Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընտրվեց Ուսանողական խորհրդի նոր նախագահ

#ARstudio 2019թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Նախքան ընտրությունը մասնակիցներին և թեկնածուներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ նրանց մաղթելով հաջող ընտրություն:

Ձայնի իրավունքով ընտրությանը մասնակցում էին Ուսանողական խորհրդի նախագահության 17 անդամները:

11 հոգուց բաղկացած ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տնօրենության անդամներ՝ գիտական քարտուղար Մ.Աթոյանը, տնօրենի օգնական Ա.Եգանյանը, ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը, Ուսանողական խորհրդի 6 անդամներ (առկա և հեռակա ուսուցման համակարգերից) և Ուսանողական գիտական ընկերության 2 ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահն էր Մ.Աթոյանը, քարտուղարն էր Լ.Ներսիսյանը:

Առաջադրվել էին 2 թեկնածու՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նինա Հարությունյանը և «Տնտեսագիտություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Արեն Ավետիսյանը:

Ձայների պարզ մեծամասնությամբ Արեն Ավետիսյանն ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ:

Սիրով շնորհավորում ենք ՈՒԽ-ի նորընտիր նախագահին, մաղթում նրան թարմ ու հետաքրքիր մտահղացումներով լի, բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Վարսիկ Ներկարարյանի հետ

10. Վարսիկ Ներկարարյան

 2019թ. մայիսի 2-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2012թ. շրջանավարտ, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի գրասենյակի և ծրագրերի ղեկավար, «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնի անգլերեն լեզվի խմբակների համակարգող Վարսիկ Վարդգեսի Ներկարարյանի հետ:

– Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1991թ. հունիսի 26-ին Իջևանում:

– Պատմեքխնդրում եմՁեր ընտանիքի մասին:

– Մեծ եղբայրս փաստաբան է, 2017 թվականին Իջևանում հիմնել է «Ներկարարյան իրավաբանական գրասենյակ»-ը և այդ ժամանակվանից մատուցում է փաստաբանական ծառայություններ: Փոքր եղբայրս զբաղվում է ձեռնարկատիրությամբ:

Ծնողներիս գործն ամենաբարդն ու ծանրն  է. նրանք օգնում են մեզ՝ երեքիս:

 Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ուզում էի դառնալ թարգմանիչ կամ ուսուցիչ: Երկուսն էլ իրականություն է դարձել: Երբեմն նաև երազում էի աշխատել ինչ-որ մեծ ու հետաքրքիր կազմակերպությունում, այնպիսի աշխատանք էի ուզում, որ ոչ թե պարզապես աշխատեի, այլ ապրեի այդ աշխատանքով: Այս հարցում էլ կարողացա երազանքս իրականություն դարձնել: Միակ երազանքս, որ դեռևս իրականություն չէ՝ վարդերի ջերմոցում աշխատելն է:

 Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Ֆորմալ կրթությունս ստացել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. սովորել եմ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ: Ունեմ բակալավրի աստիճան: Ֆորմալ կրթությանս զուգահեռ՝ մասնակցել եմ տարբեր կարճաժամկետ ու երկարաժամկետ վերապատրաստումների Հայաստանում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում և Գերմանիայում:

 Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Եթե կարճ, ապա կարող եմ ասել, որ ԵՊՀ ԻՄ-ում ես սովորել եմ սովորել: ԵՊՀ ԻՄ-ում ես ոչ միայն գիտելիք եմ ստացել, այլև ձեռք եմ բերել աշխատանքային փորձ:

 Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– 2012 թվականին, երբ դեռ ուսանող էի, աշխատում էի «Հայաստանի Ամերիկյան Խորհուրդներ» կազմակերպության «Ուսանող դեսպան» ծրագրում՝ որպես Տավուշի մարզի ուսանող դեսպան: Միևնույն ժամանակ Խաղաղության կորպուսի կամավոր Թամարա Ինգլանդի հետ ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպում և իրականացնում էինք անգլերեն լեզվի խմբակներ: Հիշում եմ՝ գրեթե միշտ 7-ին էի տուն գնում համալսարանից:  Հոգնեցնող էր իհարկե, բայց ամեն օրս իմաստալից էր, ամեն օր մի նոր բան էի սովորում: Այս աշխատանքիս զուգահեռ՝ «ՍՕՍ – մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևանի մասնաճյուղում կամավոր սկզբունքով իրականացնում էի անգլերենի ուսուցում:

2014 թ.-ից մինչև հիմա դասավանդում եմ «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնում (այն ժամանակ կոչվում էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի Դիլիջանի երիտասարդական կենտրոն):

Որպես թարգմանիչ աշխատել եմ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ−ի կողմից դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային պատվիրակության հետ:

Որպես հետազոտող աշխատել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագրում:

2013 թվականին «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար» ծրագրում որպես թրեյներ աշխատել եմ Բուդապեշտում (Հունգարիա):

Նույն թվականին Բուդապեշտից վերադառնալուց անմիջապես հետո սկսեցի աշխատել «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղում՝ սկզբում որպես գրասենյակի և ծրագրերի համակարգող, այժմ արդեն որպես ծրագրերի և գրասենյակի ղեկավար: Հիմա իրականացնում ենք «Իջևան ինֆոտուն» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրերը:

 Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Այս պահին երկու գիրք եկավ միտքս՝ Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը» և Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:

 Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», որն, անկեղծ ասած, այնքան էլ չհավանեցի:

 Ի՞նչ երաժշտություն եք նախընտրումև ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Բլուզ, ջազ և այսպես կոչված կլասիկ ռոք: Սիրած երգեր շատ ունեմ այս ոճերի մեջ՝ Frank Sinatra – “Killing me softly”, “Fly me to the moon”, Lenoard Cohen – “Dance me to the end of love”, “Leaving the table”,  Chris Rea – “And you my love”, “The way you look tonight”, “Blue café”, “Thinking of you”: Սրանք այն ստեղծագործություններն են, որոնք միշտ լսում եմ՝ անկախ տրամադրությունից:

 Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

 Ֆիլմերի սիրահար չեմ, բայց գրեթե ամեն շաբաթ հավաքվում ենք՝ ինչ-որ ֆիլմ դիտելու: Ընկերներս են հիմնականում առաջարկում ինչ նայել: Ֆիլմ նայելն ինձ համար ավելի շատ ընկերներիս հանդիպելու, նրանց հետ զրուցելու առիթ է:

 Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Այո՛, սիրում եմ բադմինթոն, վոլեյբոլ և թենիս: Վերջինիս հնարավորությունը, ցավոք, Իջևանում չունենք: 

 Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում սիրում եմ Իջևանը, մասնավորապես՝ Քանդակների այգին:  Դիլիջանը, որն իմ երկրորդ բնակավայրն է կարծես դարձել, նույնպես սիրելի ու հարազատ է ինձ: Երևանում սիրում եմ Աբովյան փողոցը:

Արտերկրում ամենաշատը սիրում եմ Ստրասբուրգը՝ մասնավորապես գետափնյա ճեմուղիները: Մյուս քաղաքը, որ հավանել եմ, Բեռլինն է, որը ես անվանում  եմ մարդակենտրոն քաղաք: 

 Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Չորս կարևոր հատկանիշ կարող եմ նշել՝ բարեկրթություն, ինտելեկտ, պարկեշտություն և համեստություն: Այս հատկանիշներն ինձ համար նաև նախապայման են հարաբերություններ կառուցելու համար:

 Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոսորով առաջնորդվում եք:

– Կյանքիս տարբեր փուլերում ունեցել եմ կարգախոսներ, բայց հիմա կա՛մ չունեմ, կա՛մ դրանք այնքան են դարձել ինձ հարազատ ու գուցե նաև դարձել կենսակերպ, որ չեմ նկատում, որ ունեմ:

 Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեք ձեռք չեմ տա սարդի, բայց դե կյանք է:

 Ինչի՞ց եք վախենում:

– Վախեր իհարկե ունեմ, բայց աշխատում եմ դրանց մասին նույնիսկ չմտածել:

 Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, քանի որ վստահ եմ, որ տվյալ պահին ես արել եմ ամեն ինչ իմ ուժերի ներածին չափով, եթե նույնիսկ ինչ-որ բան ձախողել եմ: Հավատում եմ տվյալ պահին իմ կայացրած որոշման ճիշտ լինելուն:

 Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելը, արագ որոշում չկայացնելը և իրավիճակը տարբեր կողմերից դիտարկելը:

 Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ես համարում եմ, որ ունեմ ձեռքբերումներ և գիտակցում ու գնահատում եմ դրանք, օրինակ՝ ուսումս, աշխատանքս կամ ընտանիքս, ընտանեկան ջերմությունն ու սերը, որ մեր ընտանիքում բոլորս ենք ստեղծում, սակայն ամենամեծ ձեռքբերումս դեռ առջևում է: Չնայած, մյուս կողմից, հակված եմ մտածելու, որ չկա ամենամեծ ձեռքբերում, կան ձեռքբերումներ, որոնք ունենալով՝ դու դառնում ես այն, ինչ կաս:

 Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Չեմ կարծում, որ հնարավոր է ունենալ այնպիսի բանաձև, որ բոլոր իրավիճակներում աշխատի, քանի որ մտածում եմ, որ կյանքում ոչ մի դեպք նույնը չի լինում: Ամեն իրավիճակի ու նպատակի համար պետք է ստեղծել նոր բանաձև:

 Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Սովորաբար խորհուրդներ չեմ սիրում ստանալ և ոչ էլ տալ: Սիրում եմ կարծիքներ լսել և ինքս իմ եզրահանգումն անել: Խնդրում եմ մեծամտություն չհամարել:

 Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամըոր Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Քանի որ ասացի, որ չեմ սիրում խորհուրդներ տալ, ես կասեմ այն, ինչն ինձ օգնել է հաջողության հասնելու հարցում: Երբեք չեմ մտածել, որ հավես չունեմ կամ հոգնած եմ: Սկզբում երբեք չեմ մտածել, թե ինչքան աշխատավարձ եմ ստանալու, այլ մտածել եմ, թե դա ինձ ինչ նոր հմտություն, կարողություն, գիտելիք ու փորձ կտա: Շատ ժամանակ աշխատել եմ որպես կամավոր, նույնը, եթե ժամանակ եմ գտնում, անում եմ հիմա: Դա ինձ հնարավորություն է տալիս նոր բան փորձել, նոր բան սովորել:

Եթե համալսարանում ինչ-որ բան պակասել է ինձ, մտածել եմ, թե որտեղից կարող եմ այն ձեռք բերել: Օրինակ՝ անգլերեն լեզվի կրող, երբ ես սովորում էի, չկար համալսարանում: Ես ճանաչում էի Խաղաղության կորպուսի կամավորներին և առաջարկեցի, որ համալսարանին էլ կամավոր կցվի: Դիմեցի դեկանին, վերջինս էլ խոսեց տնօրենության հետ, ըստ այդմ՝ ոչ միայն այդ տարի ունեցանք, այլև հաջորդիվ. արդեն չորրորդ կամավորն է գալիս ԵՊՀ ԻՄ: Մասնաճյուղում ստեղծվել է նաև Անգլերենի ռեսուրս կենտրոն, որտեղ այժմ անգլերենի դասեր են կազմակերպվում, և բազմաթիվ նյութեր ու գրականություն կա:

Եվ, ամենավերջինը, ես երբեք չեմ լսել այն մարդկանց, ովքեր ինձ ասել են, որ այս կամ այն բանն անել չեմ կարող, եթե հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում անել և ինչպես, փորձել եմ ու հիմա էլ փորձում եմ ինձ շրջապատել դրական մարդկանցով:

– Շատ շնորհակալ ենք ինքնատիպ հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

 Hasmik-Vanyan_Samveli

 

Կայացավ վոլեյբոլի մարզային առաջնությունը

DSCN7438

 2019թ. ապրիլի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վոլեյբոլի մարզային առաջնություն, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Առաջնությանը մասնակցեցին տղաների 6 և աղջիկների 2 հավաքական թիմեր:

ԵՊՀ ԻՄ-ի աղջիկների թիմը մրցեց Խաշթառակի դպրոցի աղջիկների հավաքական թիմի հետ: Միավորներով առաջատար դարձավ Խաշթառակի դպրոցի աղջիկների թիմը, որը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից պարգևատրվեց պատվոգրով:

Առավել լարված էր տղաների պայքարը: ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների, Սարիգյուղի, Գանձաքարի, Ծաղկավանի, ԱԻՆ Տավուշի ՄՓՎ-ի, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների թիմերի համառ պայքարն ընթացավ օլիմպիական կարգով: Պարտվող թիմը դուրս էր մնում հետագա պայքարից:

Կիսաեզրափակիչ դուրս եկան ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների, Սարիգյուղի և ԱԻՆ Տավուշի ՄՓՎ-ի թիմերը՝ ցուցադրելով բավականին գեղեցիկ, դիտարժան խաղ: Հաղթեց Սարիգյուղի հավաքական թիմը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ԱԻՆ Տավուշի ՄՓՎ-ի և ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հավաքական թիմերը:

Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Ավարտվեցին այս տարվա մասնագիտական կողմնորոշման զրույցները, առջևում դիմորդների փաստաթղթերի ընդունումն է

Վերջին այցեր (11)

 2019թ. ապրիլի 19-29-ին տեղի ունեցան 2018-2019 ուստարվա համար նախատեսված մասնագիտական կողմնորոշման վերջին զրույցները:

 Դրանք կայացան Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների մի շարք դպրոցների (Նոյեմբերյանի և Բերդի ավագ, Կողբի թիվ 1, թիվ 2, Բերդավանի, Բաղանիսի, Կոթիի, Ջուջևանի, Ոսկեվանի, Նորաշենի, Վ.Կ.Աղբյուրի, Այգեձորի, Չինարիի, Արծվաբերդի միջնակարգ) 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ, ինչպես նաև Բերդի պետական քոլեջի ուսանողների հետ:

Զրույցները վարեցին Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, պ.գ.թ, ասիստենտ Լիաննա Բեգինյանը, նույն բաժնի տեսուչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը և բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Արա Ազատյանը:

Մասնագիտական կողմնորոշման զրույցների ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները ներկայացրին բուհի մասնագիտությունները և դրանց ընձեռած հնարավորությունները, բաժանեցին բուկլետներ և տեղեկատվական թերթիկներ, պատասխանեցին աշակերտների հարցերին:

Նույն ժամանակահատվածում մասնագիտական կողմնորոշման նպատակով պատմության բաց դաս իրականացվեց Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Դավիթ Թինոյանը:

Մայիսի 6-ից մեկնարկում է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը, որը կտևի մինչև հունիսի 1-ը ներառյալ: Մանրամասները տե՛ս այստեղ :

Ծաղիկների վերամշակման աշխատանքներին մասնակցեցին նաև մեր ուսանողները

received_2252270198356769

 2019թ. ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված ծաղիկների վերամշակման աշխատանքներ, որոնց մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի  համայնքային զարգացման կամավորական խմբի անդամները:

2010 թվականից ի վեր՝ իրականացվում է ծաղիկների վերամշակման, դրանց «երկրորդ կյանք» տալու գործընթացը, որի ժամանակ բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները:

Ծաղիկների ցողուններից պատրաստվում է պարարտանյութ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղիկների չորացված թերթիկներն օգտագործվում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:

Այդ թուղթն օգտագործվում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից` հուշագրերի, շնորհակալագրերի և հրավիրատոմսերի համար: