2016թ. ապրիլի 14-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և դպրոցականների (ավագ, միջին և կրտսեր սերնդի ներկայացուցիչների) աշխատանքների՝ «Երեք սերունդ» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Իջևանի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ս.Մելքումյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, արվեստագետներ, ուսուցիչներ, աշակերտներ և քաղաքացիներ:
Ցուցահանդեսը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ օրերս Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով զոհված քաջ հայորդիների:
Բացման խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ՀՆՄ վարչության անդամ Հ.Ասատրյանը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ.Ղալումյանը:
«Նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը մի յուրատեսակ հաշվետվություն է ինչպես արվեստասեր հասարակության, այնպես էլ բուհի առջև: Արվեստագետ դառնալու ճանապարհին ավագ ընկերների կողքին ցուցադրվելով՝ ուսանողությունը և մատաղ սերունդն իրենց ավելի անկաշկանդ են զգում ճիշտ կողմնորոշվելու և ինքնուրույնություն ձեռք բերելու խնդիրներում»- մասնավորապես նշեց պարոն Ասատրյանը:
«Զարմանալի ժողովուրդ ենք այն առումով, որ մեր մեջ ամեն ինչ եռասերունդ է, հայկական ընտանիքի հիմքն էլ է եռամիասնության մեջ: Մարտի դաշտում էլ այսօր մեր եռասերունդ բանակն է կռվում, այնտեղ էլ ենք եռասերունդ, այսօրվա ցուցահանդեսի մեջ էլ ենք եռասերունդ. սա է կյանքի օրգանական շարունակությունը, մեկս մյուսից ենք սովորում: Մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ, տեսնելով մատաղ սերնդի աշխատանքները, կարող են նոր ոգի, նոր շունչ դնել իրենց գործերում: Կրտսեր սերնդի ներկայացուցիչների համար էլ մեծ պատիվ է մեր մեծերի կողքին հանդես գալը, որոնք բոլորն էլ արվեստի յուրօրինակ աշխարհի ներկայացուցիչներ են, յուրաքանչյուրն իր հետքն ու վրձինն է թողել արվեստի պատմության մեջ» – իր խոսքում ընդգծեց պարոն Առաքելյանը:
Ցուցահանդեսն իր բնույթով բազմաժանր է. ընդգրկում է տարբեր ժանրերի շուրջ 70 աշխատանք (գրաֆիկա, բատիկա, ստիլիզացված դիմանկարներ, կենդանական և բուսական աշխարհի սիմվոլիկաներով ստեղծված կոմպոզիցիաներ, կոլաժներ, ֆլորիստիկա, գեղանկարչական գործեր, քանդակ, գոբելեն և այլն):
Ներկայացված ստեղծագործությունների աշխարհագրությունը, թեմատիկան բավականին լայն էր, բովանդակությանն ու թեմային համապատասխան՝ հերթագայում էին տաք ու սառը գույները, սակայն ավելի գերակշռող էին պայծառ երանգները:
Ցուցահանդեսի այցելուները գեղագիտական հաճույքով ու մեծ հետաքրքրությամբ էին դիտում ցուցադրված նկարները և անձամբ հեղինակներից պարզում իրենց հետաքրքրող նկարներին առնչվող հարցերը:
Ցուցահանդեսը կտևի երկու շաբաթ: Մուտքն ազատ է: