Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում

1. գլխավոր 2019թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները:

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Պատմություն» մասնագիտության բարձր կուրսերի ուսանողներ:

Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ վերհանել պատմաբանի դերն ու նշանակությունը, ընդգծել տվյալ մասնագիտության կարևորությունը:

«Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Պատմաբանի օրվա առթիվ հանդես եկան զեկուցումներով:

Թամարա Ջանվելյանը ներկայացրեց «Հայոց այբուբենի ստեղծումը» թեմայով զեկուցում՝ խոսելով գրերի ստեղծման հանգամանքների և Հայաստանում տվյալ շրջանում տիրող իրավիճակի մասին:

Մեդորա Ասիլյանը հանդես եկավ «Հայաստանի առաջին հանրապետություն» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով վերջինիս ստեղծմանը, կառուցվածքին և բացառիկ նշանակությանը:

Իննա Մարտիոսյանը ներկայացրեց Արցախյան պատերազմի մասին՝ խոսելով ռազմական գործողությունների և պատերազմում սփյուքահայերի մասնակցության վերաբերյալ:

Վերջում ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը՝ ողջունելով ուսանողների նախաձեռնությունը, ուսումնական գործընթացում կարևորելով նման միջոցառումները և շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին:

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա գրքերի շնորհանդես

Գրքերի նկար

 Սիրով տեղեկացնում ենք, որ 2019թ. դեկտեմբերի  20-ին՝ ժամը 13-00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի ընթերցասրահում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից հրատարակված «Լևոն Շանթ. Մարդը և գործիչը», Վարդգես Ահարոնյանի «Անդրանիկ. Մարդը և ռազմիկը», «Յովհաննէս Թումանեան. Մարդը և բանաստեղծը» գրքերի շնորհանդեսը:

 Մուտքն ազատ է:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա ուսանողական ռեկտորատ

1 - копия

 Հարգելի՛ համալսարանականներ, 2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա ուսանողական ռեկտորատ:

Մեկ օրով ուսանողները կփոխարինեն տնօրենին, դեկաններին, դասախոսներին, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատակիցներին:

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի է ունեցել պիլոտային ռեկտորատ, որի նպատակն էր ուսանողներին նախապատրաստել պաշտոնական ռեկտորատին: Պիլոտային ռեկտորատի ժամանակ համալսարանի աշխատակիցներն իրենց փորձը փոխանցել են մասնակից ուսանողներին:

Այժմ ուսանողները, իրենց ստացած փորձը կիրառելով, մեկ օր կղեկավարեն մասնաճյուղը, կհասկանան, թե ինչպիսին է համալսարանի կառուցվածքը, ղեկավարման և դասավանդման գործընթացը:

«Ի՞նչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար». համալսարանականներին իրազեկում են ԱԻՆ աշխատակիցները

IMG_20191202_102952 2019թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության ԲՊԲ գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանի,  ՃԿԿ ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի և առաջին օգնության ավագ հրահանգիչ Մարինե Սարիբեկյանի հանդիպումը բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողների և վարչական անձնակազմի մի քանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցին ընդառաջ մասնաճյուղի ուսանողներին և աշխատակիցներին ներկայացնել երկրաշարժի (դրա ուժգնության, տևողության, ծանր հետևանքների, մարդկային ու նյութական կորուստների) վերաբերյալ մանրամասներ և հատկապես երկրաշարժից պաշտպանվելու կանոններն ու արդյունավետ միջոցները:

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հանդիպման ընթացքում անդրադարձան երկրաշարժի հիմնական և առավելագույն երկարությանը, ցնցումների միջև ընթացքի տևողությանը, այդ ժամանակ իրականացվող գործողություններին:

Համալսարանականներին ներկայացվեցին երկրաշարժից պաշտպանվելու, տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հիմնական կանոնները: Գործնականորեն ցուցադրվեցին բաց և փակ կոտրվածքների, գիտակցության կորստի դեպքում առաջին բուժօգնության քայլերը:

Հանդիպումը եզրափակվեց երկրաշարժի վերաբերյալ ֆիլմի դիտումով։

ԱԻՆ աշխատակիցներից հանդիպման մասնակիցներն իմացան, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո՝ նյութական, մարդկային և բարոյահոգեբանական կորուստները նվազագույնի հասցնելու համար:

«Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով բանավեճում հաղթեց «Օմեգա» թիմը

1 2019թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացավ բանավեճի առաջնության 1/4 եզրափակչի երկրորդ խաղը, որին մասնակցում էին «ԻՄ ՈՒԽ» և «Օմեգա թիմերը»:

Խաղի դատավորներն էին Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը և ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր):

Բանավեճը «Կյանքին վտանգ սպառնացող սպորտաձևերը պետք է արգելվեն» թեմայով էր:

Կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «ԻՄ ՈՒԽ» թիմը, դեմ դիրքորոշմամբ՝ «Օմեգա» թիմը:

Դեմ դիրքորոշմամբ թիմը ներկայացրեց տարբեր պնդումներ, օրինակներ, փաստեր, որոնց առանցքում այն գաղափարն էր, որ նման սպորտաձևերի արգելումը դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին:

Դրան հակառակ, վկայակոչելով, որ կյանքը բարձրագույն արժեք է՝ կողմ թիմը նշեց, որ այդ կերպ կտրուկ կնվազեն սպորտի ընթացքում մահացության դեպքերը:

Համառ պայքարից հետո 52-54 հաշվով հաղթեց «Օմեգա» թիմը:

Շնորհավորում ենք հաղթող թիմին՝ մաղթելով նոր հաջողություններ: