2012թ. դեկտեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ դահլիճում տեղի ունեցավ տնօրեն Սամվել Առաքելյանի նախատոնական հանդիպումը մասնաճյուղի աշխատակիցների, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-1.jpg)
Մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց տարեվերջյան հաշվետվություն՝ ամփոփելով այս տարվա գլխավոր ձեռքբերումները:
Նա մասնավորապես նշեց. «2011թ. մենք չունեցանք ընդունելություն, և բնական է, որ ուսանողների թվի կտրուկ պակասումը (մոտավորապես 450 ուսանողով) պետք է բացասաբար անդրադառնար մեր հաստատության հետագա գործունեության վրա: Բայց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մենք ունեինք խնայված միջոցներ և կանխատեսել էինք նման վիճակ, կարողացանք 2012 թվականն անցկացնել առանց ցնցումների և կրճատումների: Թվական տվյալները բավականին գոհացուցիչ են մեզ բոլորիս համար, որովհետև աշխատողների 61,2%-ը կազմում է պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Այս առումով մենք առաջին եռյակում ենք գտնվում հանրապետությունում»:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-22.jpg)
Տնօրենը նաև ընդգծեց, որ յուրաքանչյուր բուհ ունի երեք հիմնական գործառույթ՝ կրթական, դաստիարակչական, սոցիալական, և մասնաճյուղի ղեկավարությունը պիտի կարողանա ապահովել այդ գործառույթների իրականացումը, Իջևանը դարձնել համալսարանական քաղաք:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-3.jpg)
Պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ և ցանկանալով, որ 2013 թվականը լինի որակական լուրջ փոփոխությունների տարի:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-4.jpg)
Իրենց աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացան մասնաճյուղի 10 աշխատակիցներ (Գևորգ Մշեցի Ջավրուշյան, Նաիրա Առուշանյան, Մուշեղ Սարուխանյան, Պավել Ասիլբեկյան, Աիդա Սարհատյան, Սոնա Խաչատրյան, Մարիետա Ճաղարյան, Արփինե Խաչատրյան, Ալվինա Առուստամյան, Համլետ Քոչարյան):
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-7.jpg)
ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից մասնաճյուղի տնօրենը շքանշան հանձնեց Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Աիդա Մարդանյանին՝ անբասիր, արդյունավետ աշխատանքի և մասնաճյուղում կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Տնօրեն Ս. Առաքելյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանին՝ նշելով, որ մասնաճյուղն իր գոյության ընթացքում այսքան ակտիվ ու գործունյա ուսանողական գիտական ընկերություն դեռևս չէր ունեցել:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-5.jpg)
ՈՒԽ-ի նախագահ Նաիրի Ճաղարյանը ուսանողության անունից սրտանց շնորհավորեց բոլորի Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:
![Կայացավ նախատոնական հանդիպումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2012/12/The-holiday-meeting-6.jpg)