Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնաճյուղում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էին ՀՀ կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության ուսանողները, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ուսանողների հետ անցկացվեցին քննարկումներ մի շարք արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք էին՝ ժամանակի և ֆինանսական կառավարումը, կառավարման ոլորտում ղեկավար անձնակազմի, առաջնորդի դերակատարությունը, ինչպես նաև օպտիմալ կառավարման սկզբունքները:

Պարոն Չալաբյանն առաջադրեց ամուր և հզոր պետականություն կառուցելու իր տեսլականը, որը ենթադրում էր մեծ աշխատասիրություն և յուրաքանչյուրիս՝ որպես ՀՀ քաղաքացու պատասխանատու վարքագիծը:

Ուսանողներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց գաղափարները, որոնք խրախուսվեցին պարոն Նուրբեկյանի կողմից: Քննարկման շրջանակներում «Ֆինանսներ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Հարությունյանի բիզնես գաղափարի իրականացման համար նախատեսվեց կազմակերպել հանդիպում հագուստի դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանի  հետ:

Հանդիպման ընթացքում ուսանողները խոսեցին նաև համաշխարհային և ֆինանսական գրականության վերաբերյալ իրենց նախասիրությունների, սիրելի գրքերի, մոտիվացիայի և կրթության առաջնահերթության մասին: Ուսանողների խնդրանքով ներկայացվեցին նաև ՀՀ կենտրոնական բանկում ուսումնական փորձաշրջան անցնելու հնարավորությունները և առավելությունները:

Համալսարանականները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար և առաջարկեցին նմանատիպ հանդիպումներ ունենալ ԿԲ այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ ևս:

 

Գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Ֆ.Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին

1. գլխավոր

2021թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ ԻՄում գործող Գիտելիքի նորարարական հաբում կայացավ ռուս խոշոր գրող Ֆ. Մ. Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտբ.գ.թ., Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մարատ Զուրաբյանը:

Միջոցառմանը ներկա էին ռուս գրականության սիրահարներ, ռուսերեն դասավանդող մասնագետներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Մ.Զուրաբյանը՝ ներկայացնելով, որ 2021 թվականին Ռուսաստանը և համաշխարհային մշակութային հանրությունը նշում են ռուս գրող, մտածող և փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու ծննդյան 200-ամյակը։ Նա նշեց, որ Դոստոևսկու նկատմամբ հետաքրքրությունը հավերժական է, քանի որ նա շատ խորը թափանցեց մարդկային հոգու գաղտնիքների մեջ և ուղղություն տվեց մարդու մեջ մարդկայինի որոնմանը։ Նրա ստեղծագործությունները ամենաշատ ընթերցվողն են: Անշուշտ, Դոստոևսկու ստեղծագործությունների էությունը հասկանալը փորձ է՝ ինքներս մեզ հասկանալու: Նա պատկանում է այն ռուս գրողներին, որոնց կենսագրությունը սերտորեն կապված է ստեղծագործության հետ։ Ահա թե ինչու նրան հաջողվեց այդքան խորը ներթափանցել մարդկային հոգու առեղծվածի մեջ:

Միջոցառման ընթացքում «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները (Վանուհի Ասիրյան, Ամալյա Ավագյան, Նարե Արզումանյան, Մարիամ Դարբինյան, Օվսաննա Եգանյան, Նազելի Եսայան, Էլյա Թամամյան, Մոնիկա Մարդանյան, Մարիամ Միրիջանյան, Ռուզաննա Մխիթարյան, Գայանե Սարդարյան, Լիդա Ցուցուլյան, Սոնա Քասինյան, Լիաննա Օրդինյան, Մարիամ Բապուջյան, Դիանա Գալստյան, Ռոմելա Թամրազյան, Նարինե Շահնազարյան, Էվելինա Սանթրոսյան, Արփինե Վանեսյան) ներկայացրին Ֆ.Դոստոևսկու «Խեղճ մարդիկ» ու «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունների հիման վրա ստեղծված թատերական կոմպոզիցիան, «Ոճիր և պատիժ» վեպի գլխավոր հերոս Ռոդիոն Ռասկոլնիկովի մենախոսությունը, ռուս գրականության դասականի հայերեն հրատարակությունները:

Գրական-երաժշտական ցերեկույթի վերջում պարոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին և ուսանողներին՝ մասնակցության ու տպավորիչ ելույթների համար, Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Ն.Մնացականյանին՝ միջոցառումը հաբում իրականացնելու համար:

 

Մասնաճյուղում իրականացվեց քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ դաս-քննարկում

1. գլխավոր 2021թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Վիկտոր Աբազյանը և նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սամվել Ուլիխանյանը:

Այցելության նպատակն էր ուսանողների հետ անցկացնել «Քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) ուժերի ստեղծման պատմությունը, ՔՊ մասին օրենքը, ՔՊ սկզբունքները, ձևերը, միջոցառումները» թեմայով դաս-քննարկում:

Դասի ընթացքում վարչության աշխատակիցներն ուսանողներին բացատրեցին, թե ինչ է քաղաքացիական պաշտպանությունը, այն բնութագրեցին որպես միջոցառումների համակարգ՝ ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում:

Անդրադարձ կատարվեց քաղաքացիական պաշտպանության երեք սկզբունքներին, որոնք են՝

  • քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում,
  • քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների,
  • քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Ապա ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), ՔՊ միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները:

Նշվեց, որ մասնաճյուղում քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպվում է ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի կողմից, որը ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում ու իրականացում և այլն (մանրամասները՝ ԵՊՀ ԻՄի քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրությունում

Ընդհանուր գծերով ներկայացվեց նաև բնական աղետների, դրանց կանխարգելման միջոցառումների և պաշտպանվելու եղանակների մասին:

Ուսանողները ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից ստացան թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հաջորդիվ նախատեսվում է կազմակերպել մեր ուսանողների այցը ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն՝ տեղում ծանոթանալու մասնավորապես Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքներին, գույք-սարքավորումներին և անվտանգության կանոններին:

 

ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվեցին վկայականներ

1. գլխավոր. IMG_7130 2021թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Նարա Ղազարյանը:

Ս.թ. նոյեմբերի 1-30-ը Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 75  ուսուցիչներ ԵՊՀ ԻՄ-ում մասնակցել էին 110 ժամ տևողությամբ վերապատրաստումների, որոնց ընթացքը և արդյունքները ներկայացվել էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստին  և ԿԶՆԱԿ-ի հետ առցանց հանդիպմանը:

Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց պարոն Մակարյանը, խոսեց ուսուցիչ-մանկավարժի՝ սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևոր առաքելության մասին, երախտագիտություն հայտնեց նրանց՝ որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող աշխատանքի համար: Անդրադառնալով իրականացված վերապատրաստման դասընթացներին՝ Ա.Մակարյանը նշեց, որ դրանք շատ կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, այլև փորձի փոխանակման և ուսուցչական համայնքի ձևավորման տեսանկյունից: Հավելեց, որ թեև մասնաճյուղի կողմից առաջին անգամ են իրականացվում նման վերապատրաստումներ, բայց շատ ուրախ է, որ դրանք ունեցել են հաջող ընթացք և գոհացնող արդյունքներ, իրենց՝ ուսուցիչների կողմից արտահայտված դրական կարծիքներ ու արձագանքներ:

Հանձնելով վկայականները՝ տնօրենը շնորհավորեց ուսուցիչներին վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց արդյունավետ համագործակցության  համար:

Ուսուցիչներն  իրենց  հերթին շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ արտահայտելով իրենց գոհունակությունը արհեստավարժ  պրոֆեսորադասախոսական կազմից, տրված հիմնարար գիտելիքներից:

 

 

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Ալեքսան Մարգարյանի հետ

IMG_7145 ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ տեսուչ Ալեքսան Մարգարյանը կարծում է«Կարող ես, նպաստի՛ր գործող մեխանիզմի անխափան աշխատանքին և կատարելագործմանը, հակառակ դեպքում`մի՛ միջամտիր»:

Պարո՛ն Մարգարյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

-1992թ. ընդունվել եմ աշխատանքի Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանում` որպես լաբորանտ, իսկ 1994 թ.-ից` ԵՊՀ ԻՄ-ում որպես դասախոս և մինչ օրս զբաղեցրել եմ վարչական տարբեր պաշտոններ, սակայն ամենաբարձրը համարում եմ դասախոսի պաշտոնը, քանի որ նրան է վերապահված ապագա մասնագետի գիտելիքների և կարողությունների ձևավորման կարևորագույն գործընթացը:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

-Անկեղծ ասած՝ չեմ հիշում գոնե մեկ դեպք, սակայն կարծում եմ աշխատանքային բոլոր խնդիրներն էլ հաղթահարելի են:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

-Կարծում եմ, երբ առաջին անգամ մուտք ես գործում լսարան` դասավանդողի կարգավիճակով, քանզի կրում ես մեծ պատասխանատվություն դասապրոցեսում իրականացրած յուրաքանչյուր գործընթացի համար:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որոնցից մեկի մասին կցանկանայի բարձրաձայնել. սովորաբար լուծարքային քննություններին ուսանողներին ներկայացվող պահանջները թեթևացվում են, և նմանատիպ դրվագներից մեկում տոմսի հարցերին թերի պատասխանելուց հետո ուսանողին հարցնում եմ.

-Լավ, տղա՛ ջան, կասե՞ս՝ ինչ նշանի լիցք ունի էլեկտրոնը` դրական, թե՞ բացասական:

Ուսանողը, որը սիրում էր փողոցային բարբառը, տալիս է ինձ համար ամենաանսպասելի պատասխան.

-Դե…, նայած էլեկտրոն:

-Պարո՛ն Մարգարյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ գիտամանկավարժական կամ վարչական աշխատանքը բավական հոգնեցուցիչ է: Առողջ ապրելակերպը ենթադրում է մտավոր գործունեությանը զուգահեռ հատկացնել ժամանակ նաև ֆիզիկական ակտիվության համար, ինչը ոչ միշտ է հաջողվում: Աշխատանքից հետո նախընտրում եմ լինել ընտանիքիս հետ` հնարավորության դեպքում բնությանը մոտ, լսել երաժշտություն` հիմնականում դասական  կամ գուսանական, նվագել հայկական փողային նվագարաններ, շփվել ընկերներիս հետ, այցելել բարեկամներիս կամ զբաղվել այգեգործությամբ:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ընտանիքս համարում եմ կյանքիս գլխավոր ձեռքբերումը: Դաստիարակվելով ուսուցչի ընտանիքում՝ ես և կինս մեծ կարևորություն ենք տալիս երեխաների կրթությանը. յուրաքանչյուրի մեջ բացահայտելով նախասիրություններն ու կարողությունները՝ ուղղորդում ենք մասնագիտության ընտրության հարցում: Մեծ որդիս ծրագրավորող է, գերազանցությամբ ավարտելով բակալավրիատը՝ ընդունվել է ԵՊՀ-ի մագիստրատուրա և այս պահին գտնվում է  զինվորական ծառայության մեջ: Աղջիկս սովորում է դպրոցի ավարտական դասարանում և ցանկանում է դառնալ թարգմանչուհի, իսկ փոքր որդիս իններորդ դասարանի աշակերտ է:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Կարծում եմ, եթե առկա են տրամաբանված մոտեցումը, համակողմանի վերլուծությունն ու հավասարակշիռ որոշումը, ապա ցանկացած դժվարության ի զորու ենք դիմակայելու:

-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Թո՛ղ բարձրաոճ չհնչի՝ ես պետք եմ ԵՊՀ ԻՄ-ին:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Թե կարող ես, նպաստի՛ր գործող մեխանիզմի անխափան աշխատանքին և կատարելագործմանը, հակառակ դեպքում`մի՛ միջամտիր:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի   անցնելու ԵՊՀ ԻՄ-ում:

-Տեղյակ լինել և ընդունել ԵՊՀ ԻՄ-ում առկա ավանդույթները, բարձր պահել համալսարանականի պատվաբեր կոչումը, առաջնորդվել մարդասիրական ու բարոյական արժեքներով և մշտապես ինքնակատարելագործվել: