Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ (ԱԶԱՏՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

ysu Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №8936 (17.01.2019) հրամանով   հաստատվել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676 հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ»-ի   պահանջների, որը տեղադրված է ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «ՓԱՍՏԱԹՂԹԵՐ»  բաժնի «ԿԱՐԳԵՐ»  էջում:

 

 

ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ 2018-19 ուստարվա II կիսամյակի դասերը կմեկնարկեն փետրվարի 11-ից

45209161_1941500952594829_2054352131204317184_o

Սիրելի՛ համալսարանականներ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2019թ.  փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն մարտի 11-ից:

Առկա ուսուցման համակարգում 2018-19 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը կտևի հունվարի 8-26-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ հունվարի 25-ից մինչև փետրվարի 20-ը:

Առկա ուսուցման համակարգում նույն կիսամյակի քննաշրջանի լուծարքային շրջանը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 6-28-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ մարտի 4-29-ը:

Մաղթում ենք բոլորիս հաջող ուսումնական գործընթաց:

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վահան Աղաբաբյանի հետ

2. Վահան Աղաբաբյան 2019թ. հունվարի 21-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2007թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

Ծնվել եմ 1982 թվականի դեկտեմբերի 8-ին Տավուշ աշխարհի հրաշալի անկյուններից մեկում՝ Կողբ գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:

Ավանդապաշտ ու արժանավոր հայ գյուղացու ընտանիքի զավակ եմ: Ծնողներս հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: 2009 թվականին ամուսնացել եմ: Կինս՝ Հասմիկը, Ջավախքից է՝ արմատներով Վահան Տերյանի տոհմից: Միասին սովորել ենք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010 թվականին ծնվել է որդիս՝ Նարեկը:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

Շատ երազանքներ եմ ունեցել: Երբեմն ցանկանում էի դառնալ զինվորական, երբեմն՝ բժիշկ: Հետագայում այդ երկու մասնագիտությամբ էլ սովորեցի, բայց հասկացա, որ իմը գրքերի աշխարհն է:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

Դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ընտրել, թե ինչ մասնագիտությամբ սովորեմ: Տարբեր կրթական հաստատություններում կիսատ-պռատ սովորելուց հետո 2003 թվականին գտա իմ «մեծ» սերը: Ընդունվեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատը, 2009-ին՝ նույն մասնագիտության մագիստրատուրան: 2010-13 թթ. սովորել եմ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2013թ. պաշտպանել եմ գիտական ատենախոսություն «Սերո Խանզադյանի պատմվածքներն ու վիպակները» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017թ. ԲՈՀ-ի կողմից ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

Իմ երիտասարդ կյանքի գրեթե կեսը կապված է մասնաճյուղի հետ: Այնտեղ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնց հետ պատիվ ունեմ այսօր աշխատելու: Հիշում եմ նրանց յուրաքանչյուր դասը՝ փորձելով «գողանալ» ամենից հաջողված մեթոդները: Հետագա տարիներին՝ այլ բուհերում սովորելու ընթացքում, երբեք չեմ դժվարացել, քանի որ ունեցել եմ բակալավրական հիանալի կրթություն:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

Աշխատել եմ տարբեր օղակներում: Եղել եմ ԵՊՀ ԻՄ-ի կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի ավագ մասնագետ, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, դեկանի տեղակալ: Բայց ամենակարևորը դասախոսական աշխատանքն է: Այսօրվա երիտասարդները շատ խելացի են, շատ զարգացած, և ինձ համար հաճելի ու պատասխանատու է յուրաքանչյուր դասաժամը: Հիմնականում դասավանդում եմ «Արդի հայ գրականություն» և «Հայ գրականության պատմություն»:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

Գիրքը իմ կյանքի անբաժան ուղեկիցն է: Շատ գրքեր, ավելի ճիշտ, շատ սիրելի հեղինակներ  ունեմ: Սիրում եմ Հ.Թումանյան, Վ.Տերյան, Ե.Չարենց, Հր. Մաթևոսյան: Ընդհանրապես բոլոր գրքերն էլ հաճույքով եմ կարդում: Յուրաքանչյուրը մի նոր աշխարհ է, նոր կյանք ու փիլիսոփայություն:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

Մ.Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

Տրամադրությունից կախված՝ լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն: Սիրում եմ հեղինակային, ժողովրդական, ազգագրական երգեր: Ամենասիրելի երգը Վ.Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգն է:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

«Մենք ենք, մեր սարերը»:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Երկար տարիներ հաջողությամբ զբաղվել եմ ֆուտբոլով: Հիմա էլ եմ մեկ-մեկ խաղում, բայց արդեն «վետերանների» թիմում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Իմ ծննդավայրը: Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ երբեմն զարմանում ես Աստծո արարչագործության վրա: Արտերկրում հիմնականում սիրում եմ հանգստանալ Գանձայում՝ Փարվանայի ափին: Աշխարհում երևի չկա այլ վայր, որտեղ երկիրն ու երկինքն այնքան մոտ լինեն իրար, թվում է՝ երկնքում ես:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

Կզարմանաք, բայց մարդու մեջ գնահատում եմ հենց Մարդ լինելու հատկանիշը: Շատ եմ հարգում խոսքի և գործի մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Առաջնորդվում եմ պարզ, հասարակ կենցաղավարությամբ: Ես գործի մարդ եմ: Ծնողներիցս ժառանգել եմ աշխատասիրություն: Սիրում եմ աշխատել… շատ աշխատել: Երևի հենց դա է կյանքի իմ կարգախոսը: Իսկ կարգախոսներ, որպես այդպիսիք, չունեմ:

Ի՞նչ երբեք չեք անի:

Երևի երբեք օդապարիկով չեմ թռչի:

Ինչի՞ց եք վախենում:

Բարձրությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

Ափսոսում եմ, որ մեր ժամանակը սահմանափակ է, իսկ համաշխարհային գրականությունը՝ անսահմանափակ:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

Խղճի ձայնը: Եթե որոշում կայացնելուց հետո քո ներքին դատավորը բավարարված է, ուրեմն՝ կայացրածդ որոշումը ճիշտ էր:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Որդուս ծնունդը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

Աշխատասիրությունը, դժվարին իրավիճակներում չհանձնվելու կարողությունը: Երբեմն թվում է, թե տարբերակներ չկան, բայց, որպես կանոն, լավագույն տարբերակները այդ ժամանակ են ծնվում:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

Յուրաքանչյուրս էլ շատ խորհուրդներ ենք ստանում: Դժվար է պատկերացնել՝ խորհրդատուն ինչ խորհուրդ կտար, եթե հայտնված լիներ հենց նույն իրավիճակում, որում դուք եք:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

Իսկ ահա մեր ուսանողներին խորհուրդ կտամ օգտագործել յուրաքանչյուր պահը: Անընդհատ սովորել: Այսօր աշխարհն անասելի արագ է զարգանում: Միայն դիպլոմի առկայությունը դեռևս բավարար պայման չէ հաջողակ կյանք ունենալու համար: Պետք է ավելի շատ փորձեն զարգացնել գործնական հմտությունները և բավարարեն աշխատաշուկայի պահանջներին:

Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Կայացավ «Տեսականի և գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկում  

DSCN5468

 2019թ. հունվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Տեսականի ու գործնականի համադրումը ուսումնական գործընթացում» թեմայով դաս-քննարկումը, որը վարում  էր ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Դաս-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու դասախոսներ:

Տիկին Ա.Սարհատյանը նախ մասնակիցներին ներկայացրեց տվյալ դասի նպատակը, այն է՝ վերլուծել, համեմատել ու գնահատել տեսական և գործնական դասերը՝ իրենց առավելություններով ու թերություններով, հստակեցրեց քննարկվելիք հարցերի շրջանակը:

Մասնավորապես նշվեց, որ առարկայական գրեթե բոլոր դասընթացներն ունեն և՛ տեսական՝ դասախոսությունների, և՛ գործնականի ժամեր։ Դասախոսությանը հաջորդում են գործնականի ժամերը, որոնք  ուսանողներին դասախոսության ժամի պասիվ, հաճախ անտարբեր-անհույզ ունկնդրության վիճակից հանելու, նրան աշխատեցնելու, խոսեցնելու, ակտիվացնելու, դասին ներգրավելու առաջնահերթ նպատակ պիտի ունենան։ Տեսականն ու գործնականը գոյություն չունեն առանց մեկը մյուսի. տեսությունը գործնականում է դառնում հասկանալի, իմաստավորված և ավելի է ամրապնդվում ուսանողի հիշողության մեջ։

«Տեսականի ու գործնականի միջև, սակայն,  չինական պարիսպներ չկան, և չի կարելի դնել, – հատկանշեց Աիդա Սարհատյանը. – նրանց տարրերը անհրաժեշտաբար կարելի է գործածել միասին՝ դասախոսության ժամին գործնական միջոցներ կիրառելով, գործնականի ժամին չհասկացված ինչ-որ հարցի մասին նորից դասախոսության միջոցին դիմելով»:

Ներկայացվեց, որ գործնականի ժամին՝

  • թեմայի ընկալումը դառնում է առավել հետաքրքիր,
  • մեծանում են ուսանողի ուշադրությունն ու ներգրավվածությունը դասապրոցեսին,
  • զարգանում են ուսանողի ինքնուրույն և ստեղծագործական կարողությունները, մտահորիզոնը, աշխարհայացքը, կապը արվեստների և գրականության հետ, խոսքի մշակույթը, տրամաբանությունը,
  • հղկվում են ուսանող-ուսանող և ուսանող-դասախոս միջանձնային հարաբերությունները,
  • ակտիվանում են միջառարկայական և ներառարկայական կապերը,
  • ուսանողների կողմից կիրառվում են տեղեկատվական և տեխնոլոգիական արդի միջոցներ,
  • թեմայի շուրջ ծավալվում են տարակարծություններ, բանավեճեր, քննարկումներ՝ ազատ ու անկաշկանդ, առանց սեփական կարծիքի համար դիտողություն ակնկալելու, առանց գնահատվելու անհանգստության,
  • թեմատիկ նյութը հարստանում է ուսանողների հետազոտական ուսումնասիրություններից բխած նոր տեղեկատվությամբ,
  • ստացած գիտելիքները արագ չեն մոռացվում, բացառվում են անգիր անելու և գրագողության հնարավորությունները և այլն:

Դաս-քննարկման ընթացքում բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանի և քննարկմանը մասնակցող դասախոսների կողմից բերվեցին մի շարք դասերի օրինակներ, ընդգծվեցին տեսականի և գործնականի համադրման, ինչպես նաև վերջինիս լայն, բազմակողմանի  հնարավորությունները:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար

672856192154671151-1024x724

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է մրցույթ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել այն պրոֆեuորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աuտիճան:

Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդները պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ և վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 5 հոդված՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում:

Ամբիոնի վարիչի մրցույթի մասնակիցները մեկամսյա (2019թ. հունվարի 18-ից մինչև 2019թ. փետրվարի 21-ը՝ ժամը 16:00-ն) ժամկետում ներկայացնում են.

  1. դիմում՝ տնօրենի անունով,
  2. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  3. ինքնակենսագրություն,
  4. բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը,
  5. գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
  6. հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
  7. որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը (առկայության դեպքում), մասնագիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Փաստաթղթերը ներկայացվում են ԵՊՀ ԻՄ-ի կադրերը սպասարկող ավագ մասնագետ Ն. Աբազյանին ներքոհիշյալ հասցեով՝  ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ուսանողական 3:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի որակավորման մանդատային հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանին կամ քարտուղար ֆ.մ.գ.թ., դոցենտ Մհեր Աթոյանին:

ՀՀ Տավուշի մարզ, Ք. Իջևան, Ուսանողական 3:

Հեռ. 093 31-78-47, էլ. հասցե matoyan@ysu.am:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ-ի կայքէջում հետևյալ հղումով: