Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր. IMG_5330 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2022-2023 ուստարվա վերջին նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ 6 հարցերով:

Նախքան օրակարգի հարցերին անդրադառնալը 2023թ. ապրիլի 15-16-ը ԵՊՀ ԻՄ-ում «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական երկրորդ համաժողովի կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ԵՊՀ ռեկտորի շնորհակալագիր և խորհրդանշական նվեր հանձնվեց ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ., Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ս.Մինասյանին, մասնաճյուղի տնօրենի շնորհակալագրեր հանձնվեցին գիտքարտուղար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Աթոյանին, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ Ա.Հովսեփյանին, Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ռ.Հարությունյանին և Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի մասնագետ Ա.Սարգսյանին:

Երևանի պետական համալսարանի կողմից շնորհակալագիր հանձնվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանին՝ ԵՊՀ-ի կողմից Տավուշի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի կազմակերպման և անցկացման գործում մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

«Միջազգային իրավիճակի զարգացման արդի ուղղությունները և կոլեկտիվ անվտանգության հիմնախնդիրները հետխորհրդային տարածքում» վերապատրաստման միջազգային դասընթացին մասնակցելու համար հավաստագրեր հանձնվեցին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն.Գրիգորյանին և նույն բաժնի մասնագետ Ա.Մկրտումյանին:

ԵՊՀ ԻՄ-ում անցկացված «Դասավանդման գերազանցության մրցանակ» առաջին մրցույթի «Տնտեսագիտական մասնագիտություններ» անվանակարգում 2023 թվականի հաղթող ճանաչվելու համար հավաստագիր տրվեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, ա.գ.թ. Ա.Պոտոսյանին, «Հումանիտար մասնագիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցետ, բ.գ.թ. Վ.Աղաբաբյանին, «Բնագիտական մասնագիտություններ» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար՝ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցետ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանին:

Ա.Մակարյանը, շնորհավորելով պարգևատրված դասախոսներին, նշեց, որ կոնֆերանսի կազմակերպիչները նաև ստացել են դրամական խրախուսանք՝ համաձայն գիտխորհրդի հաստատած կարգի, իսկ դասավանդման գերազանցության մրցանակակիրները նույնպես կստանան սահմանված դրամական խրախուսանքը:

Գիտական խորհրդի անդամները, շնորհավորելով և մասնագիտական առաջընթաց ու նորանոր ձեռքբերումներ մաղթելով իրենց գործընկերներին, անցան նիստի մյուս 12 հարցերի քննարկմանը:

Գիտական խորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի՝ 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության կարգը, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը, ԵՊՀ ԻՄ-ի կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիրը (2023-2026 թթ․), ԵՊՀ ԻՄ-ի ուսումնաօժանդակ համակազմում զբաղեցրած պաշտոնին աշխատողի համապատասխանության գնահատման (ատեստավորման) կարգը և ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի շրջանավարտների ընդհանրական կոմպետենցիաների պարտադիր կազմը: 

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ՝ 2022-2023 ուստարվա գործունեությանը, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2023թ. հարցման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացին, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2024թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելուն վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ՝ 2022-2023 ուստարվա գործունեության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում Ուսանողական գիտական ընկերությունն իրականացրել է 9 գիտական, կրթական, մշակութային ծրագրեր, մասնավորապես՝ 4 դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝ «Մարդու իրավունքները», «Հետազոտական աշխատանք գրելու հմտությունները», «Ավարտական աշխատանքի պատրաստման մեթոդաբանությունը», «Ծրագրավորման և մաթեմատիկական անալիզի դասավանդում», 2 ինտելեկտուալ խաղ՝ «Ամենախելացին» ձևաչափով, 2 գիտական հոդվածների և էսսեների մրցույթ ու 1 հոդվածաշարի շնորհանդես՝ «Ուսանողները ժողովրդավարության մասին» թեմայով:

ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն սերտ համագործակցության մեջ է եղել ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի, «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության, ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Եվրամիության գրասենյակի հետ:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության՝ 2022-2023 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար, գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց, որ ՈՒԳԸ-ն իր ֆակուլտետային պատասխանատուների միջոցով առավել ակտիվորեն ներգրավի ուսանողներին գիտական միջոցառումներում ու նախաձեռնություններում:

Հաջորդ հարցի հետ կապված՝ ներկայացվեցին 2023թ․ մայիսին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից իրականացված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած կրթությունից 2023թ․ շրջանավարտների բավարարվածության ուսումնասիրության արդյունքները և վերլուծությունը: Մասնավորապես նշվեց, որ 2022-2023 ուստարում մասնաճյուղն առկա ուսուցման 12 կրթական ծրագրով տվել է 129 շրջանավարտ, որոնցից հարցմանը մասնակցել է 124-ը, այսինքն՝ շրջանավարտների 96%-ը, որ առցանց հարցումների տեսանկյունից մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է: Հարցման արդյունքները մշակվել և ընդհանրացվել են ըստ ֆակուլտետների, ըստ կրթական ծրագրերի և գիտխորհրդի անդամներին են ներկայացվել միջին գնահատականներով կամ տոկոսներով:

Ուսումնասիրության մեջ ներառված հարցերը նպատակ ունեին պարզելու շրջանավարտների գնահատականը ստացած կրթության, դրա անհրաժեշտության և օգտակարության վերաբերյալ: Շրջանավարտներն ընդհանուր առմամբ բավարարված են իրենց ստացած կրթությունից, կրթական ծրագրերի բովանդակությունից, ուսումնական գործընթացի կազմակերպումից և այլն: Այս տարվա շրջանավարտները մասնաճյուղում ստացած իրենց կրթությունը գնահատել են բարձր գնահատականներով․ բոլոր ֆակուլտետների համար այս ցուցանիշի միջին գնահատականը հավասար է 4․5-ի, մասնաճյուղի համար այն կազմել է 4․4: Հարցմանը մասնակցած շրջանավարտների 90%-ը նշել է, որ խորհուրդ կտա իր մերձավորներին կրթություն ստանալ ԵՊՀ ԻՄ-ում: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մասնաճյուղի, նրա ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերյալ և նշել են մասնաճյուղի ուժեղ կողմերը, որոնց մեջ առաջին տեղում են որակյալ կրթությունը և պրոֆեսորադասախոսական բարձրակարգ կազմը:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ նշվեց, որ նման ուսումնասիրությունները նպատակ ունեն աջակցելու մասնաճյուղին՝ բարելավելու իր գործունեությունը, վերանայելու իր մոտեցումները կրթության և դրա իրականացման նկատմամբ, ներդնելու նոր կրթական ծրագրեր, նպաստելու իր ուսանողների՝ որպես անհատ և մասնագետ ձևավորմանը:

ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ 2023թ. հարցման արդյունքների վերաբերյալ Մ.Ճաղարյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն, առաջարկվեց տնօրենության մոտակա նիստում առավել մանրամասն քննարկել տվյալ հարցը:

ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին նշվեց, որ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 47 պրակտիկա (տասերկու ուսումնական – 9՝ առկա ուսուցում, 3՝ հեռակա ուսուցում, տասներկու արտադրական (մանկավարժական) – 8՝ առկա ուսուցում, 4՝ հեռակա ուսուցում, քսանմեկ մասնագիտական – 13՝ առկա ուսուցում, 8՝ հեռակա ուսուցում, երկու գիտամանկավարժական – հեռակա ուսուցում):

Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից նախապես Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին ներկայացված ծրագրերի:

Ուսումնական պրակտիկան՝ որպես ուսումնական գործընթացի մաս, կազմակերպվել է չորս կրթական ծրագրով («Պատմություն», «Զբոսաշրջություն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Դիզայն»), մասնակցել է 138 ուսանող:

Արտադրական (մանկավարժական) պրակտիկաներն իրականացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերով, իսկ գիտամանկավարժական պրակտիկան՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով սովորող ուսանողների համար: Ըստ կուրսերի մասնակցել է ընդհանուր 105 ուսանող:

Պրակտիկայի վայրում ուսանողների կողմից կատարված աշխատանքներն արտահայտվել են թղթապանակներում, որոնք ընթացքում վերահսկվել են ղեկավարների կողմից, հաստատվել ստուգարքին: Պրակտիկայի ավարտին Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի կողմից կատարվել է արտաքին շահակիցների հարցում:

ԵՊՀ ԻՄ-ի սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացի մասին Լ.Բեգինյանի հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու հարցի կապակցությամբ առաջարկվեց, որ առաջադրվեն այնպիսի թեմաներ, որոնց արդյունքները լինեն առավել չափելի, հնարավոր լինի դրանք ցույց տալ: Այլ խոսքով՝ հետազոտողների առջև որոշակի լրացուցիչ պահանջներ դրվեն. օրինակ՝ ներկայացվի տվյալ թեմայի կիրառական նշանակությունը՝ իրականացման հնարավորություններով (լաբորատորիաների ձևավորում և այլն):

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2024թ. ընդունելության մասնագիտությունների ցանկն առաջարկվեց հաստատել Գիտխորհրդի հաջորդ նիստին: Եթե ֆակուլտետները նոր մասնագիտությունների և ծրագրերի ներդրման առաջարկներ կունենան, հիմնավորված հայտեր պետք է ներկայացնեն ըստ մասնաճյուղում գործող կարգի:

Նիստի ընթացքում փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի 59/3 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ի վարչական, ինժեներատեխնիկական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ատեստավորման կարգում (ուսումնաօժանդակ անձնակազմին վերաբերող մասը հանելու կապակցությամբ՝ նոր կարգի հաստատմամբ պայմանավորված) և ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին կից որակի կառավարման մշտական հանձնաժողովի կազմում (իրավախորհրդատուի և այս տարի բուհն ավարտած ուսանողուհու կապակցությամբ):