Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ակտիվ մասնակիցներ

2018թ. սեպտեմբերի 26-ին «Հոգատարություն հանուն հավասարության» (ՀՀՀ) ծրագրի շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան» (World Vision Armenia) կազմակերպությունն իրականացրեց մարզային միջոցառում:

FullSizeRender-27-09-18-12-51 (1)

Ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքերի պաշտպանության բաժնի աշխատակիցները, «Վորլդ Վիժն Հայաստան» Երևանի գրասենյակի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի կոորդինատորները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ՝  ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգողը, Ուսանողական խորհրդի նախագահը, ուսանողներ, այլ հյուրեր:

FullSizeRender-27-09-18-12-51-1

Միջոցառման ընթացքում քաղաքացիներին ներկայացվեցին գենդերային հավասարության հիմնախնդիրները և հավասարության հասնելու հնարավորությունները, ինչպես նաև իրականացվեց ֆոտոմրցույթ:

«Հոգատարություն հանուն հավասարության» (ՀՀՀ)  ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան համայնքերում ու ընտանիքներում նպաստել նախածննդյան շրջանում երեխայի սեռի ընտրության կանխարգելմանը: Նախատեսված է ծրագիրը մարզում իրականացնել 2016-ից մինչև 2019 թվականը:

IMG_8233-27-09-18-12-51

Միջոցառմանն ակտիվորեն մասնակցեցին նաև մեր ուսանողները:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանն իրականացրել էր օնլայն հարցում, որի արդյունքները ամփոփ ներկայացրեց «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում: Հ.Ղարագյոզյանը մասնավորապես նշեց, որ հարցմանը մասնակցել են 40 անձինք (ուսանողներ և այլ երիտասարդներ) Տավուշից, որից շուրջ 80%-ը Իջևանից և հարակից բնակավայրերից էին:

FullSizeRender-27-09-18-12-51-2

Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների 51.3%-ն իր շրջապատում հաճախ կամ գրեթե միշտ հանդիպում է գենդերային խտրականության դեպքերի, 39.5%-ը՝ հազվադեպ, 12.8%-ը չի հանդիպել նման դեպքերի։ ՈՒԳԸ նախագահը հավելեց, որ Տավուշում կա թյուրըմբռնման մթնոլորտ «գենդեր» հասկացության և գենդերային հիմնախնդրի վերաբերյալ։

Միջոցառմանը գեղեցիկ կատարմամբ հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողուհիներ, երկվորյակ քույրեր Դիանա և Լիանա Յարալյանները:

FullSizeRender-27-09-18-12-51-3

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում «Կիրառական արվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն Դալյանը նույնպես համագործակցել է. մարզադպրոցի պատին նկարել է հրեշտակի թևեր:

Բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Միրզոյանը, մասնակցելով ֆոտոմրցույթին, զբաղեցրել է   5-րդ տեղը և կազմակերպության կողմից պարգևատրվել պատվոգրով ու նվերով:

IMG_8299-27-09-18-12-51

Խրախուսական նվեր հանձնվեց նաև Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանին:

Համալսարանականները գրական մրցույթի մրցանակաբաշխությանը և «Արձագանք» հանդեսի շնորհանդեսի

2018թ. սեպտեմբերի 25-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցան «Արձագանք» բարեգործական ընկերության և նրա նախագահ, թարգմանիչ-գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանի կազմակերպած՝ պատմվածքների մրցույթի մրցանակաբաշխությունը և «Արձագանք» գրական-մշակութային հանդեսի շնորհանդեսը։

Արձ 1

Ներկա էին Մարո Մադոյան-Ալաջաջյանը, մրցույթի մասնակիցներ, ժյուրիի անդամներ, գրողներ, արվեստագետներ և ընթերցասերներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցներ Լևոն Լաչիկյանը (Լաճիկյանը), Սլավիկ Ալավերդյանը և Լիլիթ Մկրտչյանը։\

Արձ 2

Նախ ներկայացվեցին մրցույթի մանրամասները, որ արդեն 2-րդ անգամ է անցկացվում մրցույթը, նպատակն է նոր գրողներ բացահայտելը և գրականության ասպարեզում նրանց հաստատվելուն նպաստելը։

Այս անգամ մրցույթին մասնակցում էին երկու տասնյակ ստեղծագործողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը։

Արձ 5

Ժյուրիի անդամներից Շնորհիկ Շահինյանը և Սաթենիկ Եղիազարյանը ամփոփեցին մրցույթի արդյունքները:

Երկու մասնակիցներ ստացան 1-ին կարգի մրցանակ, երկու մասնակիցներ՝ 2-րդ։ Մեկ մասնակից էլ արժանացավ հատուկ մրցանակի՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի կողմից:

Մյուս մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր։

Արձ 4

Այնուհետև տեղի ունեցավ «Արձագանք» գրական-մշակութային հանդեսի շնորհանդեսը, որտեղ տպագրվել էին 1-ին գրական մրցույթի հաղթանակած պատմվածքները:

Հանդեսի առաջին համարում տեղ էին գտել նաև Վալմարի, Հռիփսիմե Մարգարյանի, Լիլիթ Մկրտչյանի, Կարինե Հակոբյանի հեղինակած հոդվածները, սփյուռքահայ գրող Զարեհ Մելքոնյանի ստեղծագործությունները, թարգմանություն բաժնում՝ Մարո Մադոյան-Ալաջաջյանի թարգմանություններից:

Արձ 10

Ելույթ ունեցան մրցույթի մասնակիցներ, հանդեսում տպագրված հեղինակներ, Մարո Մադոյան-Ալաջաջյանին ճանաչող արվեստագետներ։ Նրանք շնորհակալություն հայտնեցին մրցույթի կազմակերպիչներին, մասնավորապես տիկին Մարոյին, բոլորին շնորհավորեցին հանդեսի թողարկման առթիվ և մաղթեցին ստեղծագործական բեղմնավոր գործունեություն։

Արձ 9

ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանն իր ելույթում նշեց, որ մանկուց է ճանաչում Մարոյին, քանի որ եղել է իր համադասարանցին։ Նա կարևորեց մեր օրերում նման հանդեսների լույսընծայմամբ հասարակության մեջ գրականության և մշակույթի հանդեպ սեր և հետաքրքրություն առաջացնելը։

Արձ 8 (1)

ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ հանդեսի առաջին համարում տեղ գտած հոդվածի մեջ անդրադարձել է բանակաշինության և պետականաշինության գործընթացում կանանց դերին և հաջորդ համարներում ևս կաշխատի ներկայացնել կին հասարակական գործիչներին։

Արձ 12

Մրցանակաբաշխության և շնորհանդեսի առթիվ ողջույնի խոսք էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Միջոցառման վերջում ներկաները նվեր ստացան հանդեսի օրինակներ՝ հրատարակիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի մակագրությամբ, և մասնակցեցին ֆուրշետի։

_________________________________________________________________________

Ծանոթություն.

Մարո Մադոյան-Ալաջաջյանը գյումրեցի թատերագետ Ռազմիկ Մադոյանի դուստրն է, հեղինակ է մի քանի տասնյակ հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների, պիեսների։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» վեպը, Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» պատմվածքների ժողովածուն, Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ Համլետը» պիեսը և այլ ստեղծագործություններ։ 

Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, հիմնադրել և ղեկավարում է «Արձագանք» բարեգործական ընկերությունը։

Արձ 14

Ս.թ. հոկտեմբերի 8-ին Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Վաղն ուշ կլինի» պիեսի պրեմիերան։

ՀՀ առաջատար դիզայների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ առաջատար դիզայներ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ նկարիչների և դիզայների միությունների անդամ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ հանդիպում, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ-ի դկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., ՀՀ նկարիչների միության անդամ Լիլիթ Ֆլջյանը:

DSCN3649

Ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերի ուսանողներ:

Հանդիպման նպատակն էր բուհի «Դիզայն» և «Կիրառական արվեստ» մասնագիտությունների ուսանողներին ՀՀ առաջատար դիզայների փորձի փոխանցումը, Տերյան մշակութային կենտրոնի գործունեության մասին իրազեկումը:

DSCN3632

Լիլիթ Մելիքյանը շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողներին ներկայացրեց հետաքրքիր և ուշագրավ դրվագների իր անցած ուղուց, իրականացրած աշխատանքից և ծրագրերից:

ՀՀ առաջատար դիզայները հանդիպման մասնակիցներին նաև ծանոթացրեց արվեստ-բիզնես աշխատանքային ձևաչափին:

DSCN3646

Ուսանողները հանդիպման վերջում հյուրին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությունը՝ նվիրված ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին

DSCN37182018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչի ԺՊ Ա.Վանեսյանի, դասախոսներ Պ.Կարապետյանի, Վ.Պողոսյանի և Ն.Ղարիբյանի):

Առաջնությունը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին:

Նախ հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» և Կիրառական արվեստի ֆակուլտետի  «Դիզայն» մասնագիտությունների թիմերը: 

Վոլեյբոլի առաջնությունը կայացավ  խաղափուլերով:

   DSCN3717 

Եզրափակիչ դուրս եկան «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:

Համառ պայքարից հետո  2։1 հաշվով հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի «ՔԿԳ» հավաքական թիմը:

IMG-8a06eb1f170093f437898d5e4e8aeb4d-V

I և II տեղերը գրաված թիմերը տնօրենության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում մասնաճյուղում

2018թ. սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր բուհի ուսանողական խորհուրդը:

DSCN3702

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

DSCN3665

Անկախության տոնին նվիրված միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգով:

Այնուհետև շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տոնի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում միասնաբար քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու օգտին: Ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը, և Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

DSCN3654

Ողջույնի խոսքով հանդես եկան միջոցառման մասնակիցները՝ նշելով. «Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ:

Ողջու՜յն քսանյոթամյա անկախ Հայաստանի ազատ զավակներ, հպարտ հայորդիներ: Անկախություն, այն, ինչին հասան մեր պապերը՝ անցնելով պատմության բազմախոչընդոտ ուղիներով և կտակեցին մեզ`անկախության սերնդի շնորհապարտ զավակներիս: Շնորհավորում ենք ողջ հայությանը, մաղթում հարատևություն, ամուր կամք և մարտունակություն՝ դիմագրավելու դարի մարտահրավերներին, ապրելու, արարելու և հզորանալու»:

DSCN3657

ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ շնորհավորական խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ շեշտելով անկախության անհրաժեշտությունը ազգի լինելիության, պետության ու պետականության ամրապնդման գործում, համոզմունք արտահայտելով, որ նոր սերունդը կլինի մեր անկախության պահապանն ու երկրի հզորացման երաշխավորը:

DSCN3659

Տնօրենի ելույթին հաջորդեցին ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների գրական-երաժշտական կատարումները:

DSCN3679

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ազգային-հայրենասիրական ոգեշունչ երգեր ու բանաստեղծություններ («Տուն իմ հայրենի», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայ եմ ես», «Գոյամարտ», «Հայաստան ջան», «Այայի երկիր Արցախ», «Եռագույն» և այլն):

DSCN3713

Ուսանողներից բաղկացած պարային խումբը կատարեց ազգային խրոխտ պարեր:

DSCN3703