Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթին մասնակցելու հրավեր

irex

Գլոբալ զարգացման ու կրթության կազմակերպությունը (ԱՅՌԵՔՍ) Կարնեգի կորպորացիայից ստացած դրամաշնորհով և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների կազմակերպչական մասնակցությամբ իրականացնում է Համալսարանների կառավարման աջակցության ծրագիր:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել է վեցշաբաթյա կրթաթոշակների մրցույթ, որին Հայաստանից կարող են դիմել ԵՊՀ (Իջևանի մասնաճյուղ) առաջատար մասնագետները:

Առցանց դիմելու վերջնաժամկետը մարտի 3-ն է:

Համալսարանների կառավարման աջակցության ծրագրի վերաբերյալ մանրամասները տե՛ս այստեղ:

Հարցերի կամ կողմնորոշիչ հանդիպման կարիքի դեպքում կարող եք գրել ՀՌԿԿ-Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանին (director@crrc.am):

Մասնաճյուղում կայացավ Տավուշի մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը

DSC_4487

2020թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Տավուշի մարզում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հատուկ նախագծերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի մենեջեր Պատվական Հախինյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, այլ պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՏՏԿ տնօրեն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը՝ նշելով, որ այս տարի առաջին շրջանավարտների համար կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների ու ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով, ինչպես նաև Տավուշում շուտով կտրվի նոր՝ «Համակարգչային ճարտարագիտություն» ծրագրի մեկնարկը։

Այնուհետև Վեբ, Ջավա և iOS ծրագրավորման խմբերի շրջանավարտները ներկայացրին իրենց նախագծերը։ Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվեց այդ փուլը։

Շրջանավարտներին իրենց կատարումներով շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Մանե Մատինյանը և M dance studio-ն (գեղարվեստական ղեկավար՝ Մերի Չիբուխչյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորեց մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտներին և հիմնադրման 15-ամյակի առթիվ ԳՏՏԿ-ին՝ նշելով․ «Ծրագրավորումն ամենամտավոր և ինտելեկտուալ մասնագիտություններից և աշխարհի ամենաբարեկեցիկ աշխատանքներից մեկն է։ Սիրելի՛ շրջանավարտներ, մենք մեծ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու։ Ուզում եմ, որ սիրեք ձեր մասնագիտությունը, կայանաք ձեր մասնագիտության մեջ և համարձակություն ունենաք ոչ միայն աշխատելու, այլև ստեղծելու ձեր ձեռնարկությունները։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Իջևանը և Տավուշը դառնան տեխնոլոգիական հանգրվաններ»։

ԵՊՀ ԻՄ-ի տօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ողջունելով ծրագիրը, նշեց, որ համալսարանը պատրաստ է տրամադրել համապատասխան ռեսուրսներ, բարելավել անհրաժեշտ պայմանները՝ ծրագրին լավ ընթացք ապահովելու նպատակով:

Միջոցառման երկրորդ փուլում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ։

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից շնորհակալագրեր ստացան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշում ԳՏՏԿ դասախոսները։

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը մասնաճյուղի անունից շնորհակալագիր հանձնեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանին՝ մասնաճյուղի գործունեությանը մեծապես աջակցելու համար։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս Ամալյա Եղոյանին հանձնեց շնորհակալագիր՝ ԳՏՏԿ-ի կողմից մարզում տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։

Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու շնորհիվ:

Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 120 դիմորդ: Ընտրված 70 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30 ուսանող:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել են ԵՊՀ ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնների մրցույթների անցկացման օրերը

hogabardzumneri nist

2020թ. հունվարի 31-ին օրակարգային 6 հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել են ԵՊՀ ռեկտորի, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնների մրցույթների անցկացման օրերը:

Նիստի սկզբում Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն առաջարկեց օրակարգում ներառել Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը՝ պատճառաբանելով, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ անցնելիս կանոնադրությունը և կանոնակարգը չեն համաձայնեցվել: Առաջարկն ընդունվեց ՀԽ անդամների կողմից, որից հետո հաստատվեց նիստի օրակարգը:

Առաջին հարցի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի հաստատմանն անցնելով՝ Գևորգ Մուրադյանը հիշեցրեց, որ դեռևս նախորդ նիստին ձևավորվել էր հանձնախումբ, որն ուսումնասիրել է կանոնակարգը և ներկայացրել եզրակացություն: Բացի դրանից՝ ՀԽ նախագահի փոխանցմամբ, հարցը քննարկվել է նաև իրավաբանների հետ:

Նրա տեղեկացմամբ, կանոնակարգում կան դրույթներ, որոնք փոփոխելու առաջարկություններ են ներկայացվել, սակայն դրանք հաստատված են կանոնադրությամբ, որն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի և հաստատվում է  կառավարության կողմից. «Ըստ այդմ՝ բովանդակային մեծ փոփոխություններ չեն արվել»:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ Գևորգ Մուրադյանն ասաց, որ կանոնակարգի 2.2 կետում հանվել են թերթերի անունները՝ փոխարենը նշելով, որ առնվազն հինգ լրատվամիջոցներով պետք է հրապարակվի հայտարարությունը: Նա փաստեց, որ պահպանվել է 40 օր առաջ հրապարակելու դրույթը, բայց այն տրամաբանությամբ, որ դա նվազագույն ժամկետն է:

«Ավելացվել է այն կետը, որ Հայաստանում գործող գիտակրթական հիմնարկների մեծամասնությանն ուղարկվելու է հայտարարությունը: Հանվել է աշխատանքային գրքույկից քաղվածքի ներկայացումը, ինքնակենսագրության մեջ ավելացվել է ռեզյումեն: Հանվել է նաև վերջին աշխատանքային վայրից բնութագրի ներկայացման պահանջը, ինչն առնվազն պատշաճ չէ»,- ասաց Գևորգ Մուրադյանը:

Առաջարկվում է նաև փոփոխել կանոնակարգի 2.5 կետը, որի համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումը պետք է ավարտվի մրցույթի անցկացումից ոչ թե 10, այլ 15 օր առաջ: Բացի դրանից՝ առաջարկվում է հանել 3.2 կետով սահմանվող այն դրույթը, թե ԵՊՀ ռեկտոր կարող է առաջադրվել առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ ունեցող մարդը, քանի որ կանոնադրության մեջ նման պահանջ չկա: ՀԽ անդամներին ներկայացված առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատվեցին խորհրդի կողմից:

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին՝ Գևորգ Մուրադյանն առաջարկեց ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օր հաստատել մարտի 27-ը, որպեսզի նախքան հայտարարություն հրապարակելը լուծվեն տեխնիկական բոլոր հարցերը:

ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն առաջարկեց մեկ շաբաթ շուտ անցկացնել մրցույթը՝ հիմնավորելով, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվում են ՀԽ-ի լիազորությունները, իսկ մարտի 27-ին անցկացնելու դեպքում հնարավոր է, որ թեկնածուները շատ լինեն, և գործընթացը երկարի: ՀԽ-ի անդամները որոշեցին մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Իջևանի մասնաճյուղի  կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն: Գևորգ Մուրադյանն ասաց, որ առաջարկվում է կանոնադրության 30-րդ կետում ավելացնել 3 տարվա ղեկավարման փորձ ունենալու պահանջը, ինչը քննարկման ժամանակ որոշվեց չընդունել:

Ըստ այդմ՝ օրակարգային հաջորդ հարցի շրջանակում որոշվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության կանոնակարգը համապատասխանեցնել կանոնադրությանը:

Նիստի ընթացքում քննարկվեց Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը. որոշվեց այն անցկացնել մարտի 16-ին:

Անցնելով օրակարգային վերջին հարցին՝ Գևորգ Մուրադյանն անդրադարձավ 2019 թ. աուդիտի պայմանների հաստատմանը և նշեց, որ տեխնիկական վրիպակ կա, որը պետք է հանել: Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց փոփոխության առաջարկությունը և քննարկեց առաջիկայում աուդիտի արդյունավետ անցկացման կազմակերպումը: