Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» մրցանակ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհուն

1. գլխավոր

2021թ. հունվարի 25-ին, համաձայն հաստատված ավանդույթի, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Գիտության և մշակույթի Երևանի ռուսական կենտրոնը` Հայաստանում Ռուսաստանի համալսարանների ուսանողների ասոցիացիայի հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակաբաշխության ավանդական արարողությունը, որի ընթացքում Հայաստանում գործող համալսարանների ռուսական բանասիրության ֆակուլտետի 2020 թվականին իրենց ուսումնառությամբ առանձնացած ուսանողները ստացան հավաստագրեր և խրախուսական մրցանակներ:  

Մասնակիցներին ուղղված շնորհավորական խոսքերով և բարեմաղթանքներով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը, Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ացամազ Բիչենովը, Մ. Վ. Լոմոնոսովի Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը, Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Լավագույն ուսանող ընտրելու առաջարկ էր ուղարկվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին: Հաշվի առնելով «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մեջ իր ցուցաբերած բարձր առաջադիմությունը, կարգապահությունը և ակտիվությունը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կողմից լավագույն ուսանողի թեկնածու էր առաջադրվել 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարենի Կարապետյանը

Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Լիանա Կարապետյանին շնորհվեց հավաստագիր և խրախուսական մրցանակ:

ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Լիանա Կարապետյանին՝ նրան մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքում:

Միջոցառման վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին կտրամադրվեն «Ռեստարտ Իջևան» կազմակերպության անվանական կրթաթոշակներ

Ռեստարտի հետ հուշագրի նկարը

2020թ. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Ռեստարտ Իջևան» գիտակրթական հասարակական կազմակերպության (ի դեմս գործադիր տնօրեն Մելինե Գևորգյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը նպատակաուղղված է աջակցելու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին՝ նրանց տրամադրելով անվանական կրթաթոշակներ:

 

Երկկողմ համագործակցությունը կիրականացվի հետևյալ հարցերի շուրջ.

  1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ փոխհամագործակցային կապերի ձևավորում,
  2. աշխատանքային քննարկումների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության,
  3. անվանական կրթաթոշակների տրամադրման հարցում չափանիշների սահմանում,
  4. ուսանողների նախնական/վերջնական ընտրության կազմակերպում,
  5. անվանական կրթաթոշակների փոխանցման կազմակերպում:

Համագործակցության շրջանակներում ներկա պահին նախատեսվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով 15 ուսանողի տրամադրել ամենամսյա ֆինանսական աջակցություն:

 

Մասնաճյուղի կողմից ներկայացված անվանական կրթաթոշակի հավակնորդների ցանկից «Ռեստարտ Իջևան» կազմակերպությունը կիրականացնի ուսանողների վերջնական ընտրություն և կկազմակերպի սահմանված գումարի փոխանցում:

 

ԵՊՀ ԻՄի և «Ռեստարտ Իջևան»-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը տե՛ս այստեղ:

Մասնաճյուղը ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ է

1. գլխավոր

2020թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացաշարի առաջին դասը, որի բանախոսն էր ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, ա.գ.թ., դոցենտ Գոռ Ալեքսանյանը:

Դասընթացն իրականացվում է «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) տրամադրած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի մասնակիցներն են Տավուշի տուրիզմի զարգացման գործակալությունը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, «Իջևան Ինֆոտուն» և «Արտակարգ ալիք» ՀԿ-ները:

Բացման խոսքով հանդես եկավ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալության գործադիր տնօրեն, ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը՝ ողջունելով բոլոր գործընկերներին ու մասնակիցներին, մաղթելով բարի ընթացք:

Ողջույնի խոսք ասաց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հետ մասնաճյուղի համագործացության կարևորությունը, մարզի զբոսաշրջության զարգացման գործում նման դասընթացների իրականացման նշանակությունը:

Ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կիրականացնի հետազոտական հմտությունների ձևավորմանը և Content Writing-ին (բովանդակության կազմում) առնչվող դասընթացները, ինչպես նաև ծրագրի մասնակիցներին կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն: Բացի այդ, դրամաշնորհի հաշվին ձեռք բերված տեխնիկան կօգտագործվի կրթական նպատակներով նույնպես. այն թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Առաջին դասի ընթացքում Գոռ Ալեքսանյանը բանախոսեց հետևյալ 5 թեմայի շուրջ.

  1. «Նորարարական մտածողության հիմքերը. ի՞նչ է նորարարությունը»,
  2. «Նորարարությունները զբոսաշրջության մեջ և զարգացման միտումներ»,
  3. «Հետազոտությունը որպես նորարարության հիմք»,
  4. «Հետազոտության տեսակները և դասակարգումը»,
  5. «Զբոսավարական աշխատանքների իրականացման առանցքային հետազոտական մեթոդները»:

Բանախոսը, անդրադառնալով «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացի առաջին սկզբունքին՝ նորարարությանը, ընդգծեց, որ ստեղծարարությունը գործունեության մեջ դառնում է նորարարություն:

Դասընթացի առաջին դասն ամփոփելով՝ Ս.Պետրոսյանը նշեց. «Սիրելի՛ գործընկերներ, այսօր մեկնարկեցինք «Զբոսավարների մասնագիտական կարողությունների զարգացման» դասընթացաշարը: Նորարարական մտածողության հիմքը դրեցինք բանախոս Գոռ Ալեքսանյանի օգնությամբ: Բովանդակալից դասընթացից հետո բոլորիս մաղթում եմ շարունակական արդյունավետ և հաճելի աշխատանք»:

Դասընթացի օրակարգը տե՛ս այստեղ:

Հավելենք, որ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_8963

2020թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Հարություն Համբարձումյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

 

Հուշագրով ամրագրվեցին համագործակցության մի շարք ուղղություններ կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում:

 

Երկկողմ համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, փառատոներ, մրցույթներ, օլիմպիադաներ, գիտական կոնֆերանսներ, կլոր սեղաններ, դասախոսություններ և այլ գիտակրթական ու մշակութային միջոցառումներ:

 

Համատեղ նախագծեր, փաստաթղթեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ, ստեղծել փորձագիտական խմբեր և կազմկոմիտեներ:

 

Համագործակցության զարգացմանն է ուղղված նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցչության հիմնումը ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ փակցվեցին կենտրոնի գործունեությունը լուսաբանող պաստառներ, դասավորվեցին կենտրոնի կողմից մասնաճյուղին նվիրաբերված ռուսալեզու գրքեր:

 

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ կայացավ հանդիպմանը, որին մասնակցեցին ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, իրավախորհրդատու Ն.Նազարյանը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ.Համբարձումյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության լավ փորձը Շիրակի և Լոռու մարզերում, կենտրոնի համագործակցությունը մարզային բուհերի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, ուսանողների և դասախոսների շարժունության, ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները:

ԵՊՀ ԻՄ-ի կողմից 5.5 միլիոն լրացուցիչ դրամ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին

Նորութ. նկարը

2020թ. սեպտեմբերի 27-ից՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացավ Հայաստանից ու աշխարհի չորս ծագերից ողջ հայությունը՝ այս վճռական պահին յուրաքանչյուր ներդրումի կարևորության քաջ գիտակցումով:

 

Համազգային դրամահավաքից անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին սեպտեմբերի 29-ին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ԻՄ-ը դարձյալ միացավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին և այս անգամ փոխանցեց 5.500.000 ՀՀ դրամ:

 

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան հզոր պատգամին ապավինելով և արդարության հաղթանակին հավատալով՝ հաղթելու ենք: