Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը՝ «ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթի հաղթող

Foto

 2019թ. մայիսի 17-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ հիմնադրման 100 և ՈՒԽ 25-ամյակներին նվիրված՝ «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին հաջորդեց տոնական համերգ՝ Սոնա Ռուբենյանի և Գարիկ Պապոյանի մասնակցությամբ:

«ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթող է ճանաչվել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

Ամենամյա մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

Մրցույթին, ըստ կանոնակարգի, մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի) և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումներ՝ առաջադիմություն, ներգրավվածություն գիտական աշխատանքներում, մասնակցություն ներհամալսարանական արտալսարանային կյանքին և արտահամալսարանական ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում գրանցած հաջողություններ:

Մրցույթում հաղթել են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի 20 ուսանողներ, որոնց համար սահմանված է անվանական կրթաթոշակ:

ԵՊՀ ԻՄ-ից «Լավագույն ուսանող-2019» մրցույթում հաղթել  է «ԱԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը:

Մրցանակաբաշխությանը ԵՊՀ ռեկտորը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հոբելյանական տարին հագեցած է միջոցառումներով, որոնք անցնում են բարձր մակարդակով. «Ես նախանձով եմ նայելու այն ուսանողներին, որոնք ԵՊՀ 100-ամյակի օրերին կդառնան լավագույն ուսանող: Կարծում եմ՝ ամբողջ կյանքում կհիշեն: Ուզում եմ շնորհավորել և ասել՝ մեծագույն պատիվ է լինել համալսարանի լավագույն ուսանող և միևնույն ժամանակ շատ մեծ պարտավորություն, որովհետև մենք՝ բոլոր համալսարանականներս, ունենք այդ պարտավորությունը՝ բարձր պահելու մեր Մայր բուհի պատիվը»:

ԵՊՀ լավագույն ուսանողներին շնորհավորեցին և նրանց մրցանակները հանձնեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը և ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը (մանրամասն տե՛ս այստեղ):

Սիրով շնորհավորում ենք մրցույթի բոլոր հաղթողներին և մասնավորապես Սյուզաննա Շահնազարյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ մասնագիտական ոլորտում և կյանքում:

Կայացավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը

DSCN8339

 2019թ. մայիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ներկան և ապագան Տավուշի մարզի հնագիտության հետաքրքրությունների համատեքստում» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Իրենա Քալանթարյանը:

Ի.Քալանթարյանը շուրջ տասը տարի զբաղվում է Իջևանի տա­րա­ծա­շրջա­նի «Գետահովիտ-2» քարանձավի ուսումնասի­րությամբ, ղեկա­վարում հնագիտական արշավախումբը: Նա երկու տարի մարզում եղել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի համաղեկավար, որն իրականացրել է հուշարձանների հայտնաբերմանն ուղղված տեղազննական աշխատանքներ:  

ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված դաս-քննարկումը նպատակ ուներ բուհի ուսանողներին ներկայացնել, նրանց իրազեկել մարզում կատարվող հնագիտական աշխատանքների արդյունքների, գիտական աշխարհում նոր ձեռք­բե­րում­­ների վերաբերյալ:

Ի.Քալանթարյանը նախ անդրադարձավ մարզում հնագիտական ժառանգության ուսումնասիրման գործում կարևոր դերակատարություն ունեցած երախտավորներին, ապա շնորհանդեսի ուղեկցությամբ մանրամասն խոսեց «Գե­տա­հովիտ-2» քարանձավի և Դիլիջանի տարածաշրջանում գտնվող Հովքի դամ­բարա­նա­դաշտի մասին: Նա ներկայացրեց դրանց ուսումնասիրվածության աստիճանը, կարևորությունը, հուշարձանների առանձնահատկությունները, արդի խնդիրները, հայտ­նաբերված հնագիտական նյութի կարևորությունը, գիտության մեջ առաջադրվող խնդիրները, ուսումնասիրության անհրաժեշտությունը, օգտագործման հեռանկարները:

Քն­նարկ­վեցին մարզում կատարվելիք հնագիտական աշխա­տանք­ներին, պրակտիկայի շրջանակներում մասնաճյուղի ուսա­նողներին դրանց մաս­նա­կից դարձ­նելու հնարավորություններին, մարզում զբոսաշրջութ­յունը զար­գաց­նելու գործում հուշարձանների ընդգրկման հնարավորություններին և դրանց կարևորությանը վերաբերող հարցեր: Իր կողմից մշակված՝ հնագիտական հուշարձան-զբոսաշրջության այցելավայր  համակարգի քննարկումն ու դրա կարևորությունը թերևս զեկուցման ամենաշեշտադրված հատվածներն էին:

Վերջում Իրենա Քալանթարյանը և քննարկման մասնակիցներն անդրա­դարձան մարզում հնագիտական ժառանգության նկատմամբ ժամանակակից սերնդի հետաքրքրվածությանը, վարքագծի՝ առավել հաճախ հանդիպող դրսևորումներին և նմանատիպ այլ հարցերի:

«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում տրվեց հոգեբանական կենտրոնի մեկնարկը

DSCN8330

 2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  հոգեբանական կենտրոն բացվելու կապակցությամբ տեղի ունեցավ «Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» թեմայով սեմինար-թրեյնինգ, որը վարեց ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Աշխեն Մկոյանը, ով «Հարմոնիա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր ղեկավարն է, ունի պրակտիկ հոգեբանի և թրեյնինգներ վարելու յոթ տարվա փորձառություն, անցկացրել է թրեյնինգներ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում:

Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:

Թրեյնինգի ընթացքում ներկայացվեց, թե ինչ է էմոցիոնալ ինտելեկտը, ինչպես է այն ազդում մարդկանց կյանքի, ուսման և աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես զարգացնել EQ-ն, ինչու են հույզերը հաճախ խոչընդոտում նպատակին հասնելու ճանապարհին:

Սեմինարի մասնակիցներին բացատրվեցին էմոցիաներն արդյունավետ օգտագործելու 4 կարևոր հմտությունները.

  1. Հստակ ընկալել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:
  2. Օգտագործել էմոցիաները խնդիրները լուծելու համար:
  3. Հասկանալ էմոցիաների պատճառները:
  4. Կառավարել սեփական և այլ մարդկանց էմոցիաները:

Թրեյնինգն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ուղեկցվելով հոգեբանական խաղ-վարժությունով:

Մասնակիցները նաև իմացան սեփական էմոցիաները ճանաչելու և կառավարելու մի շարք հնարքներ:

«Էմոցիոնալ ինտելեկտ (EQ)» սեմինար-թրեյնինգով ԵՊՀ ԻՄ-ում ազդարարվեց նորաբաց հոգեբանական կենտրոնի գործունեության մեկնարկը:

 

«Այսօրվա առաջնորդները հանդիպում են վաղվա առաջնորդների հետ» թեմայով սեմինարների բացմանը նվիրված միջոցառման հրավեր

                      25299038_574510916214642_1912389806213504800_n      530136_275639055849524_1149683769_n

 Սիրելի՛ համալսարանականներ, 2019թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում կկայանա «Այսօրվա առաջնորդները հանդիպում են վաղվա առաջնորդների հետ» թեմայով սեմինարների բացմանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել են ԵՊՀ ԻՄի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը:

Սիրով հրավիրում ենք:

 

Կայացավ բաց դաս «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսում

60347227_2299110787018896_2691106128330227712_n

 2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության առաջին կուրսում կայացավ բաց դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շուշանիկ Գրիգորյանը:

Ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար տ.գ.թ., դոցենտ Գայանե Ավետիսյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության  ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը, դասախոս Սվետա Սաֆարյանը, ուսանողներ, դիմորդներ:

«Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները անգլերենով ներկայացրին Տավուշի մարզի տեսարժան վայրերը (Մորո Ձորո եկեղեցին, Վարդան Մամիկոնյանի ծառը, «Լաստիվեր ռեզորթ» հյուրանոցային համալիրը, Իջևանի գինու և կոնյակի գործարանը, դենդրոպարկը և այլն):

Դասի ընթացքում հնչեցին “Rag’n’Bone Man-Human”, “People Help” երգերը:

Ուսանողները նաև իրենց պատրաստած  վիդեոհոլովակի միջոցով ներկայացրին Իջևան քաղաքի պատմությունը, Իջևանի թանգարանը, «Գետահովիտ ռեզորթ»-ը:

Շուշանիկ Գրիգորյանը, նշելով, որ չէին կարող չանդրադառնալ մեծն Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին, հանդես եկավ նրա գրական վաստակի արժևորման խոսքով, ապա ուսանողներն անգլերենով ներկայացրին «Հայոց վիշտը» բանաստեղծությունը:

Այնուհետև դասի մասնակիցները միմյանց շնորհավորեցին Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ ընդգծելով ԵՊՀ-ի անգնահատելի դերն ու ավանդը ՀՀ կրթագիտական և մշակութային կյանքում:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը գոհունակություն ու շնորհակալություն հայտնեց կազմակերպված բաց դասի համար՝ ընդգծելով, որ ողջունելի է նաև դիմորդների ներկայությունը նմանատիպ միջոցառումներին: