Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կարդաց ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը

2015թ. ապրիլի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Ծրագրային ապահովման նախագծում. նախագծման ձևանմուշներ և հակաձևանմուշներ» թեմայով գիտական զեկուցում կարդաց ֆ.մ.գ.թ. Սուրեն Բալիկյանը, որին հրավիրել էր մասնաճյուղի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը:

Ներկա էին Ծրագրավորման և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ռ.Քամալյանը, դասախոսներ և ուսանողներ:

Թեման բավականին հետաքրքիր էր:
Զեկուցողը ներկայացրեց օբյեկտային կողմնորոշված ծրագրավորման հիմնական սկզբունքները, ծրագիր գրելու համար անհրաժեշտ քայլերը:

Ներկայացված զեկուցումը բավականին հետաքրքրեց ուսանողներին, որոնք զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված սեղանի թենիսի բաց առաջնությունը

2015թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը նվիրված էր Մայրության և գեղեցկության տոնին:

Առաջնությանը մասնակցում էին 20 մարզիկ-մարզուհիներ` տարբեր ուսումնական հաստատություններից:

Տղաների առաջնությունն անցկացվեց օլիմպիական կարգով, աղջիկներինը` շրջանաձև:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը և Նարեկ Ստեփանյանը:

2:0 հաշվով հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:

3-րդ տեղը գրավեց Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Ալիկ Դավթյանը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը, մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը և Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ռիտա Դավթյանը:

1-ին տեղը գրավեց Վարդիթեր Պողոսյանը` 2:1 հաշվով հաղթելով Ռիտա Դավթյանին:

3-րդ տեղը գրավեց Աննա Մանուչարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

2015թ. մարտի 30-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ:

Մասնաճյուղում ծրագիրը գործում է 2009 թվականից սկսած:

Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել է թվով 20 նախաձեռնություն, որոնք ներառել են տարբեր ոլորտներ` բնապահպանական, գյուղական, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման, սպորտի և այլն:

Այս նախաձեռնության («Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա») նպատակն էր նպաստել հասարակության շրջանում Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրագործությունների և քաջագործությունների ճանաչողական մակարդակի բարձրացմանը և ազատամարտիկների փորձի փոխանցմանը երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան ոգեկոչող ու հայրենասիրական ելույթներով` երգերով ու բանաստեղծություններով, ազատամարտիկներին ուղղեցին հարցեր, նրանց խնդրեցին պատմել իրենց անցած հերոսական ուղուց և ստացան թանկագին խորհուրդ-խրատներ` հայրենիքն անմնացորդ սիրելու և պաշտպանելու մասին:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` խորապես շնորհակալություն հայտնելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին` իրենց կատարած սխրանքների, հայրենանվեր մեծ գործի համար, նշելով, որ սուրբ պարտականություն է ազատամարտիկներին հիշելը, որն ավելի շատ հենց երիտասարդներին է պետք, որ հայրենասիրության դասեր առնեն, օրինակ վերցնեն նրանցից, որ իրենց հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենան:

Վերջում ազատամարտիկներին հանձնվեցին «Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նրանց մասին տպագրված գրքույկներ, վկայականներ ու փոքրիկ նվերներ:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

2015թ. մարտի 25-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էին տարբեր ֆակուլտետներից 25 մարզիկ-մարզուհիներ:

Շախմատի առաջնությունում իրեն հավասարը չունեցավ մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Հովսեփյանը` գրավելով առաջին տեղը:

Սեղանի թենիսի առաջնությունում տղաներից հաղթող ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Աղջիկներից հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Տնօրենը հանդիպեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ

2015թ. մարտի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տնօրենի հանդիպումը «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ:

Հանդիպման նպատակը մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքների պլանավորումն էր:

Կարևորելով ակումբի գործունեությունը` Ս.Առաքելյանը նշեց, որ նպատակահարմար է մարտական դիրքերում ծառայած ուսանողներին ներգրավել ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքներում:

Տնօրենը նաև հայտնեց, որ սերժանտական կոչման հավակնորդները պետք է քննություն հանձնեն Երևանում:

Պարոն Առաքելյանը ակումբի անդամներին հորդորեց լինել առավել նախաձեռնող, մաղթեց անկոտրում կամք, մարտական ոգի և նպատակասլացություն իրենց բոլոր ձեռնարկումներում:

Հանդիպման ընթացքում ակումբականները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկան մի շարք առաջարկներով:

Մասնավորապես առաջարկվեց կազմակերպել ճանաչողական էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային վայրեր, Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով անցկացնել գիտական բանավեճեր, դպրոցներում` սեմինարներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբում ունենալ երգչախումբ, որը կկատարի զուտ հայրենասիրական երգեր, որոշ ժամանակով կցվել Իջևանի զորամասին և այլն:

Ներկայացված առաջարկները տնօրենի կողմից արժանացան հավանության: