Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում իրականացվում են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

1. գլխավոր 2023թ. սեպտեմբերի 5-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նորից մեկնարկեցին պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը:

Վերապատրաստումներն իրականացվում են՝ հիմնվելով ԿԳՄՍ նախարարի՝ ԵՊՀ ԻՄ-ը որպես ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատաստող կազմակերպություն երաշխավորելու և դասընթացների ցանկը հաստատելու և ԵՊՀ ԻՄ-ի կողմից ներկայացված հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլները հաստատելու մասին հրամանների վրա: Դեռևս 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն էր ստացել կազմակերպելու ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստումների մեկնարկից առաջ ուսուցիչներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով իրականացվող վերապատրաստումների դերը ուսուցիչների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացման և փորձի փոխանակման գործում, մաղթելով բարի ընթացք:

Հերթական ատեստավորման ենթակա ավելի քան հինգ տասնյակ ուսուցիչների վերապատրաստումները ԵՊՀ ԻՄ-ում իրականացվելու են բոլոր բաղադրիչներով հետևյալ մոդուլների համար.

  1. տարրական դասարաններ,
  2. հայոց լեզու և գրականություն,
  3. պատմություն,
  4. հասարակագիտություն,
  5. աշխարհագրություն
  6. անգլերեն,
  7. ֆրանսերեն,
  8. ռուսաց լեզու,
  9. մաթեմատիկա:

Վերապատրաստումները նպատակ ունեն զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մոտեցումներով և նորարարական մեթոդներով դասավանդման հմտությունները: Դրանք իրականացվելու են առկա եղանակով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից:

ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2023-2024 ուսումնական տարին

1. գլխավոր 2023թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ): Այս տարի Մայր բուհի սահմանապահ մասնաճյուղն իր հարկի տակ ընդունել է 161 առաջին կուրսեցիների:

2023-2024 ուստարում հաճելի անակնկալ էր սպասում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ վճարովի հիմունքներով ընդունված այն 4 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Պարոն Մակարյանը ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրեր հանձնեց «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Աշոտի Վարդումյանին, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ Գեղամի Ներկարարյանին, «Հոգեբանություն» մասնագիտության աառաջին կուրսի ուսանողուհի Սերինե Գեորգիի Պատառյանին և «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մերի Հրաչյայի Բաղդասարյանին:

 Միջոցառման շրջանակներում իրականացվեց նաև «Տարվա ուսանող-2023» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը. ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2023թ. շրջանավարտ Նարա Արմենի Մելքումյանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Էռնեստ Խանումյանը՝ ընդգծելով. «Այս տարի Գիտելիքի և դպրության օրը տոնում ենք միասնությամբ և վճռականությամբ՝ վերստին կարևորելով ուսանողների շարունակական հզորացումը, ուսանողակենտրոն նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունն ու ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին` բոլոր դրսևորումներով»:

Ապա կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա առավելագույն միավորներ հավաքած դիմորդը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանը: Համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը: Պահպանելով ավանդույթը՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը փոխանցեց առաջին կուրսեցի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանին:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա դասերը:

 

 

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ուղերձը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ

Տնօրենի ուղերձի նկարը1 Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և օժանդակ անձնակազմի անդամներ, ջերմորեն շնորհավորում եմ նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, մաղթում նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ, ուսումնատենչ ոգի և նպատակասլացություն, մասնագիտական առաջընթաց և ամենայն բարիք….

Այսօր հիշարժան օր է, մեծ տոն բոլոր համալսարանականներիս և առանձնապես առաջին կուրսեցիների համար, ովքեր դպրոցական 12 երկար տարիներից հետո մուտք են գործել մեծ կյանք, համալսարանական միջավայր: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, թո՛ղ բարի լինի ձեր մուտքը մեր համալսարան՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, թո՛ղ մեր սիրված ջերմ կրթօջախում իրականություն դառնան բոլորիդ նվիրական ցանկությունները, լուսավոր գաղափարներն ու նպատակները:

Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, երկրի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը, հիրավի, կրթված և առաջադեմ երիտասարդներն են: Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում և խորապես հավատում եմ, որ ուսանողական տարիները կլինեն ձեր կյանքի լավագույն ու հիշարժան, վառ տպավորությունների, հարուստ գիտելիքների ամբարման, հետաքրքիր մտահղացումների և ստեղծարար նախաձեռնությունների իրականացման, ինքնազարգացման և մասնագիտական աճի տարիներ:

Տարածաշրջանում առաջատար դիրք ու նշանակություն ունեցող մեր կրթօջախում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսները (առաջին հերթին բարձրակարգ և արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմ, ժամանակակից կահավորմամբ լսարաններ, արվեստանոցներ, հարուստ գրադարան, մարզասրահ և այլն) որակյալ կրթություն տրամադրելու, աշխատաշուկայում պահանջված և մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ առաջին կուրսեցիներին մաղթում եմ բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և բոլոր համալսարանականներիս ցանկանում հաջող և արդյունավետ ուսումնական տարի….

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար,

ֆիզ.մաթ. գիտ. թեկն., դոցենտ Անուշավան Մակարյան

Տնօրենության նիստ

1. գլխավոր. IMG_6600 2023թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 1 հարցերով:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանի հաստատմանը, նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը (լուծարքային շրջանը ներառյալ), 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրմանը վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանում նախանշված էին 2023-2024 ուստարվա ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հիմնական աշխատանքները՝ իրենց պատասխանատուներով, ժամկետներով, համագործակցող ստորաբաժանումներով: Ժամկետների փոփոխության առնչությամբ տնօրենության անդամների կողմից կատարվեցին որոշ առաջարկություններ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության տարեկան աշխատանքային պլանը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:

2023-2024 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ ներկայացվեց, որ իրականացվել են դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի ու խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Հաստատված դասացուցակները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում: Այդ կապակցությամբ տնօրենը նաև դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ դասացուցակները գործավարների կողմից ուղարկված լինեն դասախոսների էլեկտրոնային հասցեներին: Նշվեց, որ մասնաճյուղը լիովին պատրաստ է նոր ուսումնական տարվան:

2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփման (լուծարքային շրջանը ներառյալ) մասին նշվեց, որ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են առկա ուսուցման 506 և հեռակա ուսուցման 402 ուսանողներ (ավարտական կուրսերը չհաշված): Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ մասնաճյուղից հեռացվում է 4 ուսանող (առկա ուսուցման համակարգի 1 և հեռակա ուսուցման 3): Ակադեմիական պարտքեր է կուտակել 21 ուսանող (2-ը՝ առկա, 19-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորող):

Ըստ քննաշրջանի արդյունքների՝ դասընթացը կրկնող ուսանողներ չունենք:

2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) տրամադրման հարցի հետ կապված՝ «Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից առաջարկվեց «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վահեի Վանեսյանի թեկնածությունը, իսկ «Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար Տնտեսագիտության ֆակուլտետի կողմից ներկայացվեց «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մալվինա Հովհաննեսի Վարդապետյանի թեկնածությունը:

Առաջարկված թեկնածությունները հավանության արժանացան տնօրենության անդամների կողմից:

Ընթացիկ հարցը վերաբերում էր 1 ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելուն: Նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել է ուսանողի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին, որի համաձայն՝ նրան թույլատրվում է վերականգնել իր ուսանողական իրավունքները:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և բոլորին մաղթեց բարեհաջող ուսումնական գործընթաց:

ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների ընդունելություն

General (2) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2023-2024 ուստարվա փաստաթղթերի ընդունելությունը:

ԵՊՀ ԻՄ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները:

Մասնաճյուղում կրթությունը շարունակելու համար մինչև ս.թ. օգոստոսի 30-ը ներառյալ անհրաժեշտ է առցանց եղանակով՝ akiaib@ysu.am էլ. հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը և հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)․

  1. դիպլոմ և դիպլոմի հավելվածը (հավելվածը պետք է սկանավորված լինի երկու կողմից),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ,
  3. արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ:

Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավել դիմում-հայտ։