2016թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ տարեվերջյան ընդլայնված նիստ, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական կառույցների անդամները:
ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ Ս. Ա. Առաքելյանը նիստի ընթացքում ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2015-2016 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը:
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
- Մասնաճյուղի՝ 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:
- ԵՊՀ ԻՄ-ի՝ 2011-2016թթ. գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների մասին:
- Ընթացիկ հարցեր:
Ընդգծվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը իր գործունեության ավելի քան քսան տարիների ընթացքում նպաստում է ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին, մատուցում խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, իր կազմակերպած գիտաժողովներում, ինտելեկտուալ խաղերում, բանավեճերում, ցուցահանդեսներում, գրական-գեղարվեստական նախաձեռնություններում, վերապատրաստման դասընթացներում ընդգրկում ոչ միայն համալսարանականներին, այլև Տավուշի մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային, ռազմական ոլորտների ներկայացուցիչներին, մարզի բնակիչներին:
Լինելով մշտապես ռազմական իրավիճակում գտնվող մարզի միակ բարձրագույն կրթօջախը` նա հաջողությամբ իրականացնում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետ, այլև հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի պատրաստելու իր առաքելությունը:
Նվաճելով իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի շարքում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տարեցտարի գրանցում է նոր հաջողություններ:
Ներկայացվեցին հաշվետու` 2015-16 ուստարում մասնաճյուղի գրանցած կարևորագույն ձեռքբերումները:
Նշվեց, որ, մասնաճյուղը, արձագանքելով աշխատաշուկայի պահանջներին, պարբերաբար համալրում է մասնագիտությունների ցանկն ավելի ժամանակակից մասնագիտություններով: Այժմ մասնաճյուղում ներդրված են կրթական վերջնարդյունքներով ձևակերպված 15 կրթական ծրագրեր: Արդարացված ներդրում եղավ առկա և հեռակա ուսուցմամբ «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով ուսումնառության կազմակերպումը: Հաշվի առնելով մարզում տարրական դասարանների ուսուցիչների մեծ պահանջարկը՝ մասնաճյուղը հաշվետու ուստարում իրականացրել է նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելություն, իսկ 2017-18 ուստարում կիրականացվի ընդունելություն նաև «Սոցիալական աշխատանք», «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով՝ ընդլայնելով դիմորդների մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները:
Հաշվետու ուստարվա կարևոր ձեռքբերումներից է բակալավրի կրթական ծրագրի ղեկավարի «ինստիտուտ»-ի՝ որպես մասնագիտական կրթության կառավարման յուրահատուկ մոդելի ներդնումը, որի միջոցով մասնաճյուղն ակնկալում է ստեղծել ինքնազարգացող մանկավարժական միջավայր:
Կրթական ծրագրերի արդյունավետության անհրաժեշտ պայմանը բավարար քանակով դիմորդների առկայությունն է, որին ուղղված են մասնաճյուղի ընդունելության մարքեթինգային գործընթացները` պարբերաբար ընդլայնվող ակտիվ գովազդարշավով:
Շեշտվեց, որ մասնաճյուղի հարստությունն իր ուսանողներն են: 2016-17 ուստարում մասնաճյուղում սովորում են բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ 1718 ուսանողներ, նրանցից 1564-ը՝ վճարովի:
Մասնաճյուղը 2015-16 ուստարում բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ տվել է 189, իսկ հեռակա ուսուցմամբ՝ 161 շրջանավարտներ, նրանցից գերազանցության դիպլոմով ավարտել է 21-ը: Պետք է փաստել, որ մասնաճյուղի շրջանավարտներին հանձնվում է միջազգային չափանիշներին համապատասխան երկլեզու (հայերեն և անգլերեն) դիպլոմի հավելված:
Պետության կողմից ուսման վարձի (ուսանողական նպաստի ձևով) լրիվ փոխհատուցում է ստացել 119 ուսանող (այդ թվում՝ 3-ը արտամրցութային): Պետական և ներբուհական կրթաթոշակներ են հատկացվել մասնաճյուղի 139 ուսանողների, որոնցից անվանական կրթաթոշակ է ստացել 12 ուսանող: 2015-16 ուստարում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից օգտվել են 336 ուսանողներ, այդ թվում՝ 152-ը առկա:
Գիտխորհրդի նախագահը նշեց, որ իրենց ուսումնառությունից և կրթական միջավայրից բավարարված ուսանողներ ունենալու նախապայմանը կրթական ծրագրերի իրականացման պահանջներին բավարարող համալսարանական ենթակառուցվածքներն են:
Որակյալ ուսումնառության ապահովման ռազմավարական խնդրի իրականացման գրավականներից է մասնաճյուղում ներդրված որակի ներքին ապահովման համակարգը: Այդ համակարգի գործառույթների շրջանակներում իրականացվել է որակի շարունակական բարելավմանը միտված փաստաթղթային հենքի համալրում, վերանայում և ներդնում: Միայն վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել են 5 քաղաքականություններ, 13 կանոնակարգեր, մի շարք ուղեցույցներ և ձևաչափեր և այլն:
Հաշվետու ուստարում իրականացվել են բազմաբնույթ խորհրդատվական աշխատանքներ, ներքին և արտաքին շահակիցների շրջանում անց են կացվել պլանավորված 6 հարցումներ, կազմվել է արտաքին և ներքին շահակիցների առաջարկությունների և կարծիքների փաթեթ, կատարվել է դրանց վերլուծություն, իրականացվել է 2011-15թթ. ժամանակահատվածում ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության վերլուծություն:
2015 թվականին՝ 3-րդ անգամ, իրականացվել է մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնագնահատում, կայքում հրապարակվել է համապատասխան զեկույցը: Արդեն հինգ տարի է մասնաճյուղը գնահատում է իր ձեռքբերումները` հանրությանը ի ցույց դնելով իր գործունեության գնահատման առանցքային ցուցանիշները և դրանց վերլուծությունը: Հաշվետու ուստարում նույնպես համալրվել և վերլուծվել են այդ ցուցանիշները 2011-16թթ. համար, կազմվել է համապատասխան հաշվետվություն և հրապարակվել:
Բոլոր գործընթացներում ներգրավված են եղել ուսանողներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և արտաքին շահակիցներ:
Զեկուցողը փաստեց, որ այժմ մասնաճյուղում դասավանդում են հիմնական և համատեղությամբ 121 դասախոսներ, այդ թվում՝ 3 պրոֆեսոր (2.5%), 37 դոցենտ (31%), 49 ասիստենտ և 32 դասախոս (67%), որոնցից գիտական աստիճանով՝ 3 դոկտոր և 65 թեկնածու, ընդ որում՝ գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը 50%-ից ավելի է: Մասնաճյուղում դասախոսների միջին տարիքը 48 է:
Լրիվ հաստիքային համարժեքով ուսանող-դասախոս հարաբերակցությունը 2015-16 ուստարում կազմել է 19.57, իսկ 2016-17 ուստարվա համար այն հավասար է 20.24-ի: Դասախոսների միջին տարեկան ուսումնական բեռնվածության համահամալսարանական միջինը հաշվետու ուստարում կազմել է 815.9 ժամ (2016-17 ուստարում այն կազմում է 900.7 ժամ):
Հատկանշվեց, որ վերջին 5 ուստարիների ընթացքում թեկնածուական թեզ պաշտպանած 27 դասախոսներից 21-ը հիմնական աշխատողներ են, այդ թվում 16-ը երիտասարդ, իսկ 10-ը՝ մասնաճյուղի շրջանավարտներ են: Հաշվետու ուստարում մասնաճյուղն ունեցել է 1 դոկտորանտ, 2 ասպիրանտ և 9 հայցորդ:
Դասախոսական կազմի մասնագիտական կարողությունները, մանկավարժական հմտությունները, դասավանդման որակը և արդյունավետությունը պարբերաբար գնահատվում են ԵՊՀ-ի կողմից իրականացվող ուսանողական հարցումների միջոցով: 2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի հարցումների արդյունքների համաձայն՝ բոլոր մասնագիտությունների գծով միջին թվաբանական միավորն ըստ ամբիոնների բարձր է 4.54-ից:
Մասնաճյուղն իր հեղինակության ամրապնդման, հասարակական վարկանիշի բարձրացման նպատակով վարում է տեղեկատվության տարածման, գովազդային-լրատվական, քարոզչական համապատասխան քաղաքականություն (նպատակ 3): ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ստորաբաժանումների գործընթացների, իրադարձությունների, կազմակերպված միջոցառումների, հարցազրույցների, անհրաժեշտ հայտարարությունների, ուսանողական կյանքին և միջավայրին վերաբերող նորությունների լուսաբանումը, տեղեկատվության մատչելիությունն ապահովվում է մասնաճյուղի ինտերնետային կայքի միջոցով (եռալեզու տարբերակի իրականացումն ընթացքի մեջ է), «Facebook» սոցիալական ցանցում գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի էջի և խմբի միջոցով, նաև մասնաճյուղի մասին տեղեկատվություն ու նկարագրություններ են տպագրվում տարբեր տեղեկագրքերում, ժողովածուներում և կայքերում, մասնավորապես «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ամսաթերթում, “1TV.AM”, “HAYNEWS.AM”, “TESANKYUN.AM”, “CIVILNET.AM”, “LURER.COM” Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կայքերում և այլն:
Ուսանողական և ուսումնագիտական միջավայրի ձևավորման գործում իրենց անփոխարինելի տեղն ունեն ուսանողական ինքնավարության կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ): Հաշվետու ուստարում ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել են տարբեր տոների, հիշատակների նվիրված մշակութային և սպորտային շուրջ 35 միջոցառումներ և հանդիպումներ, մասնակցել են ԵՊՀ ուսանողական ձեռնարկումներին: ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպվել են զեկուցումների շարքեր ֆակուլտետներում, մասնագիտական ֆիլմերի դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, շարադրությունների մրցույթներ, մարզի դպրոցականների համար օլիմպիադաներ: Նրա անդամները մասնակցել են 2 գիտաժողովների, նաև բիզնես-թրեյնինգի դասընթացների:
Պարոն Առաքելյանը նշեց, որ ուրաքանչյուր տարվա ավարտին մասնաճյուղը գնահատում է իր ֆինանսական և նյութական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, կատարում վերլուծություններ և դրանց հիման վրա պլանավորում հաջորդ տարվա իր ֆինանսական գործունեությունը, որը նպատակ ունի խնայողությունների հաշվին բարելավել ուսումնական գործընթացները, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը, ավելացնել և զարգացնել նյութատեխնիկական բազան:
Մասնաճյուղի գիտխորհրդի նիստում ԵԿՄ վարչության կողմից «Հայաստանի երկրապահ» մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ–ի՝ Քառօրյա պատերազմին մասնակցած հետևյալ ուսանողները.
- Եգանյան Գրիգոր Ռուբենի (առկա ուսուցման համակարգ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության I կուրս),
- Խաչատրյան Տիգրան Հենրիկի (առկա ուսուցման համակարգ, «Կիրառական արվեստ» մասնագիտության II կուրս),
- Աբազյան Վահագն Վիկտորի (հեռակա ուսուցման համակարգ, «Պատմություն» մասնագիտության II կուրս),
- Մատինյան Սեյրան Հովհաննեսի(հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
- Տոֆանյան Ռաֆայել Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
- «Փաշինյան Գրիգոր Թոռնիկի (հեռակա ուսուցման համակարգ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության II կուրս),
- Թամրազյան Հայկ Տիգրանի (հեռակա ուսուցման համակարգ,«Սերվիս» մասնագիտության II կուրս),
- Մանուչարյան Սարիբեկ Ժորայի (հեռակա ուսուցման համակարգ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության II կուրս):
Պատվոգրեր տրվեցին ԼՂՀ զինված ուժերում ծառայած՝ մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բոլոր ուսանողներին:
Անբասիր աշխատանքի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ալբերտ Հովհաննիսյանը ու Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, «Սերվիս» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը:
Վերջում մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ նրանց ընտանիքներին մաղթելով խաղաղություն, բարօրություն, երջանկություն, հաջողություն և ամենայն բարիք:
Նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:
Գիտխորհրդի ընդլայնված նիստի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: