Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս

2014թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հ.Զորոյանը ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդները (1.Մկրտություն, 2.Դրոշմ, 3.Ապաշխարություն, 4.Հաղորդություն, 5.Պսակ ամուսնության, 6.Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, 7.Ձեռնադրություն):

Հանգամանորեն բացատրեց քրիստոնեական կյանքի կարևորագույն կողմերն ընդգրկող հիմնարար խորհուրդների նշանակությունը.

Մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից և որդեգրում Քրիստոսին։

Դրոշմը պարգևում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում ընդդեմ փորձությունների։

Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո։

Հաղորդությունը, իբրև հոգևոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգևոր գիտակցությունը, մաքրում է մեղքերից և հավիտենական կյանքի հույս է տալիս։

Պսակ ամուսնության օրհնում և հոգեղինացնում է ամուսնական կյանքը և որդեծնությունը։

Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության և բոլոր խորհուրդների կատարումը հանձինս հոգևորականների։

Հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը։

Մասնակիցների կողմից Հ.Զորոյանին ուղղվեցին հարցեր. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Դասի վերջում անցկացված հարցազրույցի ընթացքում պարոն Զորոյանը, ընդգծելով ընտրված թեմայի արդիականությունը, նշեց. «Այսօր մեզանում ցավոք պահպանվել է միայն խորհուրդների արտաքին կողմը, ծեսը, ծիսականությունը, այնինչ մերօրյա մարդը` մասնավորապես ուսանողը, պետք է խորամուխ լինի իմաստի, բովանդակության, դրանց բարոյական չափանիշների մեջ: Խորհուրդների բովանդակությամբ է պայմանավորված այսօրվա մարդու քրիստոնեական բարոյականության արժեհամակարգը»:

Ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում կայացավ ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախագահները և ուսանողներ:
Եզրափակիչ փուլ էին անցել «Անգլերեն լեզու և գրականություն», «Տնտեսագիտության տեսություն», «Կիրառական արվեստ» և «Դիզայն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Եզրափակիչ խաղն անցավ երկու փուլով:
Առաջին փուլում թիմերը ցուցաբերեցին հետևյալ արդյունքները. «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն լեզու և գրականություն»` 6-ական միավոր, «Տնտեսագիտության տեսություն»` 5 միավոր, «Կիրառական արվեստ» և «Դիզայն»` 3 միավոր:

Երկրորդ փուլ անցան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Միավորների 7:4 հարաբերակցությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը:

Ինտելեկտուալ խաղի վերջում ամփոփիչ խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` շնորհավորելով եզրափակիչ փուլի մասնակիցներին ու հաղթողներին, կոչ անելով ուսանողներին հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ:

Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

Անգլերենի բաց դաս

2014թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսում անգլերենի բաց դաս անցկացրեց Օտար լեզուների ամբիոնի դասախոս Է.Թեմրազյանը:

Բաց դասին ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոս Պամելա Ուոտքինսը, Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողներ:

Դասի թեման էր «Տեղեկատվական տեխնոլոգիաները և նրանց դերը մեր կյանքում»:

Ուսանողները մեծ ակտիվությամբ մասնակցեցին դասին, պատմեցին ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, նրանց անցյալի ու ներկայի մասին:

Այնուհետև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ներկայացրին հետաքրքիր տեղեկատվություն` համացանցի, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի վերաբերյալ:

Վերջում ներկաները արտահայտեցին իրենց գոհունակությունը` շեշտելով, որ բաց դասը մաթեմատիկայի և ինֆորմատիկայի գեղեցկության մասին յուրատեսակ ձոն էր:

Գրական-երաժշտական երեկո սահմանային զորամասում

2014թ. նոյեմբերի 24-ին Տավուշի մարզի սահմանային զորամասում տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզի սահմանային զորամասի հրամանատարը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, սպաներ, զինվորներ:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին: Նա կարևորեց ուսանողների մասնակցությունը երկրի պաշտպանության գործընթացում:

Այնուհետև ներկաներին ողջունեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանը:

Նա նշեց, որ ի դեմս զինվորների` ունենք ամուր հենարան, խաղաղ երկիր, աննկուն բանակ, որ մեր զինվորների աչալուրջ և աննկուն ծառայության շնորհիվ կանխվում են մեր թշնամիների դավադիր հարձակումները և համարժեք հակահարված տրվում ցանկացած ոտնձգության:

Նա նշեց, որ մասնաճյուղը կարևորում է բուհ-բանակ համագործակցությունը և պատրաստակամ է նախապատրաստական դասընթացներ անցկացնելու այն զինվորների հետ, ովքեր նպատակ ունեն զորացրվելուց հետո սովորելու բուհում:

Ելույթ ունեցավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը`զինվորներին մաղթելով խաղաղ երկինք, բարի ծառայություն:

Դահլիճում տոնական և անկաշկանդ մթնոլորտ էր:

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան երգով, պարով, ասմունքով. երգեցին ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր, ուս ուսի պարեցին սահմանապահ Տավուշի աննկուն պաշտպաների հետ:

Ամփոփելով միջոցառումը` շնորհակալական խոսք ասաց զորամասի սպա, մասնաճյուղի նախկին դասախոս Վահագն Չոբանյանը:

Նա նշեց, որ հպարտանում է թե՛  շնորհաշատ ուսանողների հայրենասիրությամբ ու տաղանդով, թե՛ Հայոց բանակի քաջարի մարտիկներով:

Վերջում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները մասնակցեցին զորամասի շարային երթին:

Մասնաճյուղում ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի 2014թ. նոյեմբերի 21-ի № 189 հրամանով ստեղծվել է Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն, որի ղեկավար է նշանակվել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկ.գ.թ., դոցենտ Վաչիկ Արամայիսի Բրուտյանը:

Կենտրոնի անդամներ են նշանակել հետևյալ աշխատակիցները.

Անուշավան Հայկարամի Մակարյան – տնօրենի խորհրդական, Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Գարուշ Գուրգենի Անանյան – տնօրենի խորհրդական, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ,

Նելլի Բաբկենի Խուդավերդյան – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխն. գ.թ, դոցենտ,

Արտակ Վոլոդյայի Ցուցուլյան – Բնական գիտությունների ֆակուլտետի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ,

Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Բնական գիտությունների ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ,

Աիդա Ասիլբեկի Սարհատյան – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ,

Աիդա Սերոժի Մարդանյան – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ,

Նաթելլա Սերոժի Գրիգորյան – Կենտրոնի քարտուղար, տնօրենի օգնական: