Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վիկտոր Դալլաքյանը շուրջ 200 միավոր գրականություն նվիրաբերեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին

1. գլխավոր 2021-2022  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին  ընդառաջ Վիկտոր Դալլաքյանի ընտանիքի կողմից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեց ֆիզիկային և մաթեմատիկային վերաբերող շուրջ 200 միավոր գրականություն:

Վիկտոր Լևոնի Դալլաքյանը ծնվել է  1949թ. նոյեմբերի 7-ին  ՌԴ Սախալինի շրջանի Պոռոնայսկ քաղաքում՝ զինվորականի ընտանիքում: Ծնողներն արմատներով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից են: Դպրոցն ավարտել է ծննդավայրում: 1967թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել է ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա» բաժինը և հետագայում իր թեկնածուականը պաշտպանել է Երևանում: Վիկտոր Դալլաքյանն իր ուսումնագիտական գործունեությունը ծավալել է Պոլիտեխնիկական և Բժշկական համալսարաններում, աշխատել Էներգետիկայի գիտահետազոտական և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտներում:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը խորին երախտագիտություն և մեծ գոհունակություն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Նրանք համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում կառաջացնեն հետաքրքրություն հայ և համաշխարհային գրականության, բնական գիտությունների առանձին գիտակարգերի շուրջ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում պարոն Դալլաքյանի ընտանիքի  և ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, գրքերի նվիրատվության նախաձեռնող Շուշան Նիազյանի հետ շարունակելու համագործակցությունը համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ

1. գլխավոր (1) 2021թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համալսարանական հավաքագրման թիմի անդամներ Անժելա Գալստյանի և Արևիկ Պռազյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին բուհի ավարտական կուրսերի ուսանողները:

Մասնաճյուղի ուսանողները ծանոթացան Առաջնորդության զարգացման ծրագրին և  դիմելու ընթացակարգին, մասնակցության առավելություններին, #STEM կրթաթոշակին և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի տված հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում ուսանողները բացառիկ  հնարավորություն ունեցան ծանոթանալու  ուսուցիչ-առաջնորդ, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ և նախկին աշխատակից Իննա Քոչարյանի և  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ կերտած նրա պատմությանը: Իննան սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ և դասախոսում էր հարազատ բուհում, երբ որոշեց միանալ ծրագրին՝ կրթական փոփոխությունների գործում իր ներդրումն ունենալու համար: Իննան հանդիպման ընթացքում նշեց, որ այդ երկու տարվա փորձառությունն առաջին հերթին իր համար էր կարևոր. այն որպես ինքնուրույն մարդ կայանալու, բազմաթիվ գաղափարակից մարդկանց հետ աշխատելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միաժամանակ  համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու և համայնքի ներուժը բացահայտելու անփոխարինելի հնարավորություն էր:

Հանիդպմանը ներկա էր նաև ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Վաչագան Ավագյանը, ով, կարևորելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը,  ուսանողներին խորհուրդ տվեց բաց չթողնել առիթն ու միանալ ծրագրին:

Հանդիպման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին, նաև առաջարկեցին նրանց ակտիվորեն մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համագործակցությամբ առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

Այն բոլոր ուսանողները, ովքեր ցանկանում են ծանոթանալ Առաջնորդության զարգացման ծրագրի մանրամասներին, հեռանկարային կարիերա սկսել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ, կարող են կապ հաստատել հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ (բջջ.` +374 41  53 01 28, կայք` www.teachforarmenia.org ):

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը միտված է կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացմանը: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին Հայաստանում և Արցախում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը նպաստելուն զուգահեռ ստանալ անձնային աճի բազում հնարավորություններ, այդ թվում՝ 

  • առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետների շարունակական աջակցություն,
  • գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություններ,
  • մանկավարժի որակավորման մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • ամսական ֆինանսական աջակցություն համայնքում բնակություն հաստատելու և կենցաղային կարիքները հոգալու համար,
  • «Կրթության հավասարության դեսպան» դառնալու հնարավորություն,
  • «Կայծ» ինկուբատորի ֆինանսավորմամբ ստարտափներ իրականացնելու հնարավորություն:

 

Ամանորյա տրամադրություն Հումանիտար գիտությունների ֆակուլտետում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ ևս մեկ ամանորյա միջոցառում:

Միջոցառման լեզուն անգլերենն էր, և այն կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Աննա Կարապետյանը:

Նոր տարվան և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառմանը ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին, թե ինչպես են նշվում այսօր ամանորյա տոնակատարություններն աշխարհի տարբեր ծագերում, ինչ նախապատմություն ունեն դրանք:

Իրականացվեց Ամանորի վերաբերյալ օտար լեզվով ֆիլմի դիտում-քննարկում:

Միջոցառման մասնակիցները հանդես եկան նաև Ամանորին նվիրված բանաստեղծություններով և երգերով, Գեղեցկի, Լավի, Բարու, խաղաղության, ստեղծագործ աշխատանքի մաղթանքներով:

Խաղալով «Գաղտնի Ձմեռ պապ» խաղը՝ նրանք նվերներ հանձնեցին իրար:

Վերջում ուսանողները առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին իրենց սիրելի դասախոս Ա.Կարապետյանին՝ ուսանելի, մոտիվացիոն ու ոգևորիչ միջոցառման կազմակերպման համար:

 

 

 

 

Կայացավ տնօրենության՝ 2021թ. վերջին նիստը

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 18-ին Ա.Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը:

Առաջին հարցի՝ հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի դասապրոցեսի կազմակերպման և առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ հեռակա ուսուցման բակալավրի՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի դասապրոցեսն իրականացվել է ըստ հաստատված ժամանակացույցի՝ ս.թ. նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 11-ը: Դասապրոցեսը հիմնականում իրակականացվել է առկա տարբերակով՝ բացառությամբ մի քանի դասերի: Հեռակա ուսուցման համակարգում նախորդ տարիներին դասերը հիմնականում իրականացվել են 2-րդ հերթափոխով, սակայն այս ուստարում դասապրոցեսն իրականացվել է առկա ուսուցման հետ համատեղ: Մասնաճյուղի լսարանային ֆոնդը բավարարել է այդպես կազմակերպելու համար: Հաշվի առնելով հեռակա ուսուցման ուսանողների բեռնվածությունը աշխատանքային առումով՝ կազմակերպվել են համապատասխան գրություններ՝ իրենց աշխատանքային վայրեր ներկայացնելու համար, որպեսզի աշխատավայրերից ունենան բացակայելու և դասերին ներկայանալու հնարավորություն: Որոշ կուրսերում ուսանողների հաճախումները բավարար չէին, ուստի բաժնի կողմից շուրջ 170 ուսանողի տրվել է նկատողություն, որից 124-ը տնօրենի կողմից ստացել է խիստ նկատողություն:

Երկրորդ հարցի՝ 2021-2022 ուստարվա բակալավրի առկա և մագիստրատուրայի հեռակա համակարգերում 1-ին կիսամյակի քննաշրջանի և 2-րդ ընթացիկ քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին Ա.Դավթյանը, Ա.Մարգարյանը և ֆակուլտետների դեկանները:

Մասնավորապես նշվեց, որ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ընթացքի մեջ են: Ըստ գործող ժամանակացույցի՝ դրանք սկսվել են ս.թ դեկտեմբերի 14-ից և կտևեն  մինչև 25-ը: Քննություններն ու ստուգումները իրականացվում են միայն առկա տարբերակով: Քննաշրջանին մասնակցելու թույլտվություն չունեն այն ուսանողները, որոնք 50%-ից պակաս են վճարել ուսման վարձը: Ըստ գործող ժամանակացույցի՝ ձմեռային քննաշրջանը տևելու է ս.թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2022թ. հունվարի 29-ը:

Ֆակուլտետների կողմից կազմվել են քննաշրջանի գրաֆիկներն ըստ կուրսերի և օրերի, դրանք ստուգվել են Ուսումնամեթոդական վարչության կողմից, կատարվել են շտկումներ, տեղադրվել են կայքում, իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Մասնաճյուղը պատրաստ է 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի իրականացմանը:

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի քննաշրջանն իրականացվելու է 2021թ. դեկտեմբերի 22-ից  2022թ. հունվարի 25-ը ժամանակահատվածում: Իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ իրականացնելու համար:

Երրորդ հարցի՝ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի տարեկան գործունեության հաշվետվության և 2022թ. պլանների վերաբերյալ զեկուցեց բաժնի վարիչ Տ.Խաչատրյանը: Նա նշեց, որ հաշվետու՝ 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՏՀՍԶ բաժինն աշխատել է խնդիրներին արագ արձագանքման ռեժիմով, օժանդակել է ուսումնական գործընթացին, ապահովել համակարգչային տեխնիկայի ծրագրային և տեխնիկական սպասարկումը, իրականացրել բաժնի գործառույթները:

Մասնավորապես՝ փոխարինվել են խափանված համակարգիչներ, տպիչ սարքեր, համակարգչային մկնիկներ, ստեղնաշարեր, ձևափոխիչներ, ցանցային մալուխներ, կոնեկտորներ: Որոշ համակարգիչների ծրագրային ապահովումը փոխարինվել է ավելի բարձրով, որոշ դեպքերում՝ խափանումների պատճառով: Հնարավորինս կատարվել են Microsoft-ի ակտիվացիաները: Հյուրանոցային համալիրում եղել է ինտերնետի խնդիր, սարքը փոխարինվել է:

Համակարգչային սրահների, տեսասարքով լսարանների, աշխատակազմի համակարգիչները և մյուս համակարգչային տեխնիկան հաշվետու ժամանակահատվածում եղել են հսկողության տակ, ծրագրային ու տեխնիկական տեսակետից նորմալ վիճակում, թարմացվել են ծրագրերը: Կիրառական արվեստի ֆակուլտետում հերթական անգամ վերատեղադրվել են մասնագիտական ծրագրերը: Առաջացած խափանումներն ուղղվել են: Ընթացքի մեջ է Ռոբոտրոնիկայի լաբորատորիայի համակարգիչների ծրագրային ապահովման իրականացումը:

Տեղադրվել, վերատեղադրվել, ըստ անհրաժեշտության՝ թարմացվել և հսկվել են ցանցային աշխատող Nod հակավիրուսային, Հաշվապահության, ԱԿԻԱ բաժնի, ուսումնական SuperVisiօn ծրագրերը: SuperVisiօn ծրագրի TrustedIP դաշտը մաքրվել է ավելորդ IP-ներից:

ԵՊՀ-ում գտնվող սերվերի կարգավորումներում փոփոխություններ են արվում, որոնք տեղադրվում են բոլոր համակարգիչների վրա:

Ինտերնետ կապը մշտապես եղել է հսկողության տակ, եղել են կարճատև ընդհատումներ, որոնք հնարավորինս արագ վերականգնվել են: Փաստացի, մենք սպառում ենք ինտերնետի պահանջված ամբողջ ծավալը, օրվա առաջին կեսին արագությունը թուլանում է, անհրաժեշտ է այդ ժամերին գոնե սահմանափակել ինտերնետի ոչ նպատակային սպառումը:

Ուսումնական տարվա սկզբում վերաբաշխվել են եղած Zoom-երը, շտկվել թերությունները, անունները, ստեղծվել են նորերը, պարբերաբար ստուգվել է դրանց աշխատունակությունը: Բաժինը տեխնիկապես օժանդակել է առցանց դասերի, դասընթացների, հանդիպումների կազմակերպմանը:

Իրականացվել է կայքի տեխնիկական սպասարկումը: Խնդիրներ ենք ունենում  մասնաճյուղի կայքի IP-ի արգելափակման հետ կապված, դիմել ենք ԵՊՀ:

Պատրաստ են և ուղարկված դասախոսների ԵՊՀ էլեկտրոնային հասցեները: Առաջին կուրսի ուսանողների ԵՊՀ էլեկտրոնային հասցեները դեռևս պատրաստ չեն:

Տպիչ սարքերի սպասարկման որակը բարձրացել է: Ձեռք են բերվել տպիչների սպառվող նյութեր՝ մասնավորապես համապատասխան տոներներ և արագ մաշվող մասեր: Բաժինների կողմից տպիչ սարքերի փոխարինման որոշ հայտեր են հետ ուղարկվել: Վաղ ձեռքբերված սարքերն աստիճանաբար խափանվում են և փոխարինման կարիք ունեն, ինչն ընթացքի մեջ է: Ընթացքում սարք է հատկացվել: Որոշ դեպքերում խնդիրներին տրվել են իրավիճակային լուծումներ, և աշխատանքը չի տուժել:

Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին են ներկայացվել անհրաժեշտ սարքավորումների ցուցակները՝ տեխնիկական բնութագրերով և հնարավոր  գներով՝ նյութական միջոցների հնարավորության սահմաններում հետևելու գնումների գործընթացին: Որոշ հայտեր մրցույթի արդյունքում մերժվել են՝ մասնավորապես գների արագ աճի հետևանքով:

2022թ. պլանների հետ կապված՝ Տ.Խաչատրյանը նշեց, որ բաժնի կողմից 2022թ.  նախատեսվել է իրականացնել հետևյալ գործընթացները.

  • ԵՊՀ ուսուցման կառավարման moodle համակարգին միանալու կազմակերպում,
  • կայքի արդիականացում՝ բաժնի մասով,
  • տեսավերահսկման ցանցի վերականգնում և ընդլայնում,
  • նոր տպիչ տեխնիկայի ձեռքբերում,
  • նոր համակարգիչների ձեռքբերում, վերաբաշխում,
  • առցանց եղանակով իրակա­նաց­վող դասընթաց­ների կանոնա­կարգում, հնարավորություն տրվելու դեպքում առցանց հանդիպումների կազմակերպմանը օժանդակում,
  • ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված գործողությունների իրականացում:

Տնօրենության կողմից ՏՀՍԶ բաժնին առաջարկվեց տարվա կտրվածքով վերհանել ոչ միայն իրենց բաժնի, այլև ամբողջ մասնաճյուղի տեխնիկական սպասարկմանն ու զարգացմանն առնչվող կարիքները և տվյալ տարեվերջին սահմանված ժամկետներում ներկայացնել պահանջագիր՝ հաջորդ տարվա գնումների պլանում ընդգրկելու նպատակով:

Նիստին ներկայացված զեկուցումներն ընդունվեցին ի գիտություն:

 

 

 

Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված միջոցառում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում տեղի ունեցավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:

Ամանորյա միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում անգլերենով ներկայացվեցին եվրոպական, ասիական և լատինաամերիկյան երկրներում Ամանորի և Սուրբ Ծննդի ավանդույթները, դրանց ծագումը, ամանորյա խորհրդանիշները:

Այնուհետև այդ երկրների ավանդույթների միջև անցկացվեց համեմատություն, ընդգծվեցին աղերսները և տարբերությունները:

Հնչեցին Ամանորին նվիրված հեքիաթներ, պատմվածքներ, բանաստեղծություններ և երգեր: 

Ուսանողները նաև պատրաստել էին ամանորյա ավանդական աղանդեր, և անցկացվեց մրցույթ, որի ընթացքում 2 խմբերը ներկայացրին և ընտրեցին լավագույն թխվածքը:

Միջոցառման վերջում ուսանողները խաղացին «Գաղտնի Սանտան» խաղը, որի ընթացքում իրար փոխանցեցին նվերներ: