Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնագործնական այց Երևան

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի մի խումբ ուսանողներ` ասիստենտներ Սմբատ Դավթյանի և Պավել Ասիլբեկյանի ղեկավարությամբ, ԵՊՀ հարակից այգու տարածքում իրականացրին «Կադաստրային գործի ներածություն» և «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» առարկաների գործնական աշխատանքները:

Նախ Ս.Դավթյանը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ժամանակակից էլեկտրոնային տախեոմետրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները, ծանոթացրեց հանույթի իրականացման տարածքին և ընթացքին:

Ապա ուսանողները համալսարանի հարակից այգու տարածքում ինքնուրույն իրականացրին չափագրումներ` գործնականորեն ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

Ս.Դավթյանի ղեկավարությամբ` ստացված դաշտային չափումների տվյալները «AutoCad» ծրագրով մշակման կենթարկվեն ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողները այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա, ծանոթացան լաբորատորիայի բազային և աշխատանքի պայմաններին:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Նախ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին, շեշտեց, որ ի դեմս նրանց` ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր մեր ապագայի կերտողներն են, օժտված են իրենց ընտանիքի, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով, տնօրենության անունից հղեց բարեմաղթանքներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` ուսանողներին մաղթելով նպատակասլացություն, մեծ ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքի բոլոր բնագավառներում:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տաղանդավոր ուսանողները կատարեցին հայ դասականների կողմից գրված բանաստեղծություններ, ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր:

Մասնակիցների կողմից գովերգվեց տարվա գեղեցիկ եղանակներից մեկը` «ոսկեթել երազների հանգրվան» աշունը, ներկայացվեց ուսանողների տոնի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն:

Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը:

Ուսանողների տոնի կապակցությամբ անակնկալ նվեր մատուցեցին հանդիսատեսներից Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը (երգ) և մասնաճյուղի աշխատակից Շողիկ Անտոնյանը (սրբապատկեր):

Միջոցառման բոլոր լուսանկարները

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը

2014 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը, որին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներ Ռ.Հովսեփյանը, Ա.Հովսեփյանը:

Բացման արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Է.Սահակյանը, խմբապետներ Ն.Ամիրյանը, Ս.Խառատյանը, Գ.Հարությունյանը, Թ.Այվազյանը, Ա.Աղաջանյանը և ակումբականներ:

Պարոն Առաքելյանը շնորհավորեց ակումբականներին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայրենասիությունը հոգեբանություն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, խոսեց ռազմահայրենասիրական ակումբում իրականացվելիք որոշ ծրագրերի մասին, խոստացավ աջակցել երիտասարդներին իրենց նախաձեռնություններում:

Տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն

2014թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և Իջևանի մարզադպրոցի մարզիկ-մարզուհիներ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Իջևանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խուդավերդյանը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Երրորդ տեղը գրավեց ավագ դպրոցի սան Վազգեն Փայտյանը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Իջևանի մարզադպրոցի մարզուհիներ Աննա Մանուչարյանը և Սվետա Բախչագյուլյանը:

2:0 հաշվով հաղթեց Աննա Մանուչարյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով:

Փետրագնդակի բաց առաջնությունում գեղեցիկ ցուցադրական խաղով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը

2014թ. նոյեմբերի 11-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղն ընթացավ 2 փուլով, որին մասնակցում էր 4 թիմ` «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի առաջին և երկրորդ և նույն մասնագիտության 2-րդ կուրսի թիմերը:

Առաջին փուլում ԻԿՄ 1-ին կուրսի առաջին թիմը ստացավ նկատողություն և որակազրկվեց:

Երկրորդ փուլ անցան ԿՄՖ 3-րդ և ԻԿՄ 2-րդ կուրսերի թիմերը:

Երկրորդ փուլում հնչեց 10 հարց, և միավորների 4:5 հարաբերակցությամբ հաղթեց ԻԿՄ 2-րդ կուրսի թիմը: