Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին տասնվեց տղա, ութ աղջիկ:

Տղաների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան Հեռակա ուսուցման բաժնի «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Խաչատուր Ղուշչյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Հաղթեց Շավարշ Կիրակոսյանը:


Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ դուրս եկան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Էսմա Խոսրովյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթեց Աննա Մանուչարյանը:


Հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով և պատվոգրով:

Նարեկը եկավ ու անցավ լուսաստղի պես

Նարեկ Հովսեփյան. «Որպես մահկանացու` ես վախենում եմ պատերազմից, որպես հայրենիքի զինվոր` պատրաստ եմ պատերազմի: Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց…»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ վաղամեռիկ ուսանող Նարեկ Հովսեփյանի  «Նոյյան աղավնու վերադարձը» և Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. առեղծվածային ակնթարթ» գրքերի շնորհանդեսը:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Նարեկ Հովսեփյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հարազատ բուհի բեմում միջոցառման ընթացքում նա լուռ նստեց համակուրսեցու կողքին և փակեց աչքերը. սրտի կաթված էր ստացել: Սակայն նա թողել է ծավալով ոչ մեծ, բայց անասելի խորությամբ մտքեր, որոնք երբեմն անբացատրելի են ու առեղծվածային:

«Վաղամեռիկ փիլիսոփա, ով 20-րդ դարի սկզբի մեր մյուս երկու հանճարեղ պատանիների` Պետրոս Դուրյանի ու Միսաք Մեծարենցի հետ, նրանցից 100 տարի անց կազմեց մի հրաշք եռյակ». ահա Նարեկին այսպես բնորոշեցին շնորհանդեսին ներկա գրականագետները, մշակույթի գործիչներն ու ակադեմիկոսները, մտավորականները, որոնց կյանքը բաժանվել էր երկու մասի՝ մինչև Նարեկը և Նարեկից հետո:

Հրապարակախոս, լրագրող Հասմիկ Գուլակյանը նշեց, որ 17-ամյա պատանու մտքերը՝ արձակ բանաստեղծությունները և փիլիսոփայական մաքսիմներն այնքան խորիմաստ են և միաժամանակ պարզ, որ դրանք վերլուծելն ու մեկնաբանելը երբեմն ուղղակի անհնարին են:

«Մարդկության պատմության մեջ եղել են հրաշամանուկ բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, շախմատիստներ, բայց ինձ հայտնի չէ գեթ մեկ մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանի որ մարդ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է միայն տասնամյակների ընթացքում: Սակայն հանճարեղ 17-ամյա պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը»,- հուզմունքը խեղդելով` ասաց գրքի հեղինակը:

Բանախոսներից յուրաքանչյուրն ուղղակի բառեր չէր գտնում նկարագրելու այն զգացողությունները, որոնք պատում են Նարեկի ստեղծագործությունները կարդալիս: Նրանք, ի վերջո, իրենց խոսքն ամփոփում էին մեկ արտահայտությամբ՝ նա հանճար էր:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով Հասմիկ Գուլակյանի գրքի խմբագիրն է, հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողուհուն` անձնազոհ աշխատանք կատարելու և հրաշամանուկի գործերը հասարակությանը հասանելի դարձնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հայ հասարակությանը և մասնավորապես երիտասարդությանը Նարեկ Հովսեփյանի մտքերը հասցնելու համար «Ես գալիս եմ…» վերտառությամբ պիես է գրել, որը նախատեսվում է բեմադրել:

Դահլիճում ներկա էին նաև Նարեկի հարազատները և ծնողները: Հայրը՝ բանաստեղծ, նկարիչ Սաշա Հովսեփյանը, ով առաջիններից էր, որ հանրության դատին է հանձնել որդու մտքերը, ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ շատ բաներում սխալվել եմ: Սակայն, ցավոք, ոչինչ վերադարձնել չեմ կարող և ստիպված եմ ապրել հիշողություններով: Անկասկած, շարունակելու եմ հրապարակել Նարեկի գործերը, ինչը կօգնի անմահացնել նրա հիշատակը»,- ասաց Սաշա Հովսեփյանը և հավելեց, որ մահվան նախօրեին Նարեկը նրան հորդորել էր, որ չհավատա մահվանը, քանի որ մահն ավարտ չէ, այլ նոր բանի սկիզբ:

Աղբյուրը` ysu.am

 

Գիտական խորհրդի նիստում

2014թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա.Կ. Գրիգորյանը:

Նիստում քննարկվեցին Հեռակա ուսուցման համակարգում դասավանդման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների, ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի, մասնաճյուղում Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց զեկուցում և Հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման բաժնի կրթության որակի բարելավմանն ուղղված առաջարկների նախագիծը:

ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի մասին հարցի կապակցությամբ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Մ.Ճաղարյանը հանդես եկավ զեկուցումով:

Որոշվեց հանձնարարել ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին 2014թ. դեկտեմբերի Գիտխորհրդի նիստին ներկայացնել 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի կատարողականը:

Հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցեց տնօրեն Ս.Առաքելյանը:

Որոշվեց մասնաճյուղում ստեղծել Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոն:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում

2014թ. հոկտեմբերի 16-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Թումանյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, երկրորդ և երրորդ կուրսերից:

Մասնակիցները ներկայացրին Աստվածաշնչից, Նարեկացու տաղերից և «Ողբերգության մատյանից» անգիր հատվածներ, որոնք ուղեկցվում էին հետաքրքիր ու պատկերավոր մեկնություններով և տեսանյութերով:

Ուսանողների կողմից ընդգծվեց այն գաղափարը, որ «Նարեկ» կարդացողը չի կարող վատ արարք գործել, և հատկապես մեր ժամանկներում, երբ օր օրի մեծանում է ժողովրդի՝ դեպի աշխարհիկ վայելքներ հակվածությունն ու աղանդավորական շարժումների թիվը, մեր բացարձակ մեծություններին դիմելն ու հատկապես Նարեկացի կարդալու կարիքն առօրեական է, հավերժական ու անհրաժեշտ:

Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու «Սուրբ Թարգմանչաց» տոնը, մայրենիի մեր առաջին ուսուցիչներին ու թարգմանիչներին, որոնք ոսկեդարից ի վեր մեծարվել ու գնահատվել են հայ ժողովրդի կողմից:

Հայ Առաքելական եկեղեցին նրանց դասել է Սրբերի շարքը, նվիրել նրանց տոն, որ համաժողովրդական է ու նշվում է դարեր շարունակ:

Սուրբ թարգմանիչներն իրենց կյանքով դարձան հայ ժողովրդի թարգմանն Աստծո մոտ:

Այսօր էլ նրանք շարունակում են իբրև փարոս լուսավորել հայոց ապագան: Մեր եկեղեցու հայրերը կարծես խոսում են մեզ հետ: Ս. Սահակը սովորեցնում է մեզ լինել խոնարհ, Ս. Մաշտոցը` չվախենալ և աղոթքով հաղթահարել դժվարությունները, Եզնիկը ուղեցույց է հավատքը պաշտպանելու, Եղիշեն հայրենասիրությամբ է լցնում մեզ, Խորենացին ուսուցանում է հայոց պատմությունը, Շիրակացին առաջնորդում է բնության և տիեզերքի գաղտնիքների մեջ, Գրիգոր Նարեկացին մեր հոգին բարձրացնում է դեպի Աստված, Շնորհալին հայ հավատքի բանաձևն է տալիս և սովորեցնում աստծո փառքը երգել:

Հետաքրքիր և ուսանելի միջոցառման կապակցությամբ վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ամբիոնի դասախոսները` մաղթելով, որ Թարգմանչաց ոգին ու նրանց շնորհները միշտ մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:

Հաստատվել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կազմը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի 2014 թ. հոկտեմբերի 15-ի № 164 հրամանով հաստատվել է  ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կազմը.

  • Սամվել Արշավիրի Առաքելյան – մասնաճյուղի տնօրեն,
  • Գարուշ Գուրգենի Անանյան  – ամբիոնների աշխատանքների համակարգման և միջազգային կապերի գծով տնօրենի խորհրդական,
  • Նաթելլա Սերոժի Գրիգորյան – տնօրենի օգնական,
  • Մհեր  Սերգեյի  Աթոյան գիտական խորհրդի քարտուղար,
  • Մելանյա Մեսրոպի Մխիթարյան – գլխավոր հաշվապահ,
  • Արկադի Ցոլակի Դավթյան – ուսումնամեթոդական վարչության պետ,
  • Նաիրա Սուրենի Առուշանյան – ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ,
  • Ալբերտ Սարգսի Հովհաննիսյան –ԱԿ բաժնի վարիչ, իրավախորհրդատու,
  • Վարդիշաղ Մամիկոնի Եգանյան – ԱԿ բաժնի վարիչի տեղակալ,
  • Կամո Բենիկի Այվազյան – Վարչատնտեսական վարչության պետ,
  • Հասմիկ Սամվելի Վանյան – հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու,
  • Վարդան Արամայիսի Ալեքսանյան -Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Մանվել Աշոտի Զաքարյան – Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ,
  • Նելլի Բաբկենի Խուդավերդյան – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,
  • Ալեքսան Շամիլի Մարգարյան – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ժ/պ, արհբյուրոյի նախագահ, 
  • Մարատ Հովիկի Զուրաբյան – Հեռակա ուսուցման բաժնի վարիչ,
  • Արտակ Վոլոդյայի Ցուցուլյան – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի ժ/պ,
  • Մարիետա Ալբերտի Ճաղարյան – ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ,
  • Վահան Արշակի Աղաբաբյան– մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ,
  • Յուրա Իսրայելի Բեկնազարյան – ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ դիսպետչեր, տնօրենության նիստերի քարտուղար: