Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր. IMG_7183 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա առաջին նիստը՝ օրակարգային 5 և ընթացիկ 4 հարցերով:

Հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգը, 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը (նոր խմբագրությամբ) և ԵՊՀ ԻՄ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների համար նախապատրաստական դասընթացների իրականացման կարգը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ՝ 2024թ. առկա ուսուցմամբ ընդունելության բակալավրի մասնագիտությունների և կրթական ծրագրերի ցանկի, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ․Կարապետյանի հեղինակած «Թելադրությունների ձեռնարկ»-ը տպագրության երաշխավորելու, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Մ․Սարուխանյանին և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մ․գ․թ․ Լ․ Հարությունյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու, ԵՊՀ ԻՄ-ում հոգեբանական ծառայություններ մատուցելու մասին հարցեր:

Սահմանված կարգով՝ բաց քվեարկությամբ, որոշվեց ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Մ․Կարապետյանի հեղինակած «Թելադրությունների ձեռնարկ»-ը երաշխավորել տպագրության:

Նիստում անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել  Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Մ․Սարուխանյանին և Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մ․գ․թ․ Լ․ Հարությունյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրանց շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

Վերջին հարցի մասին նշվեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից՝ մեր դասախոսները պատրաստակամություն են հայտնել հոգեբանական անվճար ծառայություններ մատուցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մարզի բնակիչներին, մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին: Այդ և հետագայում մասնաճյուղում հոգեբանության կենտրոն ստեղծելու գործընթացում աջակցության պատրաստակամություն են հայտնել նաև ԵՊՀ մեր գործընկերները: Ըստ այդմ՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել և մատուցել հոգեբանական խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ ԵՊՀ ԻՄ ուսանողներին, աշխատակիցներին և Տավուշի մարզի բնակիչներին, ԵՊՀ ռեկտորին ներկայացնել առաջարկություն ԵՊՀ ԻՄ-ում հոգեբանության կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Վոլ. առաջն. հայտ. նկար 

2023թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն։ 

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 11-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոսներին (հեռ.՝ 094 88 00 78, 094 69 08 10):

Այսօր Գրադարանավարի օրն է

Գրադարանավարի օրվա նյութի նկար 

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես «Գրադարանավարի օր»: 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին և առանձնապես ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի աշխատակիցներին՝ ցանկանալով նրանց անսպառ ուժ ու եռանդ իրենց կարևոր աշխատանքում, առողջություն և ամենայն բարիք:

Սիրելի՛ գրադարանավարներ, մաղթում ենք, որ սիրով և բարով իրականացնեք ձեր կարևոր առաքելությունը՝ գրքերի, հոգևոր-մշակութային ժառանգության գանձերի պահպանման և ընթերցողին դրանց լավագույնս հաղորդակից դարձնելու մարտավարությունը, չէ՞ որ, ինչպես մեծն Չարենցն է ասել՝

Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:

Արևների նման բազմապիսի,

Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –

Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին

Բարբառում են անձուկ ու մտերիմ:

Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,

Ծնված զանազան դարերում ու երկրներում,

Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,

Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում…

Ակնկալվում է ընդլայնել և խորացնել Մայր բուհ-մասնաճյուղ համագործակցությունը

1. գլխավոր Աշխատանքային այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր Մայր բուհի ներկայացուցչական խումբը՝ ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն Աննա Բաբաջանյանը, Ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռուբեն Աբրահամյանը, ԵՊՀ բակալավրիատի բաժնի վարիչ Մարինե Ստեփանյանը, Դասախոսների որակավորման բարձրացման բաժնի համակարգող Անուշ Ստեփանյանը:

Այցելության նպատակն էր քննարկել Մայր բուհ–մասնաճյուղ համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք առնչվում են ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին, գործունեության ռազմավարական պլանավորմանը, տարբեր ոլորտներում համագործակցային նախագծերի մշակման հնարավորություններին, կրթական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, արտաքին և ներքին հաղորդակցման գործընթացներին:

Համալսարանականները ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի ուղեկցությամբ նախ շրջայց կատարեցին մասնաճյուղում, դիտարկեցին ուսումնական ռեսուրսները, տեղում ծանոթացան աշխատակազմի անդամների հետ, ֆակուլտետների և ամբիոնների, վարչական ստորաբաժանումների, ուսումնագիտական կենտրոնների, լաբորատորիաների և արվեստանոցների գործունեությանը:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ըստ ոլորտների ձևավորված առանձին խմբերի հետ անցկացվեցին հանդիպումներ:

Անձնակազմի անդամների հետ հանդիպման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, Ռ.Բարխուդարյանը և Ա.Մակարյանը:

Աշխատանքային այցի նպատակները ներկայացրեց Ա.Բաբաջանյանը՝ անդրադառնալով քննարկվելիք հարցերի շրջանակին, Մայր բուհ-մասնաճյուղ կապի ամրապնդման հնարավորություններին և ԵՊՀ ԻՄ-ի զարգացման տեսլականին:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկա վիճակի մասին հաղորդեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ներկայացնելով ԵՊՀ ԻՄ-ի առաքելությունը, ռազմավարական նպատակները և զարգացման խնդիրները, անդրադարձավ բակալավրի և մագիստրոսական գործող կրթական ծրագրերին, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսներին:

Ստորաբաժանումների հետ իրականացված թիրախային հանդիպումների ընթացքում քննարկվեցին կրթական ծառայությունների որակին, ֆինանսական գործունեության արդյունավետ պլանավորմանը, համայնքի հետ աշխատանքներին, շարունակական կրթության հնարավորություններին, թվայնացմանը և տվյալների հետ աշխատանքին, արտաքին և ներքին հաղորդակցությանը, գիտական գործունեությանը, համագործակցային նախագծերին վերաբերող հարցեր:

Հանդիպումներն ուղեկցվեցին արծարծված հարցերի շուրջ ակտիվ ու արդյունավետ քննարկումներով և ամփոփվեցին Մայր բուհ–մասնաճյուղ կապի հզորացման, մասնաճյուղի ներկա վիճակի գնահատման, այցի արդյունքների վերաբերյալ պրոռեկտորներ Մ.Հովհաննիսյանի և Ռ.Բարխուդարյանի ելույթներով:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի պատվիրակությանը աշխատանքային այցի, իրականացված ադյունավետ քննարկումների համար՝ վստահեցնելով, որ Մայր բուհի դրական փորձի կիրառումը և համագործակցության խորացմանն ուղղված քայլերը միարժեքորեն կնպաստեն մասնաճյուղի գործունեության արդյունավետության աճին:  

Սիրով շնորհավորում ենք…

Միրա Կարապետյան

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Օտար լեզուների ամբիոնի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի ասիստենտ, ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակից, սիրված դասախոս Միրա Զավենի Կարապետյանին ծննդյան հոբելյանի առթիվ:

Մաղթում ենք երջանկություն, առողջություն, անձնական և մասնագիտական նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով, շարունակական վերելքներով լի երկար տարիների հետաքրքիր և բովանդակալից կյանք, ամենալավն ու բարին…