Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համազգայինի Արսլանյան ճեմարանի գրքերը՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում

1. գլխավոր 2020թ. փետրվարի 11-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Մ․ և Հ․ Արսլանյան ճեմարանը գրքի տոնին ընդառաջ, որ նշվում է ամեն տարի փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մի շարք գրքեր նվիրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին:

Նվիրաբերված գրքերն արևմտահայերեն են, տպագրված են արտերկրում և ուսումնասիրության հարուստ նյութ են պարունակում ուսանողների համար:

Գրքերը ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին hանձնեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը և ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

Ռուզան Առաքելյանի խոսքով՝ այս միջոցառումը կդառնա ավանդույթ, և սփյուռքի իրենց գործընկերների աջակցությամբ Հայաստանի տարբեր գրադարաններ կհամալրվեն այնպիսի գրքերով, որոնք հանգամանքների բերումով տպագրվել են միայն արտերկրում:

«Հավատանք, որ Համազգայինի նմանօրինակ քայլը օրինակ կծառայի մյուս կազմակերպություններին՝ այն համոզմամբ, որ ժամանակն է արդեն մտածենք նաև հոգևոր ներգաղթի մասին»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը նվիրաբերված գրքերի համար շնորհակալություն հայտնեց  Համազգային հայ կրթական և մշակութային միությանը՝ իր խոսքում ընդգծելով, որ մեր լինելիության երաշխիքը նաև մեր հոգևոր հարստությունն է, որը պարտավոր ենք պահել մեր հոգածության ներքո:

Վերսկսվում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը

Վիվա-սթարթ հայտ. նկար

Հարգելի՛ ուսանողներ, Վիվա-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «ՎիվաՍթարթ» ուսուցողական ծրագրին, որի մեկնարկը կտրվի 2020թ. մարտի 17-ին և կավարտվի նույն թ. հունիսի 17-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ՝ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագրի սկզբում անցկացվելու է երկօրյա դասընթաց, իսկ այնուհետև կազմակերպվելու է առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա՝ Երևանում և ՀՀ մարզերում գործող Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրին կարող են դիմել միայն բուհի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները: Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. բարձր առաջադիմություն և օտար լեզուների իմացություն,
  2. հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

 

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Ըստ վերոհիշյալ պահանջների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 6-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության և էնտուզիազմի համար:

Ազդագիրը տե՛ս այստեղ:

ՎիվաՄՏՍ

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Տնտ. նիստի նկ.

2020թ. փետրվարի 15-ին՝ ժամը 14:15-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների քննարկում (զեկուցող՝ Գ.Ավետիսյան):
  2. «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերի պատասխանատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  3. «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների  առաջին կուրսերի   ուսումնական խորհրդատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  4. Ուսանողների և դասախոսների շրջանում անցկացված սոցհարցումների տվյալների քննարկում և ամփոփում (զեկուցողներ՝ Մ.Միքայելյան, Գ.Հովհաննիսյան):
  5. Ընթացիկ հարցեր:

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

HGF gitxorhurd

2020թ. փետրվարի 14-ին՝ ժամը 15:30-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2019-2020 ուստարվա առաջին քննաշրջանի արդյունքների ամփոփում (զեկուցող՝ Կ.Պողոսյան):
  2. Ուսումնական խորհրդատուների հաշվետվություններ (զեկուցողներ՝ Ա.Ազատյան, Լ.Թումանյան, Վ.Մելիքսեթյան, Շ.Գրիգորյան):
  3. Ընթացիկ հարցեր:

ԱՄԷ այցելած ՀՀ 14 լավագույն ուսանողների թվում էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանող Գերասիմ Ալավերդյանը

3․ Խալիֆա համալսարան2

   2020թ. փետրվարի 3-6-ը կայացավ բարձր տեխնոլոգիաների և հարակից այլ մասնագիտությունների գծով ՀՀ 14 լավագույն ուսանողների այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

2019թ. դեկտեմբերին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատունը կազմակերպել էր ԱՄԷ Ազգային օրվա՝ Էմիրությունների միավորման 48-ամյակի կապակցությամբ մեծ ընդունելություն, որի ժամանակ տեղի էր ունեցել ՀՀ լավագույն ուսանողների պարգևատրման արարողությունը: Պարգևատրվել էին ՀՀ պետական բուհերի 14 ուսանողներ, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը: Որպես մրցանակ նախատեսված էր եռօրյա այցելություն ԱՄԷ (http://ijevan.ysu.am/25-12-2019-2/):

Այցելության շրջանակներում ուսանողները օթևանեցին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում, այցելեցին ԱՄԷ լավագույն համալսարաններից մեկը՝ Գիտության և տեխնոլոգիայի Խալիֆա համալսարան (“Khalifa University of Science and Technology”), Շեյխ Զայեդի մզկիթ, մասնակցեցին «Իսլամի դրամները» ցուցահանդեսին, ծանոթացան քաղաքի այլ տեսարժան վայրերին:

Եղան նաև Մասդար քաղաքում, որտեղ այցելեցին Մուհամեդ բին Զայեդի անվան արհեստական բանականության համալսարան (“Mohamed bin Zayed University of Artificial Intelligence”) և “Eedama” գիտահետազոտական կենտրոն:

Ուսանողներին ներկայացվեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ԱՄԷ առաջավոր փորձը, տարբեր խնդիրների ուղղությամբ նորարարական լուծումները (օրինակ՝ ավիատիեզերական, առողջապահական հետազոտություններ, առանց վարորդի մեքենաներ, օդափոխության աշտարակ, ճարտարապետական գոհարներ):

Վերջում տեղի ունեցավ հանդիպում ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյան հետ: