Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը

2015թ. փետրվարի  27-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Էլիպսոիդ, հիպերբոլոիդ»: Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, տիեզերագիտության (օրինակ՝ երկրային էլիպսոիդ) և այլ բնագավառներում:

Ներկայացվեց, թե ինչ են էլիպսոիդն ու հիպերբոլոիդը, ինչպիսին են նրանց հավասարումները: Նշվեց միախոռոչ և երկխոռոչ հիպերբոլոիդների  ու նրանց տարբերության մասին:

Վերջում ներկաները զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում

2015թ. փետրվարի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ժ/պ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մ.Զաքարյանը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստին մասնակցում էին գիտխորհրդի անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. Ֆակուլտետի գիտական խորհրդի կազմի և աշխատանքային պլանի հաստատում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

2. Ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագրի ընդունում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

3. Ֆինանսական միջոցների ներհոսքի (ուսման վճարներ) վիճակի քննարկում
(զեկուցող` Մ.Ա. Զաքարյան)

4. Ընթացիկ հարցեր:

Նիստի ընթացքում Մ.Զաքարյանը նախ ներկայացրեց ֆակուլտետի գիտխորհրդի նոր կազմը.
1. Զաքարյան Մանվել Աշոտի – դեկանի ժ/պ, գիտխորհրդի նախագահ
2. Գասպարյան Հռիփսիմե Սերյոժայի – ֆակուլտետի քարտուղար, քարտուղար
3. Գուլակյան Գեղամ Վոլոդյայի – ֆակուլտետի արհմիության նախագահ, անդամ
4. Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ, անդամ
5. Քամալյան Ռաֆայել Ռուբենի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի ժ/պ, անդամ
6. Աթոյան Մհեր Սերգեյի – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, անդամ
7. Ասիլբեկյան Պավել Նորիկի – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, անդամ
8. Օթարյան Քնար Վլադիմիրի – Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, անդամ
9. Սաֆարյան Անդրեյ Մեսրոպի – ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ, անդամ
10. Ղևոնդյան Սոնա Գառնիկի – ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, անդամ
11. Ներսիսյան Վարուժան Նարիմանի – ՀՀ ԿՊԿ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար
12. Ղազարյան Հարություն Ավետիքի – Գետահովիտի հիմնական դպրոցի տնօրեն
13. Թիրաբյան Մարսպետ /Մարզպետ/ Պարգևի – Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
14. Հովսեփյան Անահիտ Մհերի – ԻԿՄ II կուրսի ուսանողուհի
12. Խաչատրյան Նազելի Մանվելի – ԻԿՄ II կուրսի ուսանողուհի

Այնուհետև զեկուցողը ներկայացրեց ֆակուլտետի գիտխորհրդի աշխատանքային պլանը, որը կազմվել է ֆակուլտետի զարգացման ռազմավարական պլանի դրույթների և ուսումնական գործընթացի ժամանակացույցի հիման վրա:

Որոշվեց 2014-15 ուստարվա II կիսամյակի ֆակուլտետի գիտխորհրդի նոր կազմը և աշխատանքային պլանը ներկայացնել մասնաճյուղի գիտխորհրդի հաստատմանը:

Երկրորդ հարցի կապակցությամբ զեկուցողը ներկայացրեց ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագիրը, նրա հիմնարար արժեքները, նպատակները, առաքելությունը:

Կարևորվեց ֆակուլտետի ընդունելության պրոֆիլի ընդլայնման խնդիրը` այն համապատասխանեցնելով տարածաշրջանի տնտեսական զարգացման և աշխատաշուկայի պահանջներին:

Որոշվեց հաստատել ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագիրը:

Ֆակուլտետի գիտխորհրդի նախագահը զեկուցեց նաև ֆինանսական ներհոսքի՝ ուսման վճարների մուծումների վիճակի, ներֆակուլտետային ուսումնական գործընթացի մասին:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս.Ա. Առաքելյանը: Նա ներկայացրեց նախկին ՊՈԱԿԻ և Հիմնադրամի միջև եղած տարբերությունները, վերջինիս առավելությունները:

Տնօրենն ընդգծեց Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների կարևորությունը և պահանջարկը ժամանակակից աշխատաշուկայում: Մասնավորապես պահանջարկ կա չափագրման ուղղությամբ, անհրաժեշտ է օգտագործել դասախոսական կազմի և ուսանողների ներուժը` նշված մասնագիտությունները առավել գրավիչ դարձնելու համար:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԿՊԿ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վ.Ն. Ներսիսյանը: Նա ներկայացրեց պետական և մասնավոր հատվածների չափագրումներ կատարող մասնագետի պահանջարկի մասին:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում արտահայտվեց նաև Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Ա.Վ. Ցուցուլյանը` նշելով, որ ֆակուլտետի ուսումնական գործընթացը բխում է կրթության որակի պահանջներից:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Կոնֆերանսին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Աբու Ջանփոլադ Մոլդաբայուլը, Հանրության հետ կապերի և լրատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Գումաշյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովն ու զեկուցողները պատասխանեցին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների ուղղած հարցերին, մասնաճյուղին նվիրեցին Ղազախստանի մասին գրականություն (գրքեր, բուկլետներ, օրացույցներ):

Կոնֆերանսի օրակարգը տե՛ս այստեղ:

«Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողներ:  Հ.Զորոյանը, մարդկային արարքները դասակարգելով ըստ նրանց բնույթի (բարի, չար, լավ, վատ, ճիշտ, սխալ և այլն), մասնավորապես նշեց, որ սխալ արարքները չշտկվելու դեպքում հանդես են գալիս որպես մեղքի և մեղսագործության նախադուռ: Քրիստոնեական դավանաբանությունը ենթադրում է, որ սխալի շտկումը, մեղքի բեռի թեթևացումը տեղի է ունենում 7 հիմնարար խորհուրդներից մեկի` Ապաշխարության միջոցով:

Բաց դասի ընթացքում սխեմատիկ եղանակով ներկայացվեց ապաշխարության բանաձևը (ա/արարքի գիտակցում, բ/անկեղծ զղջում, գ/հրապարակավ խոստովանություն, դ/մեղքերի թողություն), ցույց տրվեց այդ խորհրդի էվոլյուցիան (բարեշրջում), օրինակներ բերվեցին Աստվածաշնչից, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկից, դասի թեման կապվեց ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների հետ:

Վերջում կրոնագետ Զորոյանը պատասխանեց մասնակիցների ուղղած հարցերին. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2015թ. փետրվարի 24-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների հավաքական թիմերը:

Խաղերն ընթացան շրջանաձև կարգով:

Եզրափակիչ դուրս եկան Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների հավաքական թիմերը:

Առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով:

Փետրվարի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները մրցեցին մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմի հետ:

Հաղթեց մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմը: