Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

13164_hunisi1_M

 Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը (International Children’s Day): Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:

Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է: Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնևում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում: Հստակ տվյալներ չկան, թե ինչու է հենց հունիսի 1-ն ընտրվել երեխաների օր:

Ըստ տարբերակներից մեկի` 1925 թվականին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է մի խումբ չինացի որբ երեխաների և նրանց համար Դուան ու Ցզե տոնակատարություն է կազմակերպել (վիշապ-նավակների փառատոն), որի ամսաթիվը հենց հունիսի 1-ն է եղել: Երջանիկ պատահականությամբ օրը համընկել է նաև Ժնևում «մանկական» կոնֆերանսի անցկացման հետ:

1949 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Փարիզում տեղի է ունեցել կանանց կոնգրես, որտեղ երդվել են, որպես երեխաների երջանկության երաշխիք, հանուն խաղաղության անդադար պայքարել: Մեկ տարի անց` 1950 թվականին հունիսի 1-ին, անցկացվել է Երեխաների պաշտպանության առաջին միջազգային օրը, որից հետո տոնը նշվում է ամեն տարի:

1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հունիսի 1-ին ՀՀ մարզերում և մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:

Սիրով շնորոհավորում ենք աշխարհի բոլոր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ՝ մաղթելով անսպառ խինդ ու բերկրանք, անհոգ ու երջանիկ մանկություն:

 

«Սերը ուժ է, որովհետև բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, որը մենք ենք. սա մարդկությանը թույլ չի տալիս ընկղմվել կույր եսասիրության մեջ». Ալբերտ Էյնշտեյն

        Ալբերտ Էյնշտեյն

Սիրով ձեզ ենք ներկայացնում Ալբերտ Էյնշտեյնի (Այնշտայնի) նամակը դստերը. 

«Երբ ես առաջարկեցի Հարաբերականության տեսությունը, շատ քչերն ինձ հասկացան, և այն, ինչ ես հիմա ասելու եմ քեզ մարդկությանը փոխանցելու համար` նույնպես բախվելու է աշխարհի թյուըմբռնման և նախապաշարմունքների հետ: Ես քեզ խնդրում եմ այս նամակը պահել այնքան, որքան անհրաժեշտ է` տարիներ, տասնամյակներ, քանի դեռ հասարակությունը չի զարգացել բավարար չափով, որպեսզի ընդունի իմ` ստորև բացատրածը:

Գոյություն ունի շատ հզոր Ուժ, որի պաշտոնական բացատրությունը առ այսօր գիտությունը չի տվել: Այդ Ուժն ինքն իր ներսում է և ուղղորդում է Տիեզերքում գործող մնացած մյուս երևույթները:

Այդ Համընդհանուր Ուժը ՍԵՐՆ է:

Երբ գիտնականները փնտրում են Տիեզերքի միասնական տեսությունը, նրանք մոռանում են ամենահզոր անտեսանելի ուժի մասին. Սերը Լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն: Սերը ձգողություն է, որովհետև այն որոշ մարդկանց ստիպում է գրավել մյուսներին:

Սերը ուժ է, որովհետև բազմապատկում է այն լավագույնը, որը կա մեր ներսում և, որը մենք ենք. սա մարդկությանը թույլ չի տալիս ընկղմվել կույր եսասիրության մեջ: Մենք, հանուն Սիրո, ապրում ենք ու մեռնում: Սերը Աստված է, և Աստված Սեր է: Այս ուժը բացահայտում է ամեն ինչ և կյանքին իմաստ է տալիս: Իսկ փոփոխությունը, որը մենք չափազանց երկար ժամանակ անտեսում ենք, հնարավոր է` այն պատճառով է, որ մենք վախենում ենք Սիրուց:

Ես սերը հասկանալու համար պարզ փոփոխություն եմ կատարել իմ ամենահայտնի հավասարման մեջ: Եթե Е = mc-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ սիրո միջոցով բազմապատկած լույսի արագության քառակուսի, մենք կգանք եզրահանգման, որ սերը համարվում է ամենահզոր Ուժը, որովհետև այն սահմաններ չունի:

Մենք միայն Սիրո միջոցով կարող ենք կյանքի մեջ իմաստ գտնել, պահպանել աշխարհը, ամեն մի գիտակից կամ զգացող արարածի և օգնել, որ մեր քաղաքակրթությունն ապրի: Հնարավոր է, որ մենք դեռևս պատրաստ չենք «սիրո ռումբ»-ի նման հզոր սարք ունենալու, որն ամբողջովին կվերացնի ատելությունը, եսասիրությունը և ագահությունը, այն ամենը, ինչը քայքայում է մեր մոլորակը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատ իր ներսում ունի թեև փոքր, բայց սիրո, էներգիայի հզոր գեներատոր, որը սպասում է, որպեսզի արձակեն իրեն:
Սիրելի Lieserl, երբ մենք սովորում ենք տալ և ստանալ տիեզերքի այդ էներգիան, հաստատում ենք, որ սերը նվաճում է և, որ այն ի զորու է հաղթահարել ամեն ինչ, քանզի սերը կյանքի բուն էությունն է:

Ես խորապես ցավում եմ, որ չեմ կարողանում արտահայտել այն, ինչն իմ սրտում է և, ինչը քեզ համար կամացուկ բաբախում է ամբողջ կյանքում: Միգուցե չափազանց ուշ է ներողության համար, բայց ժամանակը հարաբերական է:
Ես պարտավոր եմ ասել, որ սիրում եմ քեզ և, որ քո շնորհիվ ես ունեմ վերջնական պատասխան:

Քո հայր` Ալբերտ Էյնշտեյն»:        

 

Տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողով

unnamed

 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի միջոցառումները շարունակվում են։
 
Հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա ուսանողների և դասախոսների համաժողով  «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով։

 Նպատակն է քննարկման առարկա դարձնել արժանահավատ  որակավորումների շնորհումը և այդ համատեքստում ուսանողի հաջողության պլանավորումը,  շեշտադրել դասախոսի դերը արդյունավետ ուսուցման կազմակերպման գործում, խրախուսել իրենց աշխատանքը հետազոտող դասախոսներին և նպաստել հաջողված փորձի տարածմանը։ 

Աշխատաժողովի ընթացքում կքննարկում կծավալվի «Որակավորումների արժանահավատ շնորհում․ ուսանողի առաջընթացի պլանավորում», «Ո՞րն է ուսուցման մոտիվացիան» թեմաներով, կներկայացվի դասախոսի աշխատանքում որակի շարունակական բարելավման և ուսումնական գործընթացներում ուսանողների ներգրավման հայաստանյան առաջավոր փորձը։ 

Աշխատաժողովը բաց է մասնակցության համար։ Այն կհետաքրքրի դասախոսներին, որակի ապահովման մասնագետներին, կարիերայի կենտրոնների աշխատակիցներին, կրթության կառավարիչներին,  ուսանողներին։ 

Որպես մասնակից գրանցվելու համար անցեք հղմամբ՝
http://bit.ly/2HmPhMU :

Աղբյուրը՝ http://www.anqa.am

ԵՊՀ ՈՒԳԸ 2018-19 ուստարվա II կիսամյակի ընդլայնված նիստում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն արժանացավ գերազանց վերապահմամբ գնահատականի

изображение_viber_2019-05-30_14-17-54

 2019թ. մայիսի 29-ին ԵՊՀ գիտխորհդր նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ  2018-19 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը: 

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով բոլորին, փաստեց, որ չնայած այն հանգամանքին, որ այս կիսամյակի ընթացքում ուսումնառությունն արտերկրում շարունակելու պատճառով չի կարողացել մասնակցել ՈՒԳԸ-ի գործունեության համակարգման և կոորդինացման աշխատանքներին, այնուամենայնիվ թե՛ ֆակուլտետային ստորաբաժանումները, թե՛ կառույցի կենտրոնական մարմինն արդյունավետ աշխատանքներ են իրականացրել:

Վանատուր Շերենցը խոսեց կիսամյակի ընթացքում ՈԻԳԸ-ի ձեռքբերումների և թերացումների մասին, ներկայացրեց տեղի ունեցած կադրային փոփոխությունները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս ուսանողական կառույցը պատասխանատվությամբ կիրականացնի իր աշխատանքները:

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՈՒԳԸ կիսամյակային ամփոփիչ նիստի շրջանակում տեղի է ունենում հանդիպում-դասախոսություն, որն այս անգամ վարեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հաղորդակցման էթիկա և հաջողության բանաձև» խորագրով տեղեկատվական նյութը:

Գևորգ Մկրտչյանն ՈՒԳԸ-ականների հետ խոսեց էթիկայի, էթիկետի և հաղորդակցության մասին: Նրա հավաստմամբ, էթիկան գիտություն է բարոյականության մասին. «Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է: Էթիկետը սահմանված որոշակի նորմերի համակարգ է, որը կանոնակարգում է մարդկային հարաբերությունների վարքային դրսևորումները»:

Խոսելով հաղորդակցության մասին՝ նա ասաց, որ դա լինում է խոսքային և ոչ խոսքային. «Խոսքայինն իր հերթին լինում է բանավոր, ներքին և գրավոր, իսկ ոչ խոսքայինը՝ հարալեզվական և մարմնական»: Գևորգ Մկրտչյանն անդրադարձավ դրանց ենթատեսակներին, խոսեց հաջողակ հաղորդակցման հմտությունների և տարածված սխալների մասին:

Այնուհետև ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Անի Հակոբյանը ներկայացրեց ՈՒԳԸ-ի կիսամյակային գործունեությունը՝ փաստելով, որ այդ ընթացքում կազմակերպվել է 184 միջոցառում: Անի Հակոբյանը ներկայացրեց նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների՝ կիսամյակի ընթացքում ստացած և կորցրած միավորների վիճակագրական աղյուսակը, համաձայն որի՝ գերազանց գնահատականի են արժանացել Փիլիսոփայության և հոգեբանության,Պատմության, Իրավագիտության և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների  ՈՒԳԸ-ները, իսկ գերազանց վերապահմամբ գնահատականի՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Հայ բանասիրության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների  և Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ները:

Նիստի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում հավաստագրեր և խրախուսական մրցանակներ ստացան գերազանց և վերապահմամբ գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահները, կիսամյակի ընթացքում մեծ ակտիվություն ցուցաբերած քարտուղարները և անդամները:

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի հետ

13. Արմինե Ներսիսյան

 2019թ. մայիսի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2001թ. շրջանավարտ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Անդրանիկի Ներսիսյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1980 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրել եմ մեծ ընտանիքում. ծնողներս՝ հայրս, ինժեներ-շինարար է, մայրս՝ գրադարանավար: Ամուսնացած եմ, ամուսինս գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Ունեմ 2 բալիկ ՝ տղա և աղջիկ: Տղաս 12 տարեկան է, ունի երաժշտական օժտվածություն, կարծում եմ՝ այդ ասպարեզում հաջողություններ կունենա, աղջիկս դեռ փոքր է՝ 3 տարեկան:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Փոքր հասակից երազել եմ ուսուցչուհի դառնալ, կարծում եմ՝ երազանքս իրականություն է դարձել. արդեն 18 տարի է մանկավարժահոգեբանական ոլորտում եմ աշխատում:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ստացել մանկավարժ-հոգեբանի որակավորում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Կյանքիս լավագույն տարիներից են ԵՊՀ ԻՄ-ում սովորելու տարիները. այդտեղ ես մասնագիտական բազային կրթություն եմ ստացել, սովորել եմ ինքնուրույն սովորել, որն էլ հիմք ու հնարավորություն է դարձել աշխատելու և արժանապատիվ ապրելու:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ունեմ 18 տարվա աշխատանքային փորձ: 2001-2003 թվականներին աշխատել եմ Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան և կյանքի հմտությունների ուսուցիչ: 2003-ից մինչ այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրենն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Թումանյան անվերջ կարող եմ կարդալ, զարմանալ ու հպարտանալ այդքան խորը բովանդակություն ունեցող հանճարով:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Վերջին կարդացածս գիրքը Ռ. Պալացիոյի «Հրաշք» վեպն է:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Շատ սիրում եմ դասական երաժշտություն, էստրադային, ժողովրդական. երգը թևեր է տալիս ինձ ճախրելու, երազելու:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Շատ սիրում եմ սեղանի թենիս:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Օ՜, Հայաստանում շատ եմ սիրում իմ բնակավայրը՝ իմ Տավուշը, իմ Իջևանը, չեմ կարող չնշել նաև մայրաքաղաք Երևանը: Իսկ արտերկրում իմ երազանքի քաղաքը Փարիզն է:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Անկեղծությունը, ազնվությունը, աշխատասիրությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– «Լավություն արա, ջուրը գցիր». շատ եմ սիրում այս ժողովրդական ասացվածքը և հաճախ այդպես եմ վարվում:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Հայրենիքս երբեք չեմ թողնի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակ մնալուց:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ հասցնելու ամեն բան և չափսոսալու:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Խուճապի չմատնվելը, ավելի հավասարակշռված դատելը: Կյանքում դժվարին իրավիճակները ինձ ավելի են ուժեղացրել և դրդել են դասեր քաղելու:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Իմ ամենամեծ ձեռքբերումը միանշանակ երեխաներս են:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Լավատեսությունը, հավատը այն առաքելության հանդեպ, որի համար ես ապրում եմ, և սերը կյանքի հանդեպ:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ցանկացած բան ճիշտ պլանավորելու դեպքում հաջողում ես:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ես հավատում եմ մեր լուսավոր երիտասարդների ուժերին, պարզապես կուզենայի, որ նրանք գնահատեն կյանքի յուրաքանչյուր պահը և երբեք չծուլանան:

Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:   

Վանյան Հասմիկ Սամվելի