագիր ու համաձայնագիր:

Հուշագրի կնքումը, որի նպատակը Կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է, հուշագրով նախատեսված մի շարք ուղղություններով համագործակցության ծրագրերի իրականացումը, նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:

Համագործակցության հիմնական ուղղություններն են.

ա) ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում և ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների քննարկում և կազմակերպում,

բ) ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում և ԵՊՀ ԻՄ-ում մշակված առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացում,

գ) սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում՝ նախապես հաստատելով փոխանակման պայմանները, ֆինանսավորումը,

դ) կրթական ծրագրերի և/կամ առանձին դասընթացների համատեղ մշակում՝ սովորողների համար հնարավորություններ ստեղծելով կրթություն ստանալու նաև հեռաուսուցման միջոցով,

ե) սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, թեմատիկ բանավեճերի կազմակերպում,

զ) գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացում,

է) ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և ԵՊՀ ԻՄ-ի գիտական ամսագրերում ուսումնագիտական համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում,

ը) Կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում,

թ) սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում, գիտակրթական ն մեթոդական գրականության ու մասնագիտական զարգացմանը նպաստող էլեկտրոնային աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների, դասագրքերի, ուսումնական նյութերի, ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և խմբագրում,

ժ) հանրապետական և միջազգային համատեղ գիտաժողովների կազմակերպում,

ժա) կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային համատեղ ծրագրերի իրականացում,

ժբ) մյուս Կողմին արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում որպես գործընկեր ներգրավում,

ժգ) Կողմերի իրականացրած կրթական, գիտական, մշակութային այլ ծրագրերին, կազմակերպած միջոցառումներին մասնակցություն:

Կողմերն իրավունք ունեն հանդես գալու հուշագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման ու անցկացման նախաձեռնողի դերում:

Համագործակցության նպատակով, հուշագրի հիման վրա, Կողմերը պարտավորվում են.

ա) ժամանակին միմյանց փոխանցել համապատասխան տեղեկատվություն, որը վերաբերում է հուշագրով նախատեսված համատեղ ծրագրերի ու միջոցառումների անցկացմանը,

բ) անվճար հիմունքներով խորհրդատվություն տրամադրել ծրագրի ու միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերում,

գ) ապահովել անհրաժեշտ նյութական բազա և պայմաններ համատեղ ծրագրեր իրականացնելու և միջոցառումներ անցկացնելու համար,

դ) նախօրոք տեղեկացնել միմյանց համագործակցության ընթացքում առաջացող խնդիրների մասին և համատեղ ուժերով ապահովել դրանց լուծումը:

Կողմերի միջև կնքված մեկ այլ փաստաթղթի՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտների պրակտիկայի կազմակերպման մասին պայմանագրի համաձայն՝ կենտրոնի մագիստրանտները հնարավորություն կունենան անցնելու գիտահետազոտական կամ զիտամանկավարժական պրակտիկա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

ԵՊՀ ԻՄ-ի կողմից կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ պրակտիկայի ծրագրով նախատեսված հանձնարարությունների իրականացման համար, պրակտիկայի ղեկավարներ կնշանակվեն համապատասխան մասնագիտական հմտություններ ունեցող առաջատար մասնագետները: