Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բանավեճի տեխնիկայի ուսուցումը որպես դասավանդման մեթոդ

«Սոցիո ակումբ» սոցիալ-տեղեկատվական հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու 7-օրյա վերապատրաստման ծրագրի, որը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 12-18-ը Ծաղկաձորի «Գրողների տուն» հանգստյան տանը: Վերապատրաստումը նվիրված է բանավեճի տեխնիկայի ուսուցմանը որպես դասավանդման մեթոդ: Դասընթացը կվարի Վերմունտի համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերը, որը նաև Բանավեճի համաշխարհային ինստիտուտի տնօրենն է: Դասընթացը կուղեկցվի հայերեն թարգմանությամբ:

Դասընթացի ծախսերը հոգում է «Սոցիո ակումբ» ՀԿ-ն՝ «Բանավեճի ուսուցման հարթակ» ծրագրի շրջանակում:

Անվճար կտրամադրվեն՝

  • տրանսպորտ
  • սնունդ և գիշերավարձ
  • անհրաժեշտ գրականություն:

Դասընթացին մասնակցելու համար ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրություն:

Նախապատվությունը կտրվի ԲՈՒՀ-երի դասախոսներին և դպրոցների/վարժարանների ուսուցիչներին, որոնք դասավանդում են հումանիտար առարկաներ:

Մասնակիցներին տրվելու է վկայագրեր:

Դիմումները (ինքնակենսագրություն) խնդրում ենք ներկայացնել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը socioclubNGO@gmail.com էլեկտրոնային փոստով:

Տեղերը սահմանափակ են:

Աղբյուրը` http://armacad.blogspot.com

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2013թ. նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան, որը նախաձեռնել և կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

 Մասնաճյուղի շնորհաշատ և տաղանդավոր ուսանողները հանդես եկան երգերի, բանաստեղծությունների, կատակ-պարի գեղեցիկ կատարումներով:

Մանկավարժության բաց դասը համալրվեց վաստակավոր մանկավարժի փորձով

2013թ. նոյեմբերի16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց հերթական բաց դաս, որը վարում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Բաց դասի թեման էր «Շարունակական կրթության համակարգում մանկավարժի մասնագիտական-անձնային ինքնազարգացումը»:

Դասի թեման արդիական էր և հետաքրքիր, այն ուղեկցվեց շնորհանդեսով, բանաստեղծությունների և երգերի կատարումներով, հիմնական հարցերի շուրջ դասախոսի և ուսանողների միջև ակտիվ քննարկումներով:

Մանկավարժության բաց դասին հրավիրված էր վաստակավոր մանկավարժ տիկին Նինա Մեսրոպյանը: Նա իր հիսուն տարիների մանկավարժական փորձը կիսեց մեր մատաղ սերնդի ներկայացուցիչների` ապագա մանկավարժների հետ:

Թեմային առնչվող տեսական հիմնադրույթներն ուսանողների մեջ ավելի ամրապնդվեցին կյանքի փորձով իմաստնացած մանկավարժի թանկ և ուսանելի խորհուրդներով:

Ներկայացվեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» զեկույցը


2013թ. նոյեմբերի 14-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի «Ball Room» սրահում ներկայացվեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» թեմայով զեկուցումը, որը կազմվել էր «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ՀԿ-ի կողմից: Զեկուցումը ներկայացնում էր կրթության ոլորտի ներկա իրավիճակը Հայաստանում և Բոլոնյան գործընթացի ներկա արդյունքը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պետական և մասնավոր բուհերի ռեկտորներ, ներկայացուցիչներ, պաշտոնյաներ` ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ուրիշներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ներկա էր Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊԾ բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանը:

Բացման խոսքով հանդես եկավ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հաշվետվություն ներկայացրեց «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում. առկա խնդիրների վերլուծություն» զեկույցի հեղինակային թիմը` Լիվիու Մատեյը (Կենտրոնական եվրոպական համալսարան, Բուդապեշտ), Յուլիա Իվինսկան (Կենտրոնական եվրոպական համալսարան), Կուն Գևենը (Եվրոպական համալսարանական ինստիտուտ, Ֆլորենցիա):

Ոլորտում առկա ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ ելույթ ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Բազկամարտի մասնաճյուղային առաջնություն

2013թ. նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բազկամարտի մասնաճյուղային առաջնություն, որը  կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը: Առաջնությանը մասնակցում էր 10 ուսանող` Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի  և Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից:

Եզրափակիչում հանդիպեցին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ և առաջին   կուրսերի ուսանողներ Ռուբեն Նազարյանը և Բաբկեն Խուդավերդյանը:

Հաղթող ճանաչվեց Բաբկեն Խուդավերդյանը (“Տնտեսագիտության տեսություն” մասնագիտության 1-ին կուրս), որին տրվեց պատվոգիր: