Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում է նորարարության աﬔնամյա մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար:

Առաջին մրցանակ՝ $ 2.000, 2-րդ՝ $ 1.000, 3-րդ՝ $ 600 և 4-րդ մրցանակ՝ $ 400:

Մրցանակների հանձման հանդիսավոր արարղությունը տեղի կունենա Երևանում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. մայիսի 31-ն է:

Ընդունման պայմաններին ծանոթանալու համար այցելել ԱՐՓԱ-ի կայքէջ՝  http://www.ARPAinstitute.org:

Հարցերի դեպքում դիմել՝ info@ARPAinstitute.org  կայքեջին:

Ներկայացված հայտերը կարժևորվեն բարձրակարգ մասնագետների կողմից:

Լավագույն կհամարվի այն հայտը, որը լիովին կհամապատասխանի հետևյալ պայմաններին՝

ա) Ներկայացված աշխատանքը պետք է ապացուցի աշխարհում առկա նմանօրինակ ծրագրերի նկատմամբ իր գերազանցությունը,

բ) հայտի բացատրականին պետք է կցվեն բավարարաչափ փորձարարական արդյունքներ եւ հաշվարկներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուրը` www.ysu.am

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի և սպասարկման դպրոց» վերապատրաստման նոր ծրագիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վաճառքի և սպասարկման դպրոց»  վերապատրաստման նոր ծրագիր

Հարգելի՛ ուսանողներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Վաճառքի և սպասարկման դպրոց» նոր վերապատրաստման ծրագրի մասին:

Ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդ ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև 4 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի գրեթե բոլոր քաղաքների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև սույն թվականի հուլիս ամսվա վերջը:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից, իսկ լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսման և կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոնների համար դիտարկվելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ են ունենալ հետևյալ որակավորումները, կարողություններն ու մասնագիտացումները.

  1. Հմուտ հաղորդակցում:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և յուրացնելու կարողություն:
  4. Հարգանք/էթիկայի նորմերի պահպանում:
  5. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը և/կամ օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:
  6. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրականը և կից նամակ, որի մեջ պետք է պատատասխանել հետևյալ հարցին՝ «Ի՞նչ կփոխեի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում», ինչպես նաև պարտադիր պետք է նշել բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել բուհի 3-րդ, 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը դիմումներն ուղարկել vc-mtsschool@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

«Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի» թեմայով էսսեների մրցույթ

«Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի» թեմայով էսսեների մրցույթ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում հայտարարում է «Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի» թեմայով էսսեների մրցույթ:

ԹԵՄԱ

Եվրոպան երիտասարդության համար, երիտասարդությունը` Եվրոպայի

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մենք մեկնարկում ենք էսսեների մրցույթ, որպեսզի դուք մեզ հետ կիսվելու, ձեր հետաքրքիր գաղափարները մեզ պատմելու հնարավորություն ունենաք:
Մենք ակնկալում ենք ստանալ պարզ, հասկանալի, ոչ ակադեմիական լեզվով գրված էսսեներ, որտեղ դուք կբերեք հստակ օրինակներ, թե ինչ կցանկանայիք փոխել Եվրոպայում: Եղեք ստեղծագործ, սակայն գործնական օրինակներ ներկայացրեք: Էսսեների այս մրցույթը նպատակ չի հետապնդում բացահայտել ձեր քաղաքական կամ գիտական վերացական գաղափարները, այլ ավելի շատ ուղղված է  լսելու ձեր գործնական առաջարկները, որոնք իրագործելի են և պրագմատիկ, որոնց շնորհիվ կարող է Եվրոպայում, ինչպես նաև Հայաստանում հզորացվել երիտասարդների դերը:

ՈՒՂԵՑՈՒՅՑ 

Խորհուրդներ. ինչպե՞ս է պետք գրել

Ի՞նչ է Եվրոպան ձեզ համար: Դա ձեզ համար պարզապես աշխարհագրական տարա՞ծք է, թե՞ավելին: Ինչպե՞ս կարող է Եվրոպական միությունը, համագործակցելով հայ երիտասարդների հետ, Հայաստանում խթանել երիտասարդների զբաղվածությունն ու ձեռներեցությունը: Ինչպե՞ս են հայ երիտասարդները ընկալում Եվրոպան` դրա սահմանները, ինքնությունը, հիմնարար արժեքներն ու առանձնահատկությունները:

ԿԱՆՈՆՆԵՐ 

 Լեզու` էսսեները պետք է գրված լինեն հայերենով և անգլերենով

Էսսեների ֆորմատը՝ դրանք պետք է պարունակեն առավելագույնը 500 բառ: Այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանի պահանջներին կամ կգերազանցեն նիշերի քանակը, կորակազրկվեն: 

Էսսեները պետք է լինեն ընթեռնելի, ցանկալի է Microsoft Word-ի օգտագործումը: Յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի մեկ էսսե: 

Գրագողություն` Բոլոր էսսեները պետք է գրված լինեն անձամբ մասնակցի կողմից: Գրագողության փորձերը նույնպես միանգամից կորակազկվեն:

Դիմում` Էսսեները պետք է ներկայացվեն 2016 թվականի մայիսի 9-25-ը:
Դիմումների վերջնաժամկետը մայիսի 25-ն է՝ ժամը 17:00-ն: 

Աշխատանքները պետք է ուղարկել essay@europeday.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հեղինակային իրավունքներ` բոլոր աշխատանքների հեղինակային իրավունքները պաշտպանված են: Աշխատանքները մրցույթին ներկայացնելով՝ հեղինակները ԵՄ պատվիրակությանն անվերադարձ իրավունք են տալիս դրանք տպագրելու, հրատարակելու, տարածելու և հանրայնացնելու: 

ՄԱՍՆԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Մասնակցի տարիքը`16-25 տարեկան
Քաղաքացիություն` բոլոր մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացի
Հաղթող` հաղթող կճանաչվի լավագույն էսսեի հեղինակը, ով էլ կստանա գլխավոր մրցանակը

Գնահատում` Էսսեները նախ կքննարկվեն ԵՄ պատվիրակության կողմից` տեխնիկական համապատասխանությունը ստուգելու համար: Այն աշխատանքները, որոնք չեն բավարարի պահանջները, դուրս կմնան մրցույթի հաջորդ փուլից::

Ընտրված աշխատանքներից ԵՄ պատվիրակությունը կընտրի լավագույն 20-ը, որոնցից էլ կընտրվի հաղթող ստեղծագործությունը: Էսսեները գնահատման չափանիշն է արտահայտվելու պարզությունը և ստեղծագործական մոտեցումը: 
Բողոքարկումները չեն դիտարկվելու:

Աղբյուրը՝  ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ կայք

Հայաստանը միացել է «Հորիզոն 2020» գիտական աջակցության եվրոպական ծրագրին

 

Հայաստանը միացել է «Հորիզոն 2020» գիտական աջակցության եվրոպական ծրագրին

Հայաստանի հետազոտությունների ու նորարարության ոլորտի ներկայացուցիչներն այսուհետ հնարավորություն կստանան օգտվելու հետազոտությունների և նորարության ֆինասավորման Եվրամիության «Հորիզոն 2020» ծրագրից, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս գործընկեր երկրների համար նախատեսված պայմաններով:

«Հորիզոն 2020» ծրագրին միանալու վերաբերյալ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 19-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության  և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի կողմից: 

Ըստ ՀՀ ԿԳ նախարարի՝ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն 2020»-ին՝ ԵՄ-ի Հետազոտության և Նորարարության շրջանակային ծրագրին նոր հեռանկարներ կբացի Հայաստանում ակադեմիական մտքի զարգացման համար՝ վերահաստատելով հայերի՝ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս լինելը։ «Համաձայնագրի արդյունքները մեր երկրին կընձեռեն մի շարք հնարավորություններ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների իրականացում՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հետազոտողների, գիտահետազոտական ենթակառուցվածքների զարգացման խթանում, հետազոտության և նորարարության ոլորտում ներդրումների մակարդակի բարձրացում, ինչպես նաև հայկական հետազոտական հաստատություններին, համալսարաններին և անհատ հետազոտողներին «Հորիզոն 2020»-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու կարողություն»,- փաստաթղթի ստորագրման առիթով նշել է Լևոն Մկրտչյանը:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը ևս, իր հերթին ընդգծել է, որ «Հորիզոն 2020»-ի միջոցով Հայաստանի հետազոտական ինստիտուտներն ու մասնավոր հատվածը  հնարավորություն կունենան ստանալու առաջավոր հետազոտական և զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման ֆինանսավորում:

Համաձայնագրի շնորհիվ ՀՀ գիտական կազմակերպությունները, բուհերը, ասպիրանտներն ուանհատ հետազոտողները կկարողանան օգտվել «Հորիզոն-2020» ծրագրով ամենատարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից  մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին միացած գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

Մասնավորապես, ծրագրին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս համապատասխան թիրախ խմբերին մասնակցելու գիտության և տեխնիկայի առաջնակարգ հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցությունների աշխատանքներին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն:

Բացի այդ, հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:  

«Հորիզոն 2020»-ը հետազոտություններին ու նորարարությանը նվիրված խոշորագույն միջազգային ծրագիր է, որի 2014-2020 թվականների համար նախատեսված բյուջեն  կազմում է 77 մլրդ եվրո: Մինչև այժմ Հայաստանը մասնակցել է Հորիզոն 2020-ին միայն երրորդ երկրների շարքում: Ասոցացման ժամանակաշրջանն ընդգրկում է 2016-2020 թվականները։

«Հորիզոն 2020»-ի համաձայնագրի նախապատրաստման հիմքում ընկած են Բոլոնիայի գործընթացը, բարձրագույն կրթական հաստատությունների հավատագրման գործընթացը, Տեմպուս, Էրազմուս+, ԵՄ 7-րդ շրջանակային ծրագրերը։ Ներկա համաձայնագիրը Հայաստանին թույլ է տալիս առավել ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը  հաջողակ ու արդիական տնտեսությունների համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով:

«Հորիզոն 2020»-ին նախորդող՝ 2013-2017 թթ․ Յոթերորդ շրջանակային ծրագրով հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են 35 ստորագրված նախագծերում: «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է հինգ նախագծերի մասնակից:

Աղբյուրը՝ armscoop.com

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2016թ. մայիսի 14-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2015-2016 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` ինը մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Ամփոփիիչ ատեստավորման քննություններն անցկացվում են սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների, թե՛ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները և թե՛ ուսանողները քննություններին ու ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2016թ. մայիսի 14-ին և 15-ին տեղի ունեցան «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ մասնագետ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 20-ին և 21-ին տեղի ունեցան «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

 Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 20-ին և 21-ին տեղի ունեցան «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լևոն Գրիշի Մարդոյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 21-ին և 22-ին տեղի կունենան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը:

Մասնաճյուղում ընթացքի մեջ է 2015-2016 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 23-ին և 24-ին տեղի կունենան «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

Մայիսի 23-ին և 25-ին տեղի կունենան «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մայիսի 27-ին և 28-ին տեղի կունենան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը: 

Մայիսի 27-ին և 28-ին տեղի կունենան «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Մայիսի 28-ին և 29-ին տեղի կունենան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի պրոֆեսոր, տնտ. դոկտոր Մաքսիմ Տիգրանի Սարգսյանը: