Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնագործնական այց Երևան

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի մի խումբ ուսանողներ` ասիստենտներ Սմբատ Դավթյանի և Պավել Ասիլբեկյանի ղեկավարությամբ, ԵՊՀ հարակից այգու տարածքում իրականացրին «Կադաստրային գործի ներածություն» և «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» առարկաների գործնական աշխատանքները:

Նախ Ս.Դավթյանը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ժամանակակից էլեկտրոնային տախեոմետրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները, ծանոթացրեց հանույթի իրականացման տարածքին և ընթացքին:

Ապա ուսանողները համալսարանի հարակից այգու տարածքում ինքնուրույն իրականացրին չափագրումներ` գործնականորեն ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

Ս.Դավթյանի ղեկավարությամբ` ստացված դաշտային չափումների տվյալները «AutoCad» ծրագրով մշակման կենթարկվեն ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողները այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա, ծանոթացան լաբորատորիայի բազային և աշխատանքի պայմաններին:

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունում աշխատելու առաջարկ

Հարգելի՛ ուսանողներ,

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունը, որը զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, առաջարկում է հարցազրուցավարի աշխատանք Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար:

Հարցազրուցավարի աշխատանքը պահանջում է այցելել բնակարաններ կամ կազմակերպություններ` կախված հետազոտության տեսակից և շրջանակներից, և լրացնել հարցաթերթ՝ նախօրոք հաստատված չափանիշներին համապատասխանող անհատների հետ:

Աշխատանքը վարձատրվում է ըստ յուրաքանչյուր լրացված հարցաթերթի (հարցաթերթի արժեքը տարբեր է` ըստ հարցաթերթի ծավալի, թեմայի բարդության, հարցվողների չափանիշների բարդության և քանակի):

Վարձատրությունն իրականացվում է հետազոտությունն ավարտելուց հետո:

Հարցազրուցավարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

• Տարիքը՝ 21 և ավելի,

• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է
(կարող են դիմել նաև ուսանողները),

• հաղորդակցվելու հմտություններ (մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն),

• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),

• տեղանքում կողմնորոշվելու ունակություն,

• թիմային աշխատանքի հմտություններ,

• պատասխանատվության զգացում,

• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք):

Հետադարձ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել

+37 477 38 75 95

+37 410 32 25 22

կամ գրել lilit.ghabanyan@r-insights.am հասցեով:

 

Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Նախ` Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին, շեշտեց, որ ի դեմս նրանց` ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր մեր ապագայի կերտողներն են, օժտված են իրենց ընտանիքի, հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով, տնօրենության անունից հղեց բարեմաղթանքներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը` ուսանողներին մաղթելով նպատակասլացություն, մեծ ձեռքբերումներ ուսման մեջ և կյանքի բոլոր բնագավառներում:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տաղանդավոր ուսանողները կատարեցին հայ դասականների կողմից գրված բանաստեղծություններ, ազգային-հայրենասիրական, ժողովրդական երգեր:

Մասնակիցների կողմից գովերգվեց տարվա գեղեցիկ եղանակներից մեկը` «ոսկեթել երազների հանգրվան» աշունը, ներկայացվեց ուսանողների տոնի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն:

Տոնական դահլիճում թևածեց սիրո մեղեդին, բեմի վրա ալիքվեց նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը:

Ուսանողների տոնի կապակցությամբ անակնկալ նվեր մատուցեցին հանդիսատեսներից Հեռակա ուսուցման բաժնի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը (երգ) և մասնաճյուղի աշխատակից Շողիկ Անտոնյանը (սրբապատկեր):

Միջոցառման բոլոր լուսանկարները

Բազմաֆինանսավորման հմտություններ ներկայացնող հանդիպում

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հրավիրում է ՀԿ, բիզնես, ԶԼՄ և ցանկացած այլ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր ունեն հիանալի ու իրագործելի գաղափարներ, սակայն չունեն համապատասխան ֆինանսներ, մասնակցել բազմաֆինանսավորման (crowdfunding) հմտություններ սովորեցնող հանդիպում-քննարկմանը:

Պատկերացրեք, որ կարելի է իրականացնել հասարակական, բիզնես ու ցանկացած այլ ծրագիր ու այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը ձեռք բերել ոչ թե մեկ աղբյուրից, այլ՝ բազմաթիվ: Անհրաժե՞շտ է 1,000,000 դրամ լաբորատորիա վերանորոգելու, թե՞ 500,000 դրամ Թումանյանի հեքիաթները թվայնացնելու համար: Հոգ չէ, դիմեք հանրությանը ու բազմաֆինանսավորման հաջող արշավ իրականացնելու դեպքում բազմաթիվ անհատներ կֆինանսավորեն ձեր ներկայացրած ծրագիրը:

Այսպիսով, 2014թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Երևան քաղաքում հրավիրում է բոլոր հետաքրքրվողներին մասնակցելու բազմաֆինանսավորման հմտություններ փոխանցող հանդիպում-քննարկմանը :
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը meetings@usaaa.amհասցեին ուղարկել կարճ նամակ (խնդրում ենք այդ նամակն անպայման վերնագրել «Բազմաֆինանսավորում Երևանում», որի մեջ անպայման պետք է նշված լինի աշխատանքի վայրը/ոլորտն ու հեռախոսահամարը, ինչպես նաև հնարավորության դեպքում 100 բառը չգերազանցող այն ծրագրի նկարագրությունը, որի համար կցանկանայիք իրականացնել բազմաֆինանսավորման արշավ:

Հանդիպման կազմակերպման վայրի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի գրանցված մասնակիցներին:
Դեկտեմբերի 12-ի հանդիպումից հետո լավագույն վերամշակված նախագծեր ներկայացնող մասնակիցները կհրավիրվեն 2015թ․ մայիսին Աղվերանում կայանալիք եռօրյա դասընթացին, որից հետո վստահաբար կկարողանան սկսել սեփական ծրագրերի բազմաֆինանսավորման արշավներ:

Նախքան սեփական ծրագրերն ու գաղափարները ներկայացնելը խնդրում ենք
ուսումնասիրել www.indiegogo.com կայքում առկա բազմաթիվ բազմաֆինանսավորված ու չբազմաֆինասավորված ծրագրեր: Հատկապես կարող եք ուշադրության արժանացնել հետևյալ ծրագիրը.

https://www.indiegogo.com/projects/anban-huri-musical-cartoon-support/x/3910440

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է “Funding Crowds” բազմաֆինասավորումը (crowdfunding)խրախուսող ծրագիրը՝ օգնելու երիտասարդ ձեռներեցներին իրենց նորարարական գաղափարների համար այլընտրանքային ֆիանսավորման միջոցներ գտնելու հարցում:

Տասը ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի երիտասարդության շրջանում ձեռներեցության և հանրային բարիքի ավելացման գաղափարների իրականցմանը, ինչպես նաև հանրօգուտ նախագծերին աջակցելու մշակույթի ձևավորմանը:

Երիտասարդ ձեռներեցների նախագծերը կտեղադրվեն  indiegogo.com  բազմաֆինանսավորման  հարթակում և կտարածվեն Հայասատանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի առցանց հարթակներով, ինչպես նաև Facebook, Twitter, ARMACAD, LinkedIn ցանցերով, ԶԼՄ-ներով և գործընկեր կազմակերպությունների ռեսուրսներով:

Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք զանգահարել 060 61 20 14 հեռախոսահամարով:
Աղբյուրը` armacad.blogspot.com

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը

2014 թվականի նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սենյակի բացման արարողությունը, որին հրավիրված էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներ Ռ.Հովսեփյանը, Ա.Հովսեփյանը:

Բացման արարողությանը ներկա էին ակումբի նախագահ Է.Սահակյանը, խմբապետներ Ն.Ամիրյանը, Ս.Խառատյանը, Գ.Հարությունյանը, Թ.Այվազյանը, Ա.Աղաջանյանը և ակումբականներ:

Պարոն Առաքելյանը շնորհավորեց ակումբականներին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայրենասիությունը հոգեբանություն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, խոսեց ռազմահայրենասիրական ակումբում իրականացվելիք որոշ ծրագրերի մասին, խոստացավ աջակցել երիտասարդներին իրենց նախաձեռնություններում: