Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Կրթական հետազոտությունները բուհական  համակարգում» դասընթացը

DSCN7788

 2019թ. մայիսի 10-ին և 11-ին ԵՊՀ   Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթական հետազոտությունները բուհական համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, կրթության  փորձագետ Մարինա Գալստյանը:

Դասընթացի նպատակն էր կրթական հետազոտությունների վերաբերյալ մասնակիցներին տրամադրել բազային գիտելիքներ, ինչպես նաև ձևավորել հետազոտություններ  իրականացնելու  գործնական  հմտություններ:

Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի անդամները:

Դասընթացը  բաղկացած էր 2 մոդուլից՝

Մոդուլ I.  ԿՀԿ/ Կրթական հետազոտությունների հայեցակարգը,

Մոդուլ II. ԿՀՊ/Կրթական հետազոտությունները պրակտիկայում:

Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների պատմությանը, զարգացման փուլերին, տեսամեթոդաբանական հիմքերին, հետազոտությունների տեսակներին, ինչպես նաև կրթական հետազոտություններում հանդիպող էթիկական խնդիրներին և դրանցից խուսափելու համար էթիկական սկզբունքներին: Դասընթացի ժամանակ քննարկվեցին նաև բուհի համար արդիական մի շարք հարցեր, որոնք կարող են հիմք ծառայել հետագա կրթական հետազոտությունների համար (բուհի դիմորդների թվի փոփոխությունների վրա ազդող գործոնները, բուհի շրջանավարտների մասնագիտական հմտությունների նկատմամբ գործատուների գոհունակությունը և այլն):  

 Երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան կրթական հետազոտությունների իրականացման փուլերի հաջորդականությանը, պլանավորման համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև ստացան նախնական գիտելիքներ կրթական հետազոտությունների ժամանակ կիրառվող մեթոդների (խմբային քննարկում, հարցազրույցներ, դիտարկում և այլն) վերաբերյալ: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան իրականացնելու գործնական աշխատանք խմբերով՝ 1.մշակելով կրթական հետազոտության ծրագրի նախնական հայեցակարգեր (ուսանողների գոհունակությունը պրակտիկաներից), 2. միասնական ընդունելության քննությունների արդիականությունը ըստ տարբեր շահագրգիռ կողմերի գնահատականի, 3. աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն՝ Տավուշի մարզի օրինակով:

 

Կայացավ «Ուսուցման   ժամանակակից   մեթոդներ»  թեմայով   դաս-քննարկում

DSCN7647

 2019թ. մայիսի 8-ին  ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղում  կայացավ  Դասավանդման առաջավոր փորձի  փոխանցման և երիտասարդ դասախոսների  աջակցման  կենտրոնի  կողմից  կազմակերպված՝  «Ուսուցման  ժամանակակից  մեթոդներ» թեմայով  դաս-քննարկումը, որը վարում  էր  ԵՊՀ  ԻՄ-ի  ֆրանսերեն  լեզվի  և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա   Մարդանյանը:

Տիկին Մարդանյանը, նախ  փոքրիկ  ակնարկով  խոսելով  վերջերս  Ֆրանսիա՝  Վալանսի Մաեստրիս համալսարան կատարած այցի մասին, համեմատության մեջ ներկայացրեց մեր և նրանց ուսուցման մեթոդների տարբերությունները, թույլ և ուժեղ կողմերը:

Այնուհետև Ա.Մարդանյանը խոսեց դասավանդման ժամանակակից մեթոդների մասին, որոնք, կազմելով ուսուցման գործընթացի միջուկը, իրար են կապում ուսուցման նախապես պլանավորված նպատակը և վերջնարդյունքները:

Զեկուցողը նշեց, որ ավանդական և ժամանակակից մեթոդների համակարգը դասավանդողի և սովորողի հետևողական, փոխկապակցված գործողությունների ամբողջություն է, որն ապահովում  է  կրթության բովանդակության յուրացումը:

Համառոտ ներկայացվեցին նաև մանկավարժության մեջ կիրառվող ժամանակակից  մեթոդները:

Վերջում  տեղի  ունեցավ ուսուցման ժամանակակից մեթոդների շուրջ քննարկում:

Կայացավ «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարը

   DSCN7626

 2019թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի  ունեցավ «Դիլիջան Ֆաբ Լաբ»  նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինարը, որը վարեց նախագծի ղեկավար Մարիամ Նահապետյանը:

Սեմինարին մասնակցում էին բուհի՝ գլխավորապես բնագիտական ուղղվածությամբ մի խումբ ուսանողներ և մի քանի աշակերտներ:

Տեղեկատվական սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկվեց ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:

Հիշեցնենք, որ «Ֆաբ Լաբ» ծրագիրը մեկնարկել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է  նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ: Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի մարզի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը:

ԵՊՀ ԻՄ-ում կայացած սեմինարի ընթացքում ուսանողներին ցուցադրվեցին որոշ սարքեր և դետալներ, որոնք պատրաստվել են ֆաբլաբում:

Ուսանողների կողմից առաջարկվեց կուրսային և ավարտական աշխատանքների նախագծերը պատրաստել Դիլիջանի ֆաբլաբում:

Նախատեսվում է, որ առաջիկայում մասնաճյուղի ուսանողներն այցելեն Դիլիջանի ֆաբլաբ՝ ծանոթանալու այնտեղ տեղակայված սարքավորումներին և մասնակցելու փորձնական դասի, իսկ հունիսից՝ Ֆաբ Լաբի դասընթացներին:

Ուսումնառության ընթացքում ուսանողները կնախագծեն և կպատրաստեն սեփական գաղափարներով սարքեր:

Հաղթանակի և խաղաղության 74-րդ տարեդարձին

_DSC1228

 

 

 

2019թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարեդարձին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, աշխատակիցներ, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու եկան Տավուշի մարզի տարբեր ոլորտների, մարզային ու քաղաքային իշխանության, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

Նրանք ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հուշահամալիրի մոտ հնչեց ՀՀ պետական օրհներգը, և կայացավ տոնական միջոցառում:

_________________________________________________________________________

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել.  այդ օրն է ավարտվել Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:  

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվել էր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-ի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք, և թշնամու ձեռքերով ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին՝ մղելով նրան նոր հաղթանակների:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: