Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստը

1. գլխավոր

   2020թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ գիտական խորհրդի նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Քննարկվեցին գիտական խորհիդի՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատմանը, 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող մասնաճյուղի ուսանողների ցուցակի հաստատմանը, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականին, դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2018-2019 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքներին, «Ռուսաց լեզու և գրականություն», «Հոգեբանություն» կրթական ծրագրերի հաստատմանը, ԵՊՀ  ԻՄ-ի երկու աշխատակիցների դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելուն, դեկանների և ամբիոնների վարիչների ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակին, «Տավուշ» հետազոտական կենտրոնի կանոնադրության հաստատմանը վերաբերող և և մի քանի ընթացիկ հարցեր:

Նիստում որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը և 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, «Ռուսաց լեզու և գրականություն» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր ամիսների կատարողականի մասին տնօրենի
պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումը որոշվեց ընդունել ի գիտություն:

Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2018-2019 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին ԵՊՀ ԻՄ-ի Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Ց. Դավթյանի հաղորդումը որոշվեց ընդունել ի գիտություն:

Որոշվեց երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Սիմոն Հովհաննեսի Իսկաջյանին և ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Զավենի Հասանյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար, միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրանց շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

Դեկանների և ամբիոնների վարիչների ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակի մասին տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի հաղորդումը որոշվեց ընդունել ի գիտություն:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի կանոնադրությունը:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահության կանոնադրության մեջ փոփոխություններին, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի կանոնադրության հաստատմանը, Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի կանոնադրության հաստատմանը, ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների (հաստատված ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2017թ. դեկտեմբերի 26-ի թիվ 28 նիստում) 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերում փոփոխություններ կատարելուն:

ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահության կանոնադրության մեջ որոշվեց կատարել փոփոխություններ:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի կանոնադրությունը, ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2017թ. դեկտեմբերի 26-ի թիվ 28 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կանոնադրությունը:

Որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժնի կանոնադրությունը, ուժը կորցրած ճանաչել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2019թ. փետրվարի 23-ի թիվ 36 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ-ի տնտեսական մասի կանոնադրությունը:

Որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2017թ. դեկտեմբերի 26-ի թիվ 28 նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնների մեջ՝ 34, 35 և 36-րդ կետերում, կատարել հետևյալ փոփոխությունները.

Ա) Կանոնների 34-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «Մասնաճյուղում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շաբաթվա 5 օրերի ընթացքում, իսկ կախված աշխատանքային անհրաժեշտությունից՝ որոշ ստորաբաժանումների և առանձին աշխատակիցների համար տնօրենի թույլտվությամբ կարող է փոփոխվել աշխատանքային շաբաթվա տևողությունը՝ պահպանելով շաբաթական ծանրաբեռնվածությունը»:

Բ) Կանոնների 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական համակազմի (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) աշխատողնրի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ 32 ժամ ընդհանուր տևողությամբ: ԵՊՀ ԻՄ-ի մյուս աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ 36 ժամ ընդհանուր տևողությամբ»:

Գ) Կանոնների 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «ԵՊՀ ԻՄ-ում աշխատաժամանակը սահմանվում է 9:00-ից 19:00-ի սահմաններում: Ընդմիջումը սահմանվում է 13:00-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում: Աշխատանքի բնույթից ելնելով՝ յուրաքանչյուր ստորաբաժանում կարող է փոփոխել ընդմիջման ժամը: Աշխատանքային անհրաժեշտությունով պայմանավորված՝ որոշ ստորաբաժանումների և առանձին աշխատակիցների համար՝ տնօրենի թույլտվությամբ կարող են փոփոխվել աշխատանքային ժամերը 9:00-ից 19:00-ի սահմաններում՝ պահպանելով օրվա ծանրաբեռնվածությունը»:

Յուրաքանչյուր հարցից հետո տեղի էր ունենում ակտիվ քննարկում, որի ընթացքում գիտխորհրդի անդամները զեկուցողից ստանում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, արտահայտում իրենց տեսակետները, հանդես գալիս առաջարկներով, ապա քվեարկում սահմանված կարգով (բաց կամ փակ քվեարկությամբ):

Գիտխորհրդի նիստի մյուս լուսանկարները տե՛ս այստեղ:

 

Թո՛ղ հավերժ լինի երթդ, մայրենի՛

 

1

2020թ. փետրվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Ինչպես հայտնի է, որ 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:

Մայրենիի օրը նշելուց անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը. Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները ոչ միայն տարբեր ֆակուլտետներում հանդես եկան մայրենի լեզվի արժևորմամբ, վերհանեցին տոնի խորհուրդը, այլև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում անցկացրին մայրենի լեզվին նվիրված գեղեցիկ միջոցառում:

«ՀԼԳ» մասնագիտության առաջին, երրորդ կուրսի, ինչպես նաև «ՏՄՄ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ներկայացրին լեզվի տոնի նախապատմությունը, որից հետո հանդես եկան հայոց լեզվին նվիրված ներբող-բանաստեղծություններով, հայ և այլազգի մեծերի ասույթներով, ստեղծագործական էսսեներով և հեղինակային բանաստեղծություններով՝ հավաստելով, որ մայրենի լեզուն մեր «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստն է», «մեր ժառանգության մեծագույն գանձը»:

Ուշագրավ և ինքնատիպ էին հատկապես Գոհար Մխիթարյանի, Շուշան Հակոբյանի, Արփինե  Բեգինյանի, Տաթևիկ Այվազյանի, Վանուհի Հարությունյանի աշխատանքները: Որպես գեղեցիկ օրինակ ներկայացնենք Գոհար Մխիթարյանի էսսեն ամբողջությամբ:

Մասնակիցները գեղարվեստական արտահայտչականությամբ ներկայացրին, թե հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձությունների ինչպիսի երկար ճանապարհ է անցել նրա ինքնության վկայագիրը` հայոց լեզուն: Նրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը պահպանել է իր գոյությունը, անաղարտ պահել իր հավատը, չի ձուլվել, կուլ չի գնացել օտարին: Մեր քաղցրաբառ լեզուն մեր ժողովրդի համար դարձել է հույսի ու լույսի կանթեղ և մեզ «բյուր դարեր հայ է պահել»:

Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ այսօր առավել անհրաժեշտ է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել մեր մեծագույն հարստությանը` մայրենի լեզվին:

Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի:

Սիրե՛նք, սովորե՛նք, զարգացնե՛նք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած՝ այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք…

Մասնաճյուղում տեղի ունեցավ Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի պաշտոնական բացումը

   2020թ. փետրվարի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Տավուշի հոգևոր, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկան «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար, փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլլերը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Մարիամ Մարտիրոսյանը, ներկայացնելով կենտրոնի ստեղծման նպատակը, խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծեց, որ կենտրոնը Տավուշի մարզի, մասնավորապես Իջևան քաղաքի հարակից գյուղերի բնակիչների համար կկազմակերպի կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև դասընթացներ:1. գլխավոր

Լիա Միլլերը բացման խոսքում նշեց, որ կենտրոնում երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել սոցիալական և տեխնիկական հմտությունները, ծանոթանալ ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:

Հ.Չոբանյանը համոզմունք հայտնեց, որ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը մարզի երիտասարդների համար կդառնա սիրելի վայր և միջավայր: «Ամենակարևոր մասը այս ներդրման,- նշեց մարզպետը, – այն է, ինչ սկսվելու է վաղվանից»:

Ա.Մակարյանը մասնավորապես նշեց, որ կենտրոնի նկատմամբ արդեն կա մեծ հետաքրքրություն և՛ ուսանողների ու դասախոսների շրջանում, և՛ ընդհանրապես Իջևան համայնքում, բազմաթիվ մարդիկ աջակցության առաջարկներ են անում կենտրոնին. «Մենք շնորհակալ ենք ձեր նոր աշխատակիցներին, ովքեր անընդհատ կապի մեջ են մեզ հետ և խոստացել են, որ կհետևեն տարածաշրջանի կարիքներին, որ նորամուծությունները, նորարարությունները պայմանավորված լինեն համայնքի կարիքներով, իսկ համալսարանի ողջ ներուժը, պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է աջակցել կենտրոնին, իր ուժը ներդնել այդտեղ, որ ավելի հետաքրքիր ծրագրեր լինեն… Նորից շնորհավորում եմ բոլորիդ, շնորհակալություն եմ հայտնում, որ մենք ենք ենք ընտրվել որպես համալսարանի մասնաճյուղ ձեր կենտրոնն ունենալու համար: Մենք սպասում ենք ձեր գրադարանի զարգացմանը, ունենք ձեզ հետ պայմանավորվածություն, մենք արդեն հայտարարել ենք մեր ուսանողներին, որ իրենք շատ ժամանակակից գրքերի և մեթոդների ծանոթանալու են ձեր գրադարանում: Ես հույս ունեմ, որ կենտրոնը կդառնա մեր համալսարանի օրգանական մասը, որը շատ ակտիվ համագործակցում է մյուս բոլոր մասերի հետ: Շնորհակալություն, շնորհավորում եմ բոլորիս»:    

Իր ողջույնի խոսքում Բագրատ Սրբազանը նշեց. «Մեր բոլոր նվաճումները և հաղթանակները արձանագրվել են այն ժամանակ, երբ մենք կարողացել ենք ճիշտ գնահատել արտաքին շփումները և այդ ամենը ներմուծել և ներդնել մեր կյանքում՝ հարմարեցնելով մեր իրավիճակին և գնահատելով մեր իրավիճակը։ Եվ ես հավատում եմ, որ այս գրադարանի ներդնումը մեր կյանքում կդառնա կարևորագույն օջախներից մեկը, որպես արտաքին և ներքին աշխարհների համադաշնություն»։

Ողջույնի խոսքերին հետևեց կենտրոնի հանդիսավոր բացումը, և մասնակիցները տեղում ծանոթացան առկա ռեսուրսներին, իրականացվելիք ծրագրերին, դասընթացների հիմնական ուղղություններին:

Մասնավորապես ներկայացվեց, որ կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Այն ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Տավուշի մարզում  «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ամենամեծ բաղադրիչն է։ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և ունի ամերիկյան գրքերի և այլ նյութերի հարուստ հավաքածու։

Կենտրոնը տեղի համայնքի համար կկազմակերպի ուսումնական տարբեր ծրագրեր՝ միտված այնպիսի կարողությունների զարգացմանը, որոնք կարևոր են ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Դասընթացների հիմնական ուղղություննեը կներառեն անգլերենի ուսուցում, մեդիագրագիտություն, նախագծերի մշակում և իրականացում, առաջնորդական հմտություններ, հաղորդակցության հմտություններ և այլն։ Կիրականացվեն նաև կինոդիտումներ, գրական ակումբներ և տարբեր թեմաներով դասախոսություններ՝ հրավիրված մասնագետների ներգրավմամբ։ 

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Կենտրոնի բացման մյուս լուսանկարները տե՛ս այստեղ: