Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանաչողական էքսկուրսիա դեպի պատմամշակութային վայրեր

2014-15 ուստարում մասնաճյուղի լավագույն կուրսեր ճանաչված «Սերվիս» մասնագիտության 2-րդ ու «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերի ուսանողներին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից հնարավորություն էր ընձեռվել ճանաչողական էքսկուրսիաներ կատարելու դեպի Երևանի պատմամշակութային վայրեր:

2015թ. ապրիլի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի գլխավորությամբ կատարեցին ճանաչողական էքսկուրսիա:

Արեգունու, Փամբակի, Գեղարքունյաց, Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերով անցնող ճանապարհին ուսումնական խորհրդատու Պ․Ասիլբեկյանը ուսանողներին ներկայացրեց այդ լեռնաշղթաների յուրահատկությունների, Հայաստանում դրանց ունեցած դերի մասին։

Նախ ուսանողներն այցելեցին Աբովյանի Ս.Հովհաննես եկեղեցի:

Հայաստանի զբոսաշրջային ինդուստրիայի ապագա կազմակերպիչների հաջորդ կանգառը Երևանի պատմության թանգարանն էր, որտեղ նրանք ծանոթացան թանգարանում պահվող և պատմության շունչն իրենց մեջ կրող եզակի ցուցանմուշներին։

Այնուհետև ուսանողներն այցելեցին զբոսաշրջիկների կողմից սիրված մշակութային վայրեր, ուսումնասիրեցին դրանց զբոսաշրջային ներուժն ու հնարավորությունները։
Էքսկուրսիայի վերջին կանգառը եղավ Մոսկվա կինոթատրոնը, որտեղ ուսանողները դիտեցին ֆիլմ։

Հաճելի տպավորություններով և մեծ բավականություն ստացած` «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները վերադարձան Իջևան։

 

«Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում և «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրություն

2015թ. ապրիլի 17-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում ներկայացվեց «Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում, և տեղի ունեցավ 2012թ. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ի կազմակերպած «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրությունը:

Ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Զեկուցումով հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալվարդ Սարգսյանը:

Զեկուցումը ներկայացվեց հարցուպատասխանի ձևով:

Ուսանողների միջև ծավալվեց քննարկում` Հայոց եղեռնի և մասնավորապես «Նեմեսիս» գործողության շուրջ:

Այնուհետև ցուցադրվեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրությունը, անդրադարձ կատարվեց ոճրագործների մահապատիժների իրականացմանը:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2015թ. ապրիլի 10-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Նոր էլեկտրոնային տախոմետրեր, trimble m3» թեմայով զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը:

Նա ներկայացրեց «trimble m3» տախոմետրի ընդհանուր բնութագիրը և աշխատանքի կատարման սկզբունքը:

Ապրիլի 3-ին ‹‹Հեղուկների որոշ հատկություններ›› թեմայով զեկուցում կարդաց ԿՄ/Ֆ երրորդ կուրսի ուսանողուհի Սրբուհի Փարսադանյանը, որին զեկուցումը պատրաստելիս օժանդակել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մ.Աթոյանը:

Սրբուհի Փարսադանյանը ներկայացրեց հեղուկների տեսակները, նրանց հատկությունները, հավասարակշռության պայմանները:

Զեկուցումներին ներկա էին ֆակուլտետի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Թեմաները հետաքրքիր էին և բովանդակալից:

Ներկաները զեկուցողներին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

 

Օլիմպիադա Բնական գիտությունների ֆակուլտետում

2015թ. ապրիլի 15-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ օլիմպիադա, որը կազմակերպվել էր ֆակուլտետի ուսանողների և Մասնագիտական համակարգչային լաբորատորիայի համատեղ ուժերով:

Օլիմպիադային մասնակցում էր 5 թիմ.

• Ի/ԿՄ 1-ին կուրսի 1-ին խումբ,

• Ի/ԿՄ 1-ին կուրսի 2-րդ խումբ,

• Ի/ԿՄ 2-րդ կուրսի 1-ին խումբ,

• Ի/ԿՄ 2-րդ կուրսի 2-րդ խումբ,

• ԿՄ/Ֆ 3-րդ կուրսի խումբ:

Օլիմպիադան անցկացվեց 3 փուլով:

Յուրաքանչյուր փուլում ճիշտ պատասխանների համար նախատեսված էին միավորներ` 1, 2, 3:

I, II, III տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ի/ԿՄ 1-ին կուրսի 1-ին խումբը, Ի/ԿՄ 1-ին կուրս 2-րդ խումբը և ԿՄ/Ֆ 3-րդ կուրսի խումբը:

Կայացավ «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը

2015թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներկա էին մասնաճյուղի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջոցառումների շարքից առաջինն էր:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական ֆիլմեր («Արտույտների ագարակը», «Մայրիկ», «Վանա ծովուն արշալույսը» և այլն) շատ են ցուցադրվել, և այս անգամ մասնաճյուղի ուսանողական կառույցները նախընտրել էին ցուցադրել ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ:

«Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմը պատմում էր գերմանական բանակի բուժաշխատող Արմին Թեոֆիլ Վեգների մասին, ով ականատես է եղել Հայոց ցեղասպանությանը և գաղտնի լուսանկարել իրադարձությունները:

Վեգների լուսանկարները դարձել են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստեր:

Ֆիլմի ցուցադրությունից հետո ուսանողների միջև տեղի ունեցավ քննարկում` Հայոց եղեռնի թեմայով: