Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստերում

2016թ. հուլիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին գիտխորհուրդների անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքներին, հաշվետու ուստարում ֆակուլտետներում իրականացված աշխատանքներին, ֆակուլտետների մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածություններին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նախագահ, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ն.Խուդավերդյանն ամփոփեց  2015-2016  ուստարվա  ամառային  քննաշրջանի  արդյունքները, ներկայացրեց  ընթացիկ  ուստարում    դեկանատի և   մասնագիտական  ամբիոնների  կողմից իրականացված աշխատանքները, ըստ մասնագիտությունների ամփոփեց ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Նա մասնավորապես նշեց, որ քննաշրջանը  կազմակերպվել  է 103 (28  անվճար,  75  վճարովի)  ուսանողների  համար: Ստուգարքներն  ու  քննությունները  դրական  է  հանձնել 79  ուսանող  (48` տնտ. տես.,  31` սերվիս): Ըստ այդմ`  ընդհանուր  առաջադիմությունը  կազմել  է  77%:  Համեմատած  նախորդ  (2014-2015)  ուստարվա  համապատասխան  կիսամյակի  առաջադիմության  ցուցանիշի  (72%)  հետ`  գրանցվել  է  5%  աճ,  իսկ  2015-2016  ուստարվա  առաջին  կիսամյակի  ցուցանիշի  (67%)  հետ`  10%  աճ:

Դրական համարվեց այն փաստը,  որ  ֆակուլտետի  անվճար  համակարգում սովորող ուսանողները ցուցաբերել են գրեթե 100% առաջադիմություն  (բացառությամբ  տնտ.  տես.  I  կուրսի` 93% ): Քննաշրջանի արդյունքում 11 ուսանող գրանցել է բացարձակ գերազանց առաջադիմություն (5` տնտ. տես., 6` սերվիս):

Նշվեց, որ 2015-16 ուստարվա ընթացքում 44 ուսանողներ ներկայացվել են կրթաթոշակի, որոնցից երեքը` տարբեր կարգի անվանականների: Ընդգծվեց, որ այդ գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում ֆակուլտետի ուսանողները` որպես գլխավոր շահառու և նշված գործընթացների օբյեկտիվության մակարդակի գնահատող: Դեկանատը մշտապես հետևողական վերահսկողություն է իրականացրել ուսանողների կարգապահության և հաճախումների հարցում:

02-07-2016-1

Շեշտվեց, որ ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից պահանջները: Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտական ամբիոնները, որոնք իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ քաղաքականության մշակումն ու իրացումը, նրանց մասնագիտական  և մանկավարժական  կարողությունների  ընդլայնման մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվեց նաև, որ գործող ամբիոններում 2015-16 ուստարում գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների տեսակարար կշիռը մեծացել է: Երկու մասնագիտական ամբիոններն էլ բավականին լուրջ են վերաբերվում արտադրական պրակտիկաների ծրագրավորմանն ու կազմակերպմանը:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը, ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները, նշեց, որ ֆակուլտետում առաջադիմությունը կազմել է 85,53%: 2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցել է 85 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ ստացել է 3 ուսանող: Ֆակուլտետի 14 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով: Ֆակուլտետի 12 ուսանող օգտվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցումից:

Ապա ֆակուլտետի  դեկանն, անդրադառնալով հաշվետու ուստարում կատարված աշխատանքներին, նշեց, որ ֆակուլտետն ունի բաց, հրապարակային գործելակերպ. ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը մատչելի է և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար: Նա ընդգծեց, որ հաշվետու ուստարում ավելացել է ներկայացված ուսանողական զեկուցումների թիվը, որոնց հրապարակայնությունն ապահովվել է մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով:

Ֆակուլտետների գիտխորհուրդների ընդլայնված նիստերում նշվեց, որ  պատրաստ են 2016-2017 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունները, դասախոսները կարող են նոր ուսումնական տարվա համար կազմել իրենց աշխատանքային ու անհատական զարգացման պլանները և նախապատրաստել դասընթացների փաթեթները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև բուհի ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի և ֆակուլտետների վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստում

 2016թ. հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ. ասիսիտենտ Ա.Մարգարյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը,  ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների, ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների մասին հարցեր, ներկայացվեց  2015-2016 ուստարվա վերաբերյալ ֆակուլտետի  դեկանի   ամփոփ   հաշվետվությունը:

Ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները` զեկուցողը մասնավորապես նշեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցի:

Ներկայացվեց, որ Կիրրառական արվեստի ֆակուլտետում բացարձակ առաջադիմությունը կազմել է 89.29%:

2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցած 84 ուսանողներից քննությունները հանձնել է 75-ը, իսկ 9 ուսանողներ ստացել են անբավարար գնահատականներ:  

Այնուհետև ֆակուլտետի  դեկանն   ամփոփեց    2015-2016 ուստարվա ընթացքում ֆակուլտետում կատարված աշխատանքները: 

Նշվեց, որ ֆակուլտետում թե՛ դեկանատի և թե՛ մասնագիտական ամբիոնների կողմից իրականացվող գործընթացները հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Քննաշրջանի արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ըստ մասնագիտությունների ներկայացվեցին քննաշրջանի արդյունքները, ընդգծվեցին դրական և բացասական միտումները:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մասնաճյուղում կատարվելիք կառուցվածքային որոշ փոփոխություններին, ուսումնական պրոցեսին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր: Մասնավորապես տնօրենը մտահոգություն արտահայտեց ֆակուլտետում դիմորդների թվի նվազման առումով, քննարկվեցին դրա պատճառները, և նախանշվեցին բարելավման ուղիները:

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստում

2016թ. հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` ֆակուլտետի դեկանի ԺՊ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանի նախագահությամբ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները,  Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2015-2016 ուստարվա երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների քննարկում   և ամփոփում:
  1. Ֆակուլտետի դեկանի   ամփոփ   հաշվետվությունը՝  2015-2016 ուստարվա վերաբերյալ: 
  2. Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների անհատական  ծանրաբեռնվածությունների  քննարկում: 
  3. Ընթացիկ հարցեր:

Նախ՝ ամփոփվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները: Մասնավորոպես նշվեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի:

Ընդգծվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջադիմությունը կազմել է 94.40%: 2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցել է 242 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ ստացել է 24 ուսանող:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի  ընդլայնված նիստում

Ֆակուլտետի 11 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով («Պատմություն» մասնագիտությունից՝ 3 ուսանող, «Մանկավարժություն և հոգեբանություն»՝ 2 ուսանող, «Ֆրանսերեն լեզու և գրականություն»՝ 3 ուսանող, «Անգլերեն լեզու և գրականություն»՝ 1 ուսանող, «Հայոց լեզու և գրականություն»՝ 2 ուսանող):

Ֆակուլտետի 64 ուսանող օգտվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցումից:

Այնուհետև ֆակուլտետի  դեկանը   ամփոփեց    2015-2016 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները: 

Նշվեց, որ բուհական համակարգում կատարվող գործընթացները, փոփոխություններն ու նորամուծությունները իրենց արտացոլումն են գտել նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ուսուցանվող մասնագիտություններում:

Իրականացվում են գործընթացներ, որոնք հետապնդում են կրթության որակի բարձրացման նպատակ: Առաջին հերթին հարկ է նշել ֆակուլտետում գործող բաց, հրապարակային գործելակերպը: Դեկանատի աշխատանքները կազմակերպված են այնպես, որ ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը, լինի մատչելի և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար:

Քննաշրջանի ընթացքում յուրաքանչյուր օրվա արդյունքները հրապարակվում են մասնաճյուղի կայքում և փակցվում ֆակուլտետի հայտարարությունների տախտակին: Վերահսկման այս համակարգի ներդրումը ակնառու դրական է անդրադարձել ուսման առաջադիմության և կրթության որակի վրա:

Ֆակուլտետում թափանցիկ են իրականացվում նաև յուրաքանչյուր կիսամյակ կրթաթոշակների նշանակման և տարին մեկ անգամ իրականացվող փոխատեղման գործընթացները: Հատկանշական է, որ այս գործընթացներում լուրջ մասնակցություն են ունենում ուսանողները` որպես գլխավոր շահառու:

Զեկուցողը նաև ըստ մասնագիտությունների վերլուծեց  քննաշրջանի արդյունքները՝ ընդգծելով ձեռքբերումներն ու բացթողումները:

Քննարկելով  ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածությունների հարցը՝  նշվեց որ պատրաստ են 2016-2017 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունները, ըստ այդմ՝ դասախոսները կարող են նոր ուսումնական տարվա համար կազմել իրենց անհատական զարգացման և աշխատանքային պլանները, նախապատրաստել դասընթացների փաթեթները:

Նիստի ընթացքում ամփոփիչ ելույթ ունեցավ ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը ուղղված մի շարք խնդիրների, ընդգծեց, որ մինչև նոր ուսումնական տարին մասնաճյուղում կկատարվեն կառուցվածքային լուրջ փոփոխություններ՝ մասնավորապես բուհում մասնագիտության կրթական ծրագրի ղեկավարի ինստիտուտը ներդնելու և գործարկելու առնչությամբ, կիրականացվեն մասնագիտությունների հետ կապված որոշ փոփոխություններ:

 

Հայագիտական արշավային դասընթաց 2016. Սյունիք և Արցախ

Հայագիտական արշավային դասընթաց 2016. Սյունիք և Արցախ

2016 թ. օգոստոսին կմեկնարկի հայագիտական արշավային դասընթացի (ՀԳԱԴ) հինգերորդ շրջանը։ Այն կիրականացվի Սյունիքի և Արցախի տարածքներում (երթուղին դեռ ճշտման ենթակա է) և կտևի շուրջ երկու շաբաթ:

Ի՞նչ է ՀԳԱԴ-ը

Հայագիտական արշավային դասընթացը նվիրված է հայոց լեզվի և մշակույթի պատմական զարգացման հիմնահարցերին և դրանց հետազոտման մեթոդաբանության խնդիրներին: ՀԳԱԴ-ը նախատեսված է Հայաստանի բուհերի և ինստիտուտների հայագիտական հեռանկարներ ունեցող և բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների ու գիտաշխատողների համար։

ՀԳԱԴ-ի կազմակերպիչը և գիտական ղեկավարը լեզվաբան, բ․գ․թ․ (PhD, Լեյդենի համալսարան), հետդոկտորական հետազոտող (postdoctoral researcher, Վիեննա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա) Հրաչ Մարտիրոսյանն է։

ՀԳԱԴ-ի դասախոսությունների ու գործնական պարապմունքների հիմքում ընկած են հայոց լեզվի պատմության և հնդեվրոպաբանության վերաբերյալ Հրաչ Մարտիրոսյանի քսանամյա հետազոտությունները: Գիտարշավների նախորդ շրջանները հաջողությամբ իրականացվել են 2008, 2011, 2014 և 2015 թվականներին:

Հա­մապա­տասխան դասախոսություններից շատերը  ներկայացվում են հայ ժողովրդի, հայոց լեզվի ու մշակույթի պատմության կարևորագույն դրվագներին ու թեմաներին առնչվող հնա­վայ­րերում կամ համապատասխան պատմամշակութային հուշարձանների մոտ: Որոշ թեմաներ ներկայացվում են այլ գիտնականների կամ գիտարշավի մասնակիցների կողմից: 

ՀԳԱԴ-ի ծրագրի մեծ մասը գործնական առաջադրանքներ են, վարժություններ, տեքստերի ընթերցումներ և այլն: Ընդ որում վիմագիր արձանագրություններն ընթերցվում ու քննարկվում են հենց տեղում՝ այդ արձանագրությունների մոտ: Դասախոսություններով հագեցած օրերը երբեմն ընդմիջվում են ակտիվ հանգստով։ Կազմակերպվում են բանավիճային քննարկումներ, հայագիտական վիկտորինաներ: 

ՀԳԱԴ-ի նախորդ գիտարշավների և դրանց ընթացքում մատուցված նյութի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀԳԱԴ-ի տեղեկատվական և կազմակերպչական աջակիցն է ArmScoop գիտակրթական կազմակերպությունը։

ՀԳԱԴ-ի նպատակները

ՀԳԱԴ-ի հիմնական նպատակն է հայագիտության տարբեր բնագա­վառ­ներում (հատկապես՝ բանասիրության մեջ) մասնագիտացող մի քանի տասնյակ առաջա­դեմ ուսանողների ու գիտաշխատողների ներկայացնել հայոց լեզվի պատմության առանցք­ային դրույթների ու խնդիրների վերաբերյալ շրջիկ դասընթաց՝ հայագիտության մյուս բնագավառների (հնագույն պատմություն, դիցաբանություն, ազգագրություն, բանա­հյու­սություն, արվեստի պատմություն) հետ փոխառնչությունների համատեքստում:

Քանի որ հայ ժողովրդի ու նրա մշակույթի պատմության այլ փաստաթղթերի սակավության կամ բացակայության պայմաններում հայագիտության կնճռոտ խնդիրների լուծման հարցում անգնահատելի դեր են խաղում բանասիրական վերլուծությունն ու ստուգաբանությունը, և քանի որ շարունակ ավելանում են հայաստանյան գիտության վարկն իջեցնող ստուգաբանական անբարեխիղճ «փորձերը», գիտարշավների ողջ ընթացքում լուրջ ուշադրության են արժանանում պատմահամեմատական լեզվաբանության հիմնադրույթներն ու ստուգաբանական մեթոդաբանությունը և լեզվական ու արտալեզվական տվյալների զուգակցման մեթոդաբանության հարցերը:

Գիտարշավների կարևոր նպատակներից է նաև Հայաստանի տարբեր շրջանների գիտակրթական հաստատությունների առաջավոր ուսանողների միավորումը: ՀԳԱԴ-ի մասնակիցները հրաշալի հնարավորություն են ստանում միմյանց հետ ծանոթանալու, գաղափարներ ու մտահոգություններ փոխանակելու, բանավիճելու, համագործակցային հեռանկարներ քննարկելու և այլն: Այդպիսի համագործակցության տված արդյունքի ցայտուն օրինակ է ArmScoop գիտակրթական-տեղեկատվական կազմակերպությունը։

ՀԳԱԴ 2016. Սյունիք և Արցախ

ՀԳԱԴ-ի հերթական՝ 5-րդ շրջանը կիրականացվի ս.թ. (2016) օգոստոսի 5-19-ին (ամսաթվերը կարող են ենթարկվել փոքրիկ տեղաշարժի): Այս անգամ ՀԳԱԴ-ը հիմնականում նվիրված է Սյունիքի ու Արցախի տարածաշրջաններին, որոնց ուսումնասիրության կարևորությունը մեր օրերում դժվար է գերագնահատել։ Հայ և օտարազգի պատմիչների բազմաթիվ տեղեկությունները, ճարտարապետական կոթողները, խաչքարերը, վիմական արձանագրությունները, լեզվական տվյալները և այլ նյութեր հստակորեն ցույց են տալիս հայախոս բնակչության շարունակական ներկայությունը Սյունիքի, Արցախի և Ուտիքի տարածքներում: Այս դասընթացը կանդրադառնա այդ տարածքների լեզվամշակութային հիմնահարցերին։

ՀԳԱԴ 2016-ը բաղկացած է լինելու մի քանի ենթափուլերից՝ 1) Կապանի շրջակայք. 2) Մեղրիի շրջակայք. 3) Գորիսի շրջակայք. 4) Ծիծեռնավանք և Բերձոր. 5) նպաստավոր հանգամանքների դեպքում՝ Արցախի որոշ տարածքներ։

Յուրաքանչյուր ենթափուլ կտևի մի քանի օր և կանցկացվի տվյալ տարածքի գյուղերից մեկում՝ մի առանձին տան մեջ։ Պայմանները, բնականաբար, արշավային են։ Գիտարշավի կազմակերպիչներն ամեն հնարավորը կանեն՝ լուծելու կենցաղային հարմարավետության խնդիրները։ Այդուհանդերձ մասնակիցները պիտի պատրաստ լինեն դժվարություններին։ Բոլորը քնելու են հատակներին՝ քնապարկերի մեջ։ Երբեմն կլինեն երկար ու դժվարին քայլարշավներ։ Սա առաջին հերթին դասընթաց է, ուստի երկար ժամանակ տրամադրվելու է դասախոսություններին ու քննարկումներին։ Դրանք անցկացվում են տարբեր վայրերում՝ տանը, բակում, անտառում, սարի գագաթին. հաճախ այնպիսի վայրում, որն իրենով կամ իր անվամբ կամ իր մշակութային որևէ հուշարձանով առնչվում է տվյալ դասախոսության թեմային (տես այստեղ):

ՀԳԱԴ-ն ամբողջովին ազատ է կուսակցություններից ու կրոններից։

Գիտարշավային դասընթացի թեմատիկ բովանդակություն

1-ին փունջ

  • նախագիտելիք. համեմատական լեզվաբանություն և ստուգաբանություն
  • հնդեվրոպական նախալեզու. հայերենի ծագումն ու զարգացումը
  • բնիկ հայկական շերտ և փոխառություններ. տեսություն և գործնական աշխատանք

2-րդ փունջ

  • հայերենի բարբառային մասնատվածությունը 5-րդ դարում և նախորդ ու հաջորդ փուլերում
  • բարբառային դասակարգումը և Արցախի ու Սյունիքի տարածաշրջանը
  • հին հայերեն բառերի կանոնավոր զարգացումը Արցախի ու Սյունիքի բարբառներում. տեսություն և գործնական աշխատանք

3-րդ փունջ

  • Արցախի ու Սյունիքի բարբառների հնչյունական հնաբանությունները
  • Արցախի ու Սյունիքի բարբառների քերականական հնաբանությունները
  • բարբառային բառերի նոր ստուգաբանություններ. գործնական աշխատանք

4-րդ փունջ

  • հայոց (հատկապես՝ Արցախի ու Սյունիքի տարածաշրջանի) դիցաշխարհը
  • Արցախի ու Սյունիքի տարածաշրջանի հատկանունները
  • ամփոփիչ գործնական աշխատանք

Դիմելու կարգը

ՀԳԱԴ 2016-ին կարող են մասնակցել հայագիտական տարբեր բնագավառներում մասնագիտացող առաջադեմ ուսանողներ և գիտաշխատողներ։ Նախապատվությունը տրվում է հայոց լեզվի պատմության մեջ մասնագիտացողներին։ Քանի որ սա հատուկ ծրագիր է, մասնակիցների մեծ մասն արդեն ընտրվել է որոշակի չափանիշներով։ Այնպես որ՝ ազատ տեղերը քիչ են, և անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հիմնական չափանիշներին համապատասխանող բոլոր դիմորդներին ընդունելը հնարավոր չի լինի։

Դասընթացի արշավային բնույթից ելնելով՝ դիմորդների ընտրությունը կատարելիս, գիտակրթական չափանիշներից բացի հաշվի են առնվելու նաև մասնակիցների մարդկային որակները․ կընտրվեն միայն վստահելի, կայուն, դիմացկուն ու մարդամոտ անձանց։

Մասնակցության դիմումները և ձեր CV-ներն ուղարկեք հետևյալ էլ․ հասցեին՝ hrch.martirosyan@gmail.com։ Ուղարկեք նաև ձեր ֆեյսբուքյան հաշիվները, եթե ունեք։

Գիտարշավի ֆինանսական ապահովումը

ՀԳԱԴ-ի բուն դասընթացի և լրացուցիչ ծախսերի հիմնական մասի համար մասնակիցները ոչինչ չեն վճարում։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այսպիսի նախաձեռնությունները զգալի հավելյալ ծախսեր են ենթադրում (փոխադրամիջոցներ, կացարանի վարձ, ջրի ու էներգիայի ծախսեր, սնունդ և այլն), և նման ծախսերը հոգալու հարցերը կազմակերպիչներից զգալի ջանքեր են պահանջում, որոնք հաճախ ստիպված են լինում սեփական ներդրումներն անել։ 

Հետևաբար մասնակիցները պետք է պատրաստ լինեն որոշակի գումար վճարելու՝ առնվազն իրենց բաժին սնունդի չափով։ Գումարների հարցում հաշվի են առնվում մասնակիցների ֆինանսական հնարավորությունները, ըստ այդմ՝ հատկացվող վճարը կարող է տատանվել 20.000 և 35.000 դրամի սահմաններում։ Բացի այդ, մասնակիցներն իրենք պետք է հոգան քնապարկի, ուսապարկի և մյուս պարագաների հարցերը։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք մասնակիցների ընտրությունից հետո։

Կարգապահական կանոններ

Հայագիտական արշավային դասընթացն իր առանձնահատուկ բնույթով անխուսափելիորեն թելադրում է կարգապահական որոշակի կանոններ, որոնք անհրաժեշտ է խստորեն պահպանել։

  • Գիտարշավի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները միասին են լինելու․ առանձնանալը կամ առանց թույլտվության բնակավայր դուրս գալն արգելվում է։
  • Դասերին պետք է մասնակցել մեծ ուշադրությամբ ու ջանասիրությամբ. ցրվածությունը և մտքով ուրիշ տեղ լինելը ՀԳԱԴ-ի ժամանակ չի թույլատրվում։ Նյութը յուրացնելիս մասնակիցները չպիտի խուսափեն հարցեր տալուց ու հերթով արվող վարժություններից։ 
  • Գիտարշավի ամբողջ ընթացքում, բացի հանգստին հատկացվող որոշակի ժամերից, արգելվում է հեռախոս գործածելը։ Այս կանոնի խստորեն պահպանումը անհրաժեշտ է ՀԳԱԴ-ի նպատակներից բխող դասերի արդյունավետությունը և մարդկային բնական հաղորդակցությունը ապահովելու համար։
  • Գիտարշավի ժամանակ սահմանվում է քնելու հստակ ժամ՝ հիմնականում կեսգիշերը. տվյալ պահից սկսած ոչինչ չի կարելի՝ ոչ զրուցել, ոչ հեռախոսով համացանց մտնել, ոչ քայլել։ Դա պարտադիր է ոչ միայն այն պարզ պատճառով, որ մեծ խմբով գիտարշավն առհասարակ չի կարող լինել առանց կարգուկանոնի, այլև՝ որ պետք է հաջորդ առավոտ ժամանակին արթնանալ և ի վիճակի լինել դասերին ու մնացյալին լիարժեք առույգ մասնակցելու։ Հիշեք՝ չեք կարող ասել. «Քունս չի տանում, ես խելոք պառկած մի քիչ հեռախոսով զբաղվեմ»։
  • Ալկոհոլն ամբողջովին բացառվում է. կատեգորիկ կերպով։

Կանոնների խախտման դեպքում տվյալ մասնակիցն իսկույն դուրս կգա ՀԳԱԴ-ից։

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Գիտարշավի մասնակցության թեկնածուները պետք է նախապես ուսումնասիրեն և հնարավորինս յուրացնեն հայոց լեզվի պատմության հիմնահարցերին նվիրված՝ գիտարշավի գիտական ղեկավար Հրաչ Մարտիրոսյանի առցանց դասընթացը (տես academia.edu կայքում՝ Hrach Martirosyan, «Հայոց լեզվի պատմություն», 1-4):

Յուրաքանչյուր մասնակից պետք է որևէ կերպ մասնակցի կամ օժանդակի նախապատրաստական աշխատանքներին կամ էլ ընդգրկվի այս կամ այն բանավեճի մասնակիցների խմբում։ Կարող եք ինքներդ էլ ներկայացնել աշխատանքներ կամ առաջարկել բանավեճի թեմաներ։

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքները

Հարցում

Հարգելի՛ համալսարանականներ, մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Կրթության որակի կառավարում» բաժնի «Հարցումների արդյունքներ» էջում տեղադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցման արդյունքները (2015-16 ուստարի, առկա ուսուցում), «Հաշվետվություններ» բաժնում՝ արդյունքների վերլուծությունը: